Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ-ի հռչակման 25-ամյա միջոցառումներն առիթ են ևս մեկ անգամ ցույց տալու Արցախի պետության ամրությունը, պետության կայացվածությունը, և այդ ամենը որպես ապացույց ու լրացուցիչ փաստարկ ներկայացնելը. այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ շատ պետություններ կան, որ կուզենային կառավարել Ղարաբաղյան հակամարտությունը և առաջին ջութակի դերը խաղալ, բայց Արցախի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ անցած 25 տարիների ընթացքում Արցախին վերաբերող բոլոր խնդիրները եղել և շարունակում են մնալ հայկական կողմի վերահսկողության և հայկական կողմի քաղաքական տիրույթում:
«Ո\'չ Ռուսաստանը, ո\'չ Միացյալ Նահանգները, ո\'չ Եվրամիությունը, ո\'չ էլ Թուրքիան ու Իրանը, որոնք նույնպես փորձեցին ակտիվ դերակատարում ունենալ և վճռական դեր ստանձնել կարգավորման գործում, չեն կարողացել այդ խնդիրը լուծել, որովհետև նրանց հետաքրքրում է քաղաքական սեփական շահը, իսկ Արցախի բնակչությունն ունի իր տեսլականը և պատրաստ է պայքարել այդ տեսլականի ապահովման համար»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում գրաված տարածքներում ուժեղ հսկողություն սահմանելու հրամանը ենթադրո՞ւմ է, արդյոք, ռազմական գործողությունների ակտիվ վերսկսման հավանականություն, Մելիք-Շահնազարայանը պատասխանեց. «Խոսքը վերաբերում է ոչ միայն այդ տարածքներին: Ամբողջ ռազմաճակատի ուղղությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կարգադրել է ամրացնել հսկողությունը և պաշտպանական նոր կառույցներ ստեղծել, ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ հայկական կողմը, Արցախը պատրաստվում են ռազմական գործողությունների: Իհարկե, նրանց մտավախությունները, հատկապես` այդ կորցրած տարածքների հետ կապված, անհիմն չեն, Արցախում իսկապես տրամադրված են առաջին իսկ հարմար պահին վերականգնել 94 թվականի հրադադարի պահին ստեղծված այդ սահմանագիծը, վերականգնել այդ կորուստները: Մեծ հաշվով` կարելի է վստահ ասել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսմանը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ադրբեջանցիներն այս պահին փորձում են քողարկել իրենց այդ մարտավարությունը, մտադրությունները:
«Մենք տեսանք այդ ամենը քողարկելու փաստը նաև Մայմեդյարովի՝ վերջերս Թբիլիսի կատարած այցի ժամանակ, երբ նա խոսում էր հայկական կողմից սպասվող վտանգի մասին: Հիմա նաև Հասանովն է նույն հայտարարություններն անում, և այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ապագա հնարավոր պատերազմի մեղքը նախօրոք բարդել հայկական կողմի վրա: Հայտարարություններում նշվում է խաղաղ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, բայց նրանք ամեն ինչ արեցին, որ այդ բանակցային գործընթացը դադարի ընդհանրապես: Բոլոր այն հայտարարություններում, որոնք այսօր Բաքվից հնչում են, ես տեսնում եմ միջազգային հանրությանը պատերազմին նախապատրաստելու և մեղքը նախօրոք հայկական կողմի ուսերին բարդելու փորձ»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ հիմա Ադրբեջանը պատերազմի վերսկսման շատ ավելի լուրջ պատճառներ ունի, քան ապրիլին էր:
«Ադրբեջանը քանդեց բոլոր այն միֆերը, որոնք տարիներ շարունակ ձևավորում էին միջազգային հանրության շրջանում` թե անհրաժեշտության դեպքում մեկ շաբաթում կարող են գրավել ողջ Արցախը, անգամ` Հայաստանի տարածքները, նշում էին, որ իրենց ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ողջ բյուջեն: Ադրբեջանցիները բավական լուրջ կորուստներ են ունեցել քաղաքական, քարոզչական տեսանկյունից»,- եզրափակեց քաղաքագետը: