կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 09:58
Առանց Կատեգորիա

Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա. սա խորը պատճառներ ունի․ «Ժողովուրդ»

Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա. սա խորը պատճառներ ունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ հեղուկ գազի շուկան սթրեսային վիճակում է: Վարորդները բողոքում են. շուկայում հեղուկ գազ չկա, իսկ եթե գազալցակայանը հեղուկ գազ ունի, ապա վարորդին հրաժարվում է 5000 դրամից ավել վաճառել: Բայց պարզվում է, որ այս շուկայում առաջացած պակասուրդը խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրողները հայտնվել են անելանելի վիճակում. մենք գրել էինք, որ ներկրողները Իրաքում եւ Ռուսաստանում ստիպված են լինում օրերով սպասել՝ ինչ-որ քանակությամբ հեղուկ գազ գնելու համար: Մեզ հայտնի դարձավ նաեւ այն, որ Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ գազի գինը, եւ հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման ավելի բարձր գին:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը հիմա այլ լուծումներ է փնտրում՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Այժմ պետական մակարդակով բանակցություններ են ընթանում Իրանի ու Քաթարի հետ: Կհաջողի արդյոք կառավարությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ հեղուկ գազի գինը դեռ որոշ ժամանակ բարձր կմնա, դա հաստատ է: Նշենք, որ այս շուկայում տիրող իրավիճակը վարորդների շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ որոշ գազալցակայաններ, առիթից օգտվելով, իրենց ունեցած հեղուկ գազի մեկ լիտրի գինն անհասկանալի ձեւով բարձրացրել են՝ հասցնելով մինչեւ 280 դրամի:

Բայց գների զսպմամբ զբաղվող հայաստանյան միակ կառույցն այս հարցում ձեռքերը լվացել եւ մի կողմ է քաշվել՝ պատճառաբանելով, որ շուկան մրցակցային է եւ ունի կենտրոնացվածություն: Բայց, արի ու տես, այս անգործությունից օգտվում են որոշ տնտեսվարողներ եւ թալանում վարորդներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում