«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ թե ձախողեց, այլ կարողացավ որոշակի շտկումներ մտցնել, առավել ևս` նա վարչապետ դարձավ, երբ երկրի միկրոկլիման շատ ծանր էր և դժգույն, եւ անընդհատ որոշակի աշխատանք կատարվեց, ու հնարավորություն ստեղծվեց, որ մենք կարողանանք պաշտպանել մեր բյուջեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հարցին` ինչու վարչապետը բերվեց հյուսիսից, Սահակյանը արձագանքեց` կարող է մի անգամ էլ հյուսիսից չառաջանա, հարավից առաջանա: Լրագրողները հետաքրքրվեցին` ՀՀԿ-ն կադրեր չունի՞, որ դրսից է բերում. «ՀՀԿ-ն շատ կադրեր ունի, բայց էն կուսակցությունն է, որ ոչ թե կուսակցական խաղերի մեջ է, այլ ցանկանում է այնպես անել, որ երկիրը բարեհաջող առաջ գնա»,- ասաց Գալուստ Սահակյանը:
«ՀՀԿ-ն այնպիսի գործիք չէ, որ մարդը ծնվի ու դառնա այդ կուսակցության անդամ: Կուսակցության համար կարեւորը նա է, որ կարողանա իր ազգի միջից կադրեր որոնել: Մի մտածեք, թե ՀՀԿ-ն կադր չուներ: Մտածվում էր, որ ինքը լինի, որովհետև կարծում ենք` ինքը նաեւ լավ տիրապետում է բիզնեսին, եւ ընդհանրապես, երկրի տնտեսությանը»,- հավելեց նա: Եթե երկրի վիճակը այդքան ծանր է, ինչպես պետք է դուրս բերվի այդ վիճակից. լրագրողների հարցին ԱԺ նախագահը պատասխանեց. «Մի մտածեք` էդքան ծանր է, ոնց պիտի դուրս բերի. ինքը ուղղակի լավ բիզնեսմեն է»:
Երկրի ծանր վիճակի մասին պնդումներին ԱԺ նախագահը պատասխանեց. «Մեր երկիրը երբեք լավ վիճակ չի ունեցել, 2000 թ.-ին ժողովրդի կեսին արդեն պարտք էր երկիրը: Եւ մի կերպ կարողացանք դրանից դուրս գալ: Երբեք ու երբեք նորանկախ Հայաստանը լավ վիճակ չի ունեցել: Եթե էսօրվա վիճակը համեմատենք 96թ.-ի, 2000-ի հետ, այսօրվա վիճակը շատ լավ է »,- նշեց Սահակյանը: