կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 17:14
Քաղաքական

Խաչիկյանն իրեն շատ լավ է զգում. Գալուստ Սահակյան

Խաչիկյանն իրեն շատ լավ է զգում. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ԱԺ-ում Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Վազգեն Խաչիկյանին պարբերաբար այցելում են:

 

«Այստեղ որեւէ սենսացիա չկա, մենք մշտապես ենք այցելում Խաչիկյանին: Թերթերի գրած ինֆորմացիան էլ այցելության մասին ես եմ ասել: Որեւէ ծրագրված հանդիպում չկա, պարզապես, որպես ընկեր, որպես թիմակից, հաճախակի հանդիպում ենք»,- հայտնեց Սահակյանը:

 

Վերջին անգամ Սահակյանը Խաչիկյանի մոտ եղել է մոտ 25 օր առաջ, 10 օր առաջ էլ մի քանի այլ ՀՀԿ-ականներ են այցելել: «Խաչիկյանը շատ առողջ է, շատ լավ է զգում իրեն, շատ տրամադրված է»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

 

Մեր դիտարկմանը, թե նեղացած չէ՞ ՀՀԿ-ականներից, Սահակյանն արձագանքեց. «Բայց մեզանից ինչի՞ պետք է նեղանա»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ Խաչիկյանին քավության նոխազ դարձրին: «Ինքը պետք է ընդամենը կարողանա ապացուցել, որ մեղավոր չէ, եթե մեղավոր է, պետք է պատժվի: Էդպես չենք խորացել, բայց ասում է, որ ինքն իրեն կարող է պաշտպանել: Համակարգում խնդիրներ են եղել, եւ ինքը ղեկավարն է եղել համակարգի, ինչ-որ չափի պետք է պատասխան տա, թե ինչ չափի՝ դա իր խնդիրն է»,- հայտարարեց Սահակյանը եւ ընդգծեց, որ Խաչիկյանը վճռական է տրամադրված, իրեն արդար է համարում:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց նաեւ, որ իշխող ուժը չի միջնորդելու, եթե մեղավոր է՝ պետք է պատասխան տա: Հարցին, թե, իր կարծիքով, Խաչիկյա՞նն է կերել բոլոր փողերը, Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, գուցե սուբյեկտիվ է վերաբերմունքս, որ նման գումարներ չեն եղել, Խաչիկյանն էլ անմեղ է, բայց եթե կատարել է` պետք է պատասխան տա»: