Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
-Երրորդ հանրապետության չորրորդ նախագահի ընտրության, հայ- թուրքական չեղարկված արձանագրությունների, իշխանության ներսում առկա խնդիրների եւ երկրում սպասվող փոփոխությունների մասին ենք այսօր զրուցելու:
«Օրակարգից դուրս» իմ հյուրը ՀՅԴ Բյուրոյի ներակայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:
– Բարեւ Ձեզ պարոն Մարգարյան ուրախ եմ Ձեզ կրկին այս տաղավարում տեսնել: Պարոն Մարգարյան վերջին երկու օրվա ընթացքում երկու կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ մեր հասարակական- քաղաքական կյանքում ` հայ-թուրքական արձանագրությունները չեղարկվեցին, այլեւս իրավական ուժ չունեն եւ առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ նախագահին ընտրեց երկրի խորհրդարանը: Ո՞ր հարցից սկսենք:
-Կարծում եմ, ամենակարեւորն այն է, որ Սահմադրությունն ամբողջականությամբ գործնական փուլ մտավ: Կարծում եմ, սա է կարեւորը, որի հետ են կապված մեր բոլոր հույսերը, որ Հայաստանը զարգացման մի նոր ուղի դուրս կգա, որ մենք կկարողանանք իսկապես մեր երկրում եղած հարցերը, խնդիրները թոթափել եւ առաջ գնալ: Բայց անվտանգության առումով արձանագրությունները չեղյալ հայտարարելն էլ կարեւոր էր: Հոգեբանական, բարոյական առումով, չորրորդ նախագահի ընտրությունը նույնպես կարևոր էր:
-Պարոն Մարգարյան, երեկվանից սոցիալական ցանցերում, Ձեր կուսակիցների շրջանում, տոնական տրամադրություն է, միմյանց շնորհավորում են: Դուք կարծում եք, որ արձանագրությունների չեղարկումը Դաշնակցությա՞ն հաղթանակն է:
– Այդ արձանագրությունները պատճառ են դարձել, որ մեր սրտից շատ արյուն գնա, շատ մտահոգվենք, ընդվզենք: Բայց համարում եմ, որ բոլորիս հաղթանակն է, մեր երկրի հաղթանակն է: Վերջիվերջո, բոլորս հասանք այն եզրակացության, որ պետք էր այդ արձանագրությունները չեղյալ հայտարարել: Չեմ ուզում ավելորդ համեստ լինել՝ մեկ անգամ եւս ապացուցվեց, որ Դաշնակցությունը ճիշտ էր մտածում, եւ ճիշտ խնդիր էր դրել սեղանին: Դրա համար այսօր ես շատ ուրախ եմ: Ուրախ եմ նաեւ այն բանի համար, որ այս շատ կարեւոր հարցին մենք կարողացանք այնպիսի ընթացք տալ, որ մեր երկիրը ցնցումների չենթարկվի: Կարողացանք այնպիսի ընթացք տալ, որ մեզ հասցրեց արդյունքի ու բոլորս միասին նվաճենք ինքնասրբագրման այս հանգրվանը:
-Այդուհանդերձ, եկեք մի բան հստակեցնենք: Արձանագրությունները, ամեն դեպքում, չեղարկվեցին, ոչ թե որովհետեւ հակասում էին ներազգային շահին, այլ չեղարկվեցին, որովհետեւ Թուրքիան պատրաստ չէր: Եվ պաշտոնական մեկնաբանությունն էլ այդպիսին էր: Երեկ անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երբ գնում էինք այս քայլին, գիտեինք` երկու ելք է լինելու՝ դրական եւ բացասական: Եվ ըստ մեր կանխատեսումների, երկուսի դեպքում էլ շահելու ենք: Եթե այս արձանագորթյունները կյանքի կոչվեին երկու ժողովուրդների համար էլ օգտակար կլիներ, եթե կյանքի չկոչվեին, միջազգային հանրությունը եւս մեկ անգամ կտեսներ, որ Թուրքիան պատրաստ չէ:
-Անտեղի վիճաբանությունը ոչ մեկիս պետք չէ: Այդ վիճաբանությունը ժամանակավրեպ է: Բայց որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, մեկ անգամ գնահատենք ու գնանք առաջ: Սահմանադրական դատարանը, որը ոչ Դաշնակցությունն է, ոչ էլ իշխանությունը, այլ մեր երկրի իրավական իշխանությունը, ամենահետաքրքիր որոշումը կայացրեց: Սահմանադրական դատարանի որոշումն ասում էր` այս արձանագրությունից ընդունելի են մեզ համար միայն երկու կետ. Սահմանի բացում, եւ դիվանագիտական հարաբերության հաստատում: Սա մի փաստ: Երկրորդ փաստը` ինքը՝ նախագահը, ասում է, որ եթե պետք է նորից ստորագրվի որևէ պայմանագիր, այն այլեւս տարբեր պայմաններով պետք է ստորագրվի: Ի՞նչ է դա նշանակում: Ճիշտ է, որ պայմանները փոխվել են, բայց հարցի էությունը չի փոխվել: Եթե ասում է, որ տարբեր ձեւով կստորագրվի, նշանակում է, մեր մեջ է ինչ-որ փոփոխություն տեղի ունեցել: Այլեւս նույն տեքստով, նույն ձեւով մենք արձանագրություն չենք կազմի:
-Նշանակում է, որ մենք տասը տարի առաջվա Հանրապետությունը չե՞նք:
-Այո, բայց մենք ինչ էինք ասում այն ժամանակ` ասում էինք, չպետք է զիջել այն իրավունքները, որ սերունդներին է պատկանում: Ես չեմ ուզում վիճել, բայց Սահմանադրական դատարանը մի եզրակացություն է կայացրել, որով մենք ամբողջությամբ բավարարված ենք, որովհետեւ մեր տեսակետներն ամբողջությամբ ճիշտ դուրս եկան Սահմանադրական դատարանի որոշումով: Այդ օրերի մեր կեցվածքը, արձանագրությունների ստորագրման պահը, նախագահի ելույթը, Դեր Զորում, հետո՝ Վիլսոնի գերեզմանի մոտ, տարբեր առիթներով ունեցած նրա այլ ելույթները, էլ չեմ ասում Ցեղսպանության 100-ամյակի հռչակագիրը, եկան ասելու, որ այդ արձանագրությունները գրվել են մեկ այլ մթնոլորտի մեջ, մեկ այլ տրամադրության մեջ` ի վնաս Հայաստանի եւ մեր սերուդների: Կրկնում եմ՝ այդ վեճը ժամանակավրեպ է եւ այդ վեճից մենք չենք շահելու, բայց ուզում եմ ասել, որ ճիշտ այս հարցերով է, որ Դաշնակցությունը հաջողության է հասել, որովհետեւ այն կռիվը, որ մենք տվեցինք , եւ այն արդյունքը, որ մենք ստացանք, ապացուցեց, որ կռիվների մեջ նաև կռվի ձեւն էր ճիշտ: Ամենակարեւորը` կռիվը չվերածվեց առճակատման, ինքասպանույթան, ներքին ցնցումների եւ մենք տվեցինք հնարավորություն ինքնասրբագրման: Այսօր սրբագրված ենք, եւ դրանով Հայաստանը հաջողել է: Դրանով մենք շահած ենք դուրս եկել, եւ սրան է, որ մենք այսօր ամենաբարձր գնահատականը պետք է տանք: Եթե այսօր իշխանություններն ուզում են ասել, որ այո, եթե տասը տարի առաջ հաստատվեր, մենք շահող կլինեինք, եթե չհաստատվեր դարձյալ շահող կլինեինք, բայց այսօր պատրաստ չենք նույն արձանագրությունները ստորագրելու, նշանակում է, որ մենք՝ բոլորս ենք շահել:
-Պարոն Մարգարյան, եկեք մի բան հասկանանք, հստակեցնենք, մեր հանրության համար էլ: Ըստ Դաշնակցության՝ Թուրքիայի հետ հարաբերություններ պետք է կարգավորել հանուն հայկական հարցի լուծմա՞ն, թե՞ միայն այն դեպքում, երբ հայկական հարցը լուծված կլինի:
-Առաջին օրվանից ասել ենք, մենք դեմ չենք սահմանների բացմանը, մենք դեմ չենք դիվանագիտական հարաբերություններին: Բայց դեմ ենք, որ բնականոն հարաբերություններ ունենալու համար մեր սերունդների իրավունքից որեւէ բան զիջենք: Եթե մենք այսօր չենք կարող Հայ դատի օրակարգը դարձնել օրվա հարց , ապա դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ օրակարգից: Սրանք տարբեր բաներ են: Եթե ես չեմ կարող այսօր մի խնդիր հետապնդել եւ արդյունավորել, դա չի նշանակում, որ պետք է հայտարարեմ դրանից հրաժարվելու մասին: Պետք է ասել, որ այսօր դա իմ օրակարգին մաս չի կազմում: Եվ դա ոչ միայն այդ հարցում: Նման շատ հարցեր կան: Մենք պետք է երկու հարցերի միջև տարբերությունը հասկանանք: Մենք չենք ասում, որ այն, ինչ հայ ժողովրդի իրավունքն է, ապագան է, հեռանկարն է, հենց այսօր, միաժամանակ, հենց այս վայրկյանին պետք է պահանջենք, եւ սկսենք ամբողջ շնչով կռիվ տալ: Ոչ մենք կանենք այն, ինչը հնարավոր է եւ մեզ կարելի է անել այսօր: Չենք հրաժարվի այն բոլոր իրավունքներց, որոնց տերը մեր հաջորդ սերուդներն են: Մենք մաքսիմալիստ չենք, որ ասենք հենց այս պահին պետք է բոլոր ճակատներում կռիվ տանք: Ոչ, դա մեզ ոչ ոք չի պարտավորեցնում, բայց նաեւ մեզ ոչ ոք չի կարող պարտավորեցնել, որ հաջորդ սերունդների իրավունքներից այսօր զիջենք:
-Ոչ ոք ոչինչ չի զիջել եւ հայկական կողմն այսօր ասում է, նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Ինչպիսի՞ն պետք է այն լինի, որ Դաշնակցության համար իդեալական լինի:
– Նոր փաստաթուղթը երկու կետ պետք է ունենա՝ Թուրքիան պարտավորվում է բացել այն սահմանները , որ փակել է եւ ստեղծվում է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական փոխհարաբերություն:
Այն, ինչ որ Թուրքիան այսօր անում է, պետք է ճիշտ հասկանանք: Թուրքիան սահմանները փակել է, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ խնդիր ունենք: Թուրքիան պատերազմական գործողության մեջ է մտել Հայաստանի դեմ: Շրջափակումը պատերազմական գործողություն է: Անպայման տանկերը չպետք է գան, փակեն: Այդ պատերազմը Ղարաբաղի պատերազմն է, որի մեջ Թուրքիան կողմ է հանդիսանում: Կողմ է հանդիսանում եւ իր հերթին շրջափակել է Հայաստանը: Նախ դա պետք է վերացնի Թուրքիան, նախ դրանից պետք է հրաժարվի: Այդ սահմանները ինքը պետք է բացի, որովհետեւ մենք չենք փակել, ինքն է փակել: Եվ դիվանագիտական հարաբերություններ պետք է ստեղծվեն: Մեր ուզածն այսքանն է: Մնացածը հետագայի հարց է:
-Պարոն Մարգարյան, եթե շատ անկեղծ լինենք, այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նրա՞նք պատրաստ չեն, թե՞ մենք:
-Ես կարծում եմ՝ իրենք պատրաստ չեն, որովհետեւ իրենց շահը Ադրբեջանին պաշտպանելն է:
-Մենք ամբողջությամբ պատրա՞ստ ենք:
-Մենք չենք գիտակցում, որ նրանք կռվի մեջ են մեզ հետ: Մեզ տկարացնողը` սա է: Մեզ տկարացնող հանգամանքն այն է, որ չենք գիտակցում, որ Թուրքիան Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ կռվի մեջ է, այնքանով, որքանով այսօրվա աշխարհը իրեն թույլ է տալիս: Եվ որովհետեւ այնքանով, որ աշխարհը իրեն թույլ է տալիս, դա շրջափակման ձեւով է արտահայտվում: Հավանաբար, ուրիշ ժամանակներ եթե լինեին, մենք լրիվ այլ իրավիճակի առաջ կկանգնեինք: Մենք սա պետք է գիտակցենք: Իսկ Թուրքիան սա գիտակցում է: Թուրքիան ոչ թե հայ ժողովրդի տրամադրությունների պատճառով է , որ այս կեցվածքն է ընդունել, այլ որովհետեւ Ղարաբաղի հարցով նա պաշտպանում է Ադրբեջանին:
-Հիմա ի վերջո ով է զսպելու, կոտրելու թուրքական ախորժակը, ժխտողականությունը:
-Մենք՝ մեր ամրությամբ, մեր ստեղծագործական մտքով, մեր աշխատանքով, երկիրն ավելի լավը դարձնելով, ժողովրդին իշխանության շուրջ համախմբելով: Աշխարհի գերուժերն էլ, եթե ուզենան այս տարածքում մի որոշակի իրավիճակ ստեղծել, պետք է այս տարածքի իրականությունը հաշվի առնեն: Այս իրականությունը պետք է լինի հայկական համախմբված իրականությունը: Այս իրականությունը պետք է լինի պետության շուրջ համախմբված ժողովուրդ, որն ապրում եւ ստեղծագործում է արդարության եւ ազատ մրցակցության պայմաններում: Մեր անվտանգության գլխավոր երաշխիքը սա է:
-Երբ ասում են , որ այս տասը տարիների գործընթացից շահեցինք այնքանով, որ միջազգային հանրությունը եւս մեկ անգամ տեսավ, համոզվեց, որ Թուրքիան է, որ պատրաստ չէ հարաբերությունների կարգավորմանը, Դուք համամի՞տ եք այդ գնահատականներին:
-Այո: Այնպես ստացվեց, որ այս տարին մենք շահեցինք: Բայց դա հարցի էության հետ կապ չունի: Գնդակը մնաց Թուրքիայի դաշտում: Դրա համար մենք շահեցինք, բայց դա չի նշանակում, որ արձանագրությունները ըստ էության լավն էին, ճիշտ էին: Այդ երկուսն իրարից տարբեր են: Ստեղծվեց մի վիճակ, որ այդ վիճակից մենք շահող դուրս եկանք, թեպետ վիճակը վտանգավոր էր: Եթե վտանգավոր չլիներ չեղյալ չէինք հայտարարի: Ես ուրախ եմ, որ չեղյալ ենք հայտարարել: Եւ ես ուրախ եմ նաեւ նախագահի համար, որ ինքն ունեցավ քաջություն այս գործն անելու: Եւ չգայթակղվեց ինչ-որ ժամանակավոր առավելությունների հույսով: Դա իրականություն է, եւ դա ես չեմ կարող ժխտել:
-Ես վստահ եմ, որ մեր զրույցից հետո, ավելի է կարծրանալու մարդկանց մոտ այն մտածողությունը, թե Դաշնակցությունը կտրականապես դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, որքան էլ Դուք բացատրեք, միեւնույն է այդ ընկալումը կա, պարոն Մարգարյան:
-Եթե իմ բացատրելուց հետո դեռ շարունակելու է մնալ ընկալումը, թող մնա, բայց մենք առնվազն այդ արձանագրությունների ստորագրման օրից սկսյալ մինչ օրս նույն բանն ենք կրկնել` որ մենք դեմ չենք սահմանների բացմանը, մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերություններին, սակայն հանուն դրա պատրաստ չենք որեւէ զիջում կատարել մեր ազգային իրավունքներից:
-Պարոն Մարգարյան երրորդ հանրապետության չորրորդ նախագահին ընտրեց այսօր Ազգային Ժողովը: Երեկվանից ոմանք այս օրը, այս իրադարձությունը պատմական են որակում: Նախ Ձեր գնահատականը:
-Ես էլ եմ ուրախ, ես էլ եմ շնորհավորում չորրորդ նախագահի ընտրության փաստը: Ասեմ, որ այս ամեն ինչի մեջ ես ուրախ եմ, որ նախագահը, գործող նախագահը, թեկնածու ներկայացրեց մեկ անձի, որը կարող է արժեւորել այդ աթոռը: Դա մի առավելություն է, որը պետք է վերագրել Սերժ Սարգսյանին, որովհետեւ, եթե մարդը չի վարանում ուժեղ մարդ բերելու, կարող մարդ բերելու, նշանակում է, ինքն է, որ քաջ է, ինքն է, որ իմաստուն է, ինքն է, որ ինքնավստահ է: Եվ դա մեր երկրի համար լավ սկիզբ կլինի, որ մենք հետագայում էլ ճիշտ մարդկանց բերենք նախագահի աստիճանին: Չբերենք, ներողություն արտահայտությանս համար, խրտվիլակների, չբերենք մարդկանց, որոնք լինեն հետեւորդ , այլ բերենք մարդկանց, որոնք ունենան անձնական նկարագիր, ունենան գիտելիք, ունենան նաեւ ապագայի նկատմամբ տեսլական եւ փորձեն իրենց ունեցածով այս երկրին օգտակար լինել: Հուսով եմ այն հույսերը, որ կապված են արդեն նախագահ Արմեն Սարգսյանի հետ, իրականանան, եւ նա հաջողի:
-Դուք պարբերաբար խոսում եք կառավարման նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերությունների մասին: Համակարգը փոխեցինք, մեկ տարուց ավել է Հանրապետականի հետ կոալիցիոն գործընկերներ եք, հասցրե՞լ եք այս ընթացքում կռվել, նեղանալ իրարից` ինչի մասին մամուլը պարբերաբար գրում է:
-Ճիշտն ասած, չգիտեմ, ճի՞շտ է մեր դեպքում գործածել այդ բառը` նեղանալ: Տարակարծություններ ենք ունեցել, վիճել ենք, տարբեր տեսակետներ ենք պաշտպանել, բայց դրանք կռվի, խռովության չեն վերածվել: Ասեմ, որ մենք գոհ ենք այս մեկ տարվա համագործակցությունից, բայց ամբողջությամբ բավարարված չենք: Նոր ենք ունեցել Բյուրո-ԳՄ համատեղ նիստ, որտեղ գնահատել ենք այս մեկ տարվա համագործակցությունը եւ այդտեղ ասել ենք, թե ինչից ենք գոհ, որ հարցերն ենք գնահատում եւ ինչից ենք դժգոհ:
– Այ դրան ուզում եմ անդրադառնալ:
-Վերջիվերջո մենք սոցիալիստական կուսակցություն ենք, մենք ընկերվարական կուսակցություն ենք, մեզ համար սոցիալական արդարությունը հիմնական օրակարգ է: Սոցիալական արդարությունը մեր հանրային օրակարգն է: Դա մեզ համար հիմնական հարց է: Կարծում եմ՝ նոր սահմանադրությամբ, իսկապես Հայաստանի տնտեսական կարգը փոխված է: Եթե նախկին սահմանադրության մեջ ասվում էր` շուկայական տնտեսական կարգ, ապա այսօր նշվում է՝ սոցիալական շուկայական կարգ: Ես նաև ուրախ եմ, որ նախագահը անցած շաբաթվա վերջին , մեկ առիթով, երբ հանդիպել էր տնտեսական պատասխանատուների հետ, խոսեց, ասելով, որ տնտեսական աճը բավարար չէ, պետք է լինի նաեւ որակական աճ, ներդրումային աճ, այսինքն՝ այդ աճը պետք է ազդի ժողովրդի լայն շերտերի վրա: Այդ աճը չպետք է լինի ինչ-որ էլիտայի, ինչ որ անձերի մակարդակով : Սա այն հարցն է, որ մենք արծարծում ենք: Սրանից բխող շատ ուրիշ բաներ կան, բայց հիմնականը սա է՝ սոցիալական արդարություն: Եվ մենք չենք մտել իշխանության մեջ, որ ծափահարենք իրենց, չենք գնացել, որ հետեւորդի դեր կատարենք: Գնացել ենք, որ մեր չափով ազդենք: Իսկ եթե մեր չափով պետք է ազդենք, ուրեմն նաև պետք է վիճենք, պետք է մեր տեսակետները բարձրաձայնենք, մեր տեսակետների համար գիտակցություն ձեւավորենք: Սա է մեր մասնակցության իմաստը: Սա մենք էլ գիտեինք, իրենք էլ, երբ համագործակցության հուշագիր էինք ստորագրում: Հուշագրի մեջ ասված է, որ այն բոլոր հարցերը, որոնց շուրջ մենք չենք համաձայնում, իրավունք ունենք հրապարակավ բարձրաձայնելու:
-Պարոն Մարգարյան, դրա մասին եմ ուզում խոսել. Փետրվարին Բյուրո-Գմ համատեղ նիստ եղավ, դուք հայտարարություն տարածեցիք, որում ասված է, որ բարեփոխումներ հանդեպ դեռեւս հանրային անվստահությունը հաղթահարված չէ, երկրի զարգացման տեմպերը Դաշնակցությանը չեն բավարարում: Պարբերաբար Դաշնակցության Բյուրոն վերլուծականներով է հանդես գալիս, ուսումնասիրություններ է անում: Տնտեսական վարվող քաղաքականությունից դժգոհում է, սրանից է դժգոհում, նրանից է դժգոհում: Երբ Դաշնակցությունը կամ որեւէ կուսակցություն մտնում է իշխանության մեջ, դառնում է կոալիցիայի անդամ, իր պատճառաբանությունը, արդարացումը, հիմնավորումը այն է, թե ա՛յ ես մտնում եմ՝ ներսից փոխելու: Հիմա նման հայտարարություններ անելու, իշխանության մեջ լինելու եւ իշխանությունից դժգոհելու իմաստը ո՞րն է: Դա ընդդիմության գործը չէ՞, պարոն Մարգարյան:
-Ձեր սխալ մոտեցումն է: Այդ քննադատությունը, որ մենք արել ենք, որ չափով որ Հանրապետականին է վերաբերվում, նույնքան նաեւ մեզ է վերաբերվում:
– Այսինք Դուք նաեւ Ձեզ եք քննադատո՞ւմ:
-Այո, մի՞թե վատ է դա: Հակառակը ` ինքնավստահ ուժի գործ է դա: Ես տեսնում եմ իմ թերությունները: Ես այսօրվա իմ տեմպերից գոհ չեմ: Այսօրվա իմ ազդեցության չափից գոհ չեմ:
– Հա, բայց դրա մեղավորը հո ժողովո՞ւրդը չի պարոն Մարգարյան:
-Ես ժողովրդին չեմ մեղադրում, ես ինձ եմ մեղադրում: Ես հենց կառավարությանն եմ մեղադրում, որի մեջ մաս եմ կազմում ես: Բայց ես դա պետք է ասեմ, ասելուց հետո էլ պիտի ասեմ, որ ես իմ բաժնով այդ ինքնաքննադատությունը կատարել եմ եւ առաջարկում եմ, որ գանք կոալիցիայում այդ ինքնաքննադատությունը կատարելու, որովհետեւ եթե այդ ինքնաքննադատությունը չես կատարում, եթե չես տեսնում քո թերի կողմերը, նաեւ չես մտածում դրանք սրբագրելու, փոխելու մասին: Ինքնաքննադատությունը շատ անհրաժեշտ է մեզ: Ո՞վ է ասում, թե միայն ընդդիմությունը պետք է քննադատի: Մենք իրավունք չունե՞նք մեզ քննադատելու: Ինչո՞ւ: Դա ինչ տեսակ մոտեցում է: Ամբողջ հարցն այն է, որ մենք չենք խոսել ինչ որ մի ուժի մասին, մենք խոսել ենք մեր գործունեության մասին: Այն կոալիցիայի մասին, որին մաս ենք կազմում: Բայց ի տարբերություն ոմանց, մենք սիրահարված չենք մեր կատարած գործին, մենք տեսնում ենք մեր թերությունները: Մենք ունենք որոշ ճաշակի տարբերություն, որոշ ուղղության տարբերություն: Ասացի, որ մեզ համար կարեւոր է, որ սոցիալական շուկայական-տնտեսական կարգ հաստատվի Հայաստանում եւ դա տարբեր է շուկայական-տնտեսական կարգից: Այն ինչ որ այսօր կա, որին մենք համաձայն չենք, ուրիշ տեսակետ ունենք, այդ տեսակետն արծարծում ենք, այդ տեսակետի համար աշխատում ենք, բայց դեռ արդյունք չենք ստացել:
-Հանրապետականը չի՞ նեղանում ձեր նման կեցվածքից:
-Ինչու պետք է նեղանա: Նորից եմ ասում, մենք ունենք պայմանավորվածություն, ստորագրել ենք երկուստեք: Այն բոլոր հարցերում, որ մենք չունենք կոնսենսուս, չունենք համաձայնություն, մենք իրավունք ունենք բարձրաձայնել հրապարակավ:
-Եվ ինչո՞ւ միասին չամփոփեցիք:
-Առաջարկեցինք միասին ամփոփել,
-Եվ նրանք մերժեցի՞ն:
-Դեռ չեն մերժել , բայց եւ չեն ընդառաջել:
-Այսինքն առաջիկայում սպասե՞լ երկու կողմերի ինքնաքննադատությանը:
-Ինքնագնահատմանը: Այսինքն դու պետք է անցած ուղիդ գնահատես, որպեսզի իմանաս որտեղ բացթողում ունես, որտեղ սխալ ունես, որտեղ հաջողություն ունես, պետք է ավելի խորացնես, որտեղ սխալ բան կա, պետք է սրբագրես: Կյանքն այդ ձեւով պետք է զարգանա եւ առաջ գնա:
-Պարոն Մարգարյան բոլորը գիտեն դրա մասին: Դուք գիտեք, որ դուք եք մեղավոր, ժողովուրդը գիտի, որ դուք եք մեղավոր, դուք ասելով, նկատի ունեմ կոալիցիոն երկու ընկերներին:
-Ժողովուրդը չգիտի, որ մենք գիտենք որ մենք ենք մեղավոր: Սա է կարեւորը:
-Փաստորեն նորմալ է: Լինել իշխանության մեջ եւ քննադատել իշխանությանը
-Այո: Քաղաքական ուժերը, երբ համագործակցում են, չի նշանակում, որ նույնանում են: Նշանակում է իրենց տարբեր տեսակետներով փորձում են ընդհանուր գործը առաջ տանել:
-Ես միեւնուն է դժվարանում եմ պատկերացնել թե ինչպիսին է իրականում Հանրապետականի դիրքորոշումը:
-Մենք միշտ ընդունակ ենք եղել դժվար գործ անել: Դրա համար Ձեզ անկարելի է թվում, իսկ մեզ՝ հնարավոր:
-Պարոն Մարգարյան մի կետ եմ առանձնացրել այդ հայտարարությունից որում ասվում է, որ պետք է ապահովել կառավարության, վարչապետի եւ նախարարների սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների եւ պարտականությունների տարանջատումն ու պատշաճ կարգավորումները: Սա վարչապետի եւ դաշնակցական նախարարների միջեւ առաջացած այս լարվածության դեմն առնելու միտված քայլի արձանագրո՞ւմ է:
-Անցած տարիներին, երբ տարբեր առիթներով կառավարության մեջ մենք մասնակցել ենք, այս խնդիրն ունեցել ենք: Հիշում եմ, գուցե դեռ մի տասնհինգ տարի առաջ մի հարցազրույցի մեջ ասել եմ, կարող ես ունենալ չորս նախարար, բայց իշխանություն չլինես: Ասել եմ, որ կառավարությունը պետք է լինի քաղաքական մարմին, չի կարող լինել չինովնիկների հավաքածու: Վերջապես կառավարությունը չի կարող որեւէ ընկերության տնօրինական խորհուրդ լինել: Կառավարությունը ներքաղաքական մարմին է եւ նրա մասնակիցները պետք է պատասխանատվություն կրեն եւ մասնակցություն ունենան երկրի բոլոր հարցերի կարգավորման խնդրում: Մենք դեռ չենք կարողացել այս կացությունը ստեղծել: Նաեւ այն կարծիքին ենք, որ ամեն մարդ պետք է ունենա հստակ իրավունքներ եւ պարտականությունների սահմաններ, որպեսզի իմանանք, ում ինչ համար ենք պատասխանատվության կանչում, որովհետեւ վաղը խորհրդարանը ունի հնարավորություն նախարարներին անվստահություն հայտնելու: Եթե նախարարները չունեն ինքնուրույնություն եւ չունեն լիազորություններ աշխատելու, ինչո՞ւ ենք նախարարին անվստահություն հայտնում: Պետք է անվստահություն հայտնել վարչապետին: Բայց դա ճիշտ չէ, այս երկրի համար բոլոր հարցերի պատասխանատու համարել մեկ անձի: Կառավարությունը քաղաքական մարմին է, հավաքական մարմին է, այնտեղ պետք է երկրին առնչվող բոլոր խնդիրները քննարկվեն: Ամեն մարդ պետք է ունենա իր լիազորությունների, իրավունքների, պարտավորությունների սահմանը:
-Հիմա ձեր նախարարների, վարչապետի լիազորությունների եւ պարտավորությունների մեջտեղի այդ գիծը հստակ գծվա՞ծ է: Գծված չէ, դրա՞ համար են պարբերաբար խնդիրներ առաջանում:
-Նախ ասեմ, որ խնդիրների առաջանալը շատ չափազանցված ձեւով են ներկայացնում: Ցավոք սրտի, մեր լրատվական դաշտը այնքան է ընկնում ինտրիգների հետեւից, որ սուտ բաներ է փնտրում, մեծացնում, որպեսզի դրանով զբաղվի: Այդպիսի հարցեր չկան: Ոչ մի լուրջ հարց գոյություն չունի: Բնականոն հարաբերություններ են, որոնց մեջ լինում են խնդիրներ: Խնդիրներ, որոնք գալիս են նկարագրերի տարբերությունից, բնույթների տարբերությունից, մարդկանց կենսագրությունից: Եթե մեկը եկել է բանակից, ինչպես բանակում է եղել, ուզում է կառավարությունում էլ այդպես լինի: Նա չի կարող հավաքական աշխատանք ղեկավարի կամ հավաքական աշխատանքի մաս կազմի, որովհետեւ ինքն ուրիշ բաների է սովոր: Այս բոլորը, բնականաբար ազդում են փոխհարաբերությունների վրա եւ սկսում են դժգոհություններ, նեղսրտություններ: Լուրջ բան եթե լիներ, այսքան ժամանակ արդեն կառավարության մեջ պետք է խնդիր լիներ: Նման խնդիր չի ստեղծվել եւ կարծում եմ, չի էլ ստեղծվի:
-Պարոն Մարգարյան, Իսկ Դաշնակցության ներսո՞ւմ ինչ է կատարվում: Պարբերաբար մամուլը գրում է, որ այս կամ այն հարցի շուրջ համաձայնության չեք գալիս, սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք ձեր կուսակիցների գրառումներին, որոնք բացահայտ դեմ են արտահայտվում կուսակցության որդեգրած քաղաքականությանը:
– Նախ՝ երկու մասի բաժանենք այդ հարցը: Առաջին, որ կուսակցության մեջ կան տարբեր կարծիքներ և իրենց կարծիքների համար կռվող, պայքարող մարդիկ: Ես դա բնական եմ համարում: Եթե դա չլիներ, ես դա անբնական կհամարեի: Երկորդ՝ այն ինչ վերաբերվում է սոցիալական ցանցերին: Ինչ-որ մարդիկ տպավորություն են թողնում, որ դաշնակցական են և գրում են: Ես, անձամբ, չեմ հավատում դրան: Չեմ հավատում, որովհետև դաշնակցական մարդը մեր պատկերացումով ուրիշ մարդ է: Դաշնակցական մարդը քաջ մարդն է, համարձակ մարդն է, շիտակ մարդն է, նա իր անունով կգրի, ուրիշի անվան հետևում չի թաքնվի: Դաշնակցական մարդը նաև գիտի, որ ներքին խոհանոցի հարցերը հրապարակավ չեն կարող արծարծվել: Դաշնակցության էությանը, բովանդակությանը, ավանդույթներին, ամեն ինչին դեմ են այդպիսի գրությունները: Դրանք դաշնակցական չեն: Ես վստահ եմ, որ դաշնակցական չեն: Եթե թյուրիմացաբար էլ մեր կազմակերպության մեջ են, ուշ թե շուտ, դաշնակցական այլևս չեն լինի, որովհետև չի կարող այդ տեսակը, անկախ այն բանից, թե ինչ է գրում, այն մեթոդով որ գրում է, այն ձևով, որ ինքը գրում է, չի կարող դաշնակցական համարվել:
-Ինչո՞ւ, իրավունք չունե՞ն նրանք իրենց կարծիքն արտահայտելու:
-Ունի, թող իր անունով գրի, ժողովների մեջ խնդիրը բարձրացնի: Մեր կուսակցության մեջ իսկապես ժողովրդավարություն կա: Մեր ժողովներում իսկապես քննարկում կա: Ով կասի՝ չկա, ապա մեծապես կմեղանչի իրականության դեմ: Եվ ինչո՞ւ են մեր ժողովներն այդքան երկար տևում, այդքան լուրջ ընթանում, որոշներն ասում են՝ փակ են ընթանում: Այսինքն՝ շոու չի լինում, իրական ժողով է լինում, որովհետև իրական քննարկում է լինում, որովհետև ժողովներում ազատություն կա: Վերջիվերջո ազատություններ կան մեր մամուլում գրելու, ուղղակի մարմիններին գրելու: Բայց հրապարակավ, այսպես ասած, անպատասխանատու, թաքնված, ուրիշի անվան տակ սուտ ու բամբասանք տարածող մարդը դաշնակցականի տեսակ չէ: Դա հակադաշնակցականի տեսակ է՝ ես ձեզ վստահեցնում եմ:
-Պարոն Մարգարյան, հաջորդ ամիսը ևս կարևոր է քաղաքական առումով: Խորհրդարանը ընտրելու է երկրի առաջին դեմքին՝ վարչապետին, և այդ իրավունքը բացառապես վստահված է ձեր կոալիցիոն գործընկերոջը՝ Հանրապետական կուսակցությանը, իսկ հանրապետականները հայտարարում են, որ այդ պաշտոնում տեսնում են նախագահ Սերժ Սարգսյանին: Ձեր դիրքորոշումը, որպես կոալիցիոն գործընկեր, ինչպիսի՞ն է լինելու: Արմեն Սարգսյանի դեպքում նա ձեր՝ Հանրապետականի և Դաշնակցության միասնական թեկնածուն էր: Հնարավո՞ր է, որ վարչապետի դեպքում էլ լինի միասնական թեկնածու:
– Սահմանադրությամբ ասվում է, որ խորհրդարանի մեծամասնությունն է թեկնածու ներկայացնում վարչապետի պաշտոնի համար: Մեր կոալիցիոն հուշագրի մեջ էլ գրված է, որ դա Հանրապետական կուսակցության իրավունքն է: Եթե մենք լինեինք մեծամասնություն խորհրդարանում և իրավունք ունենայինք թեկնածու ներկայացնելու, օրինակ, մի դաշնակցականի, ապա վստահ կանեինք: Բայց եթե չունենք այդ իրավունքը և չենք կարող անել դա, և եթե Հանրապետականի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, մենք խնդիր չենք տեսնում: Մենք ունենք Սերժ Սարգսյանի հետ համագործակցության երկար փորձ, և ոչ մի պատճառ՝ չշարունակելու դա: Այս առումով, կարծում եմ, մեզ մոտ խնդիր չկա:
-Պարոն Մարգարյան, նաև մի այսպիսի հարց եմ ուզում տալ: Բացի այն, որ մեր երկրում մարդկանց սոցիալական վիճակը կարող է ավելի լավը լինել, քան այսօր կա, ուրիշ ի՞նչ է պակասում մեր երկրին, նաև, ըստ Ձեզ, երկրի ո՞ր գույներն են ավելի խտացել, որ Ձեզ նյարդայնացնում են, բարկացնում են:
-Ինձ մտահոգում է մեկ բան: Մեր երկիրը ամենաշատը դրական շնչի կարիք ունի: Երկրի մեջ վիճակը ծանր է այնքանով, որքանով ծանր է՝ սոցիալական դժգոհություն կա, անապահովություն կա՝ կա այնքանով որ կա: Ես այդ փաստերը հերքողը չեմ: Մեր կազմակերպությունը նաև այդ դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ աշխատողն է: Բայց կա նաև մեկ ուրիշ երևույթ: Ես նկատում եմ, որ ինչ-որ ուժեր ճիգ են թափում իրականությունը շատ-շատ վատ ցույց տալ: Այսինքն ներկայացնել ոչ թե այնքան վատ, ինչքան կա, այլ չափազանցնել: Ես հաճախ մտածում եմ՝ ինչո՞ւ են այդ ճիգը թափում:
-Եվ գտնո՞ւմ եք ձեր հարցի պատասխանը:
-Ասեմ: Ես գիտեմ, որ իրենք իրավիճակն այդքան ծայրահեղ են ցույց տալիս ոչ թե որ ուզում են ժողովրդի վիճակը փոխել, այլ որ անուղղակի ասեն, որ այս վատ վիճակի մեջ ցանկացած ծայրահեղ քայլ արդարացված է: Այս մոտեցումը մեր ժողովրդին, մեր երկրին, մեր խնդիրներին չի առնչվում: Այս մոտեցումը թշնամու, հակառակորդի, օտարի մոտեցում է: Մենք պետք է ամեն ճիգ թափենք և այսօր այդ ճիգը կա: Եթե բավարար չէ, պետք է ավելի խորացնել, ավելի ամրապնդել: Պետք է ճիգ թափել երկրի վիճակը փոխելու, սոցիալական վիճակը նորմալացնելու, սոցիալական արդարություն հաստատելու համար: Դա պետք է անել: Բայց ես չեմ հավատում, որ մեր երկրի վիճակը շատ, շատ, շատ վատ է: Ով փորձում է այդպես ներկայացնել, այլ նպատակ է հետապնդում:
-Ի՞նչ կոնկրետ նպատակ է հետապնդում, պարոն Մարգարյան:
-Ասացի, նպատակն այս է՝ արդարացնել ցանկացած ծայրահեղ քայլ՝ տեռոր, ահաբեկում, հեղաշրջում…
-Օտա՞ր ուժեր են դրանք և ոչ թե ներսի:
– Հավատում եմ, որովհետև հայը չի կարող անել դա, ես չեմ հավատում որ հայը կարող է անել նման բան: Հայը կարող է անգիտակցաբար ընկնել այդ ծուղակի մեջ, և ինքն էլ ներքաշվի այդ խաղի մեջ: Կարող է, բայց ես չեմ հավատում, որ հայի ձեռքը կգնա դա անելու: Մենք այնպիսի մի վիճակի մեջ ենք, որ սոցիալական վատ վիճակը մեր միակ օրակարգը չէ: Մեր օրակարգերը մի քանիսն են, շատ են, և մենք պարտավոր ենք այնպես ղեկավարել երկիրը և այնպիսի ուղղություն տանք, որ ի հաշիվ մեկին մյուսը չոչնչանա, չանտեսվի, չվնասվի: Մենք պարտավոր ենք դա անել: Այս մոտեցման դեպքում ծայրահեղականության դրսևորումը չի կարող ճիշտ քայլ լինել: Ես հավատացած եմ՝ մենք այսօր համեմատաբար լավ վիճակի մեջ ենք: Երկիրը իսկապես կարող է ունենալ զարգացման ընթացք, կարող ենք երկրում ունենալ ավելի լավ վիճակ, կարող ենք զարգացումներ ունենալ տարբեր ուղղություններով:
Կարող ենք ունենալ. Եվրամիություն, Եվրասիական միություն, ես ի՞նչ իմանամ, այնքան հնարավորություններ կան, որ եթե դրանք օգտագործենք, կկարողանանք երկիրը իսկապես լավ, թռիչքային զարգացումների տանել: Մի մտահոգություն ունեմ՝ մեզ, հանկարծ, կարող են հարվածել ներսից: Բերդը միշտ գրավում են ներսից և ներսից գրավելու համար, վատատեսություն են տարածում, բացասական շունչ հաղորդում, հիպնոսացնում մարդկանց, որ երկրի վիճակը շատ, շատ, շատ վատ է, կոչ անում օր առաջ ձերբազատվել այս ամեն ինչից: Այս մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ մեր, այսպես ասեմ՝ դրական ստարտային վիճակը խանգարվի ներքին հարվածից:
– Եվ դրա դեմն ո՞վ պետք է առնի, պարոն Մարգարյան:
-Մենք, մենք՝ բոլորս, մեր մտավորականությունը, մեր քարոզչամիջոցները… Մենք պետք է կարողանանք դրական շունչ փոխանցել: Մեր հաղորդումները, մեր հեռուստատեսությունը, մեր ուսուցիչները, դրական շունչ պետք է փոխանցեն երկրի ապագայի հետ կապված: Ես, իհարկե, գիտեմ, որ դա արհեստականորեն չի լինի: Դա պետք է զուգակցվի նաև իրական գործով: Ես հույսով եմ, որ այսօր, առնվազն, այդ իրական գործի համար ճիգ է գործադրվում, և դա նկատելի է: Այդ ճիգը պետք է ներկայացնել ժողովրդին, որ հույս ստեղծվի, հույս ստեղծվի վաղվա օրվա նկատմամբ, որպեսի մենք կարողանանք չեզոքացնել այն ամենը, ինչ քարոզչական պատերազմի մեջ կորցնում ենք այսօր: Քարոզչական պատերազմում հաղթում են մեզ՝ բացասական շունչը տարածելով մեզ վրա: Մեզ դարձնում են այնպիսին, որ մենք, ակամա, ամեն ինչի նկատմամբ բացասական կեցվածք ունենանք: Սա է, որ պետք է կարողանանք փոխել, մանավանդ որ երկիրը ստարտային լավ վիճակ ունի դեպի հաջողություն գնալու:
-Այս լավ նոտայի վրա էլ ավարտենք, պարոն Մարգարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար: