կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 13:12
Հասարակություն

Իրական պատերազմի վերսկսման վտանգը չեզոքացված չէ. քաղաքագետ

Իրական պատերազմի վերսկսման վտանգը չեզոքացված չէ. քաղաքագետ

Ապրիլյան քառօրյա պատերազմից կարող ենք քաղել կարճաժամկետ ու երկարաժամկետ դասեր: Yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Կարճաժամկետ դասերից կարելի է համարել առաջնագծում արագ վերակառուցվող մարտական դիրքերը, ռազմական տեխնիկայի տեղակայումը, տեխնիկական լուծումները և այլն: Երկարաժամկետ դասերը շատ ավելի խորքային են, որոնցից   արագ արդյունքներ ակնկալել հնարավոր չէ: Դրանք աշխարհընկալման հարցեր են, ավելի շատ քաղաքական բնույթի, ինչու չէ, նաև փիլիսոփայական:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանն ու Արցախը երկար ժամանակ պատրաստվում էին խաղաղության և չէին հավատում, որ պատերազմական բնույթի զարգացումներ կլինեն: Ճիշտ է` քաղաքական ոլորտում Հայաստանը խստացրել է իր դիրքերը, պահանջներ է առաջադրում բանակցությունները վերսկսելու համար, բայց միշտ էլ աշխատելու տեղ կա, անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծել ապրիլյան պատերազմի պատճառները, տեղի ունեցած զարգացումները, հայ և միջազգային հասարակության վարքագիծը ու բոլոր գործոնների վերլուծությամբ իրականացնել ավելի կենսունակ քաղաքականություն:

Ինչ վերաբերում է ռազմական հավասարակշռությանը, Մելիք-Շահնազարյանի խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանը սպառազինվում էր տարիներ շարունակ, և որ Ադրբեջանը դա չէր էլ թաքցնում` հայտարարելով ամենաբարձր մակարդակով: Սակայն հայկական կողմը փորձել է քանակին որակ հակադրել` ավելի շատ պաշտպանվողական մարտավարություն որդեգրելով: «Դա թույլ է տալիս քիչ ծախսերով ավելի շատ արդյունավետ խնդիրներ լուծել: Ապրիլին հայկական զինված ուժերը ձախողեցին Ադրբեջանի նպատակները, ցավոք, ծանր կորուստների գնով»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյան:

Հարցին, թե արդյո՞ք կարող է միշտ արդյունավետ լինել քանակին որակ պարտադրելը, նա պատասխանեց, որ դժվար է կանխատեսել, թե միշտ արդյունավետ կլինի՞ նման մարտավարությունը, որովհետև իրականացման ճանապարհին  կարող են լինել սխալներ մարտական գործողությունների ժամանակ: Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` ակնհայտ է, որ այս պահին հայկական կողմը, զուտ ռազմական առումով, այս պահին տարածքներ գրավելու, ռազմական ճանապարհով Ադրբեջանին ճնշելու նպատակներ չունի: Այլ հարց է, որ դա չի արվում քաղաքական դաշտում, որն, ըստ քաղաքագետի,  ամենամեծ բացթողումն է:

«Այսինքն` զինվորական առումով խնդիրների լուծումը կարծես նորմալ է ընթանում, սակայն դա չի արտացոլվում դիվանագիտական դաշտում` թե' Ադրբեջանի, թե' միջնորդների հետ մեր հարաբերություններում: Հիմնական դասերից մեկն էլ դա պետք է լինի, որ ռազմական ոլորտում  անվտանգության ապահովումը պետք է ամրապնդվի  նաև քաղաքական դաշտում` դիվանագիտական ջանքերով: Այստեղ մենք նախաձեռնողականության, ագրեսիվ արտաքին քաղաքականություն իրականացնելու, Ադրբեջանի վրա ճնշումների մեխանիզմ կիրառելու անհրաժեշտություն ունենք: Օրինակ` պարտադրել միջնորդներին որ նրանք հանդես գան հասցեական մեղադրանքներով ամեն անգամ, երբ Ադրբեջանը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչու չէ` հասնել նրան, որ ագրեսոր կողմի վրա որոշակի պատժամիջոցներ կիրառվեն»,- ասաց նա:

Հարցին, թե ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` դեկտեմբերի 26-ի հայտարարությունը համարո՞ւմ  է հասցեական, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Ինչ-որ առումով` այո, այնտեղ երկու կարևոր հստակ մեսիջ կար, որ ՀԱՊԿ-ն այդ գործողությունները դիտարկում է որպես ՀԱՊԿ անդամ երկրի վրա իրականացված գործողություններ, և հայտարարության մեջ օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը` որպես նախազգուշացում Ադրբեջանին»:

Քաղաքագետը ափսոսանքով  է նշում, որ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունները դարձյալ ընդհանուր բնույթ ունեին և հասցեական չէին, բայց ամենացավալին այն էր, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր խոսքում արդարացրեց ՄԽ համանախագահների նման մոտեցումները:

Հարցին, թե հնարավո՞ր է 2017-ին առաջընթաց գրանցվի բանակցային գործընթացում, եթե փաստացի տարին սկսվել է հայ դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական կողմի ակտիվ կրակոցներով, Հրանտ Մելիք Շահնազարյանը պատասխանեց, որ ինքը ակնկալիքներ ունի դիվանագիտական ոլորտի ջանքերից: Ըստ նրա` իրական պատերազմի վերսկսման վտանգը չեզոքացված չէ, բանակցային գործընթաց չկա, ուստի պետք է կտրուկ իրրավիճակային փոփոխություններ լինեն ավելի շատ դիվանագիտական ոլորտում: Քաղաքագետի կարծիքով` քաղաքական դաշտում մի իրավիճակ է, իրական դաշտում` միանգամայն այլ վիճակ, և որ դիվանագիտական կորպուսի ջանքերը բավարար չեն իրականացվում:

Հարցին` գուցե անհրաժեշտ է ԱԳ նախարարի փոփոխությո՞ւն, այնպես, ինչպես եղավ պաշտպանության նախարարի պարագայում, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ դժվարանում է ասել` նախարարի՞ն է պետք փոխել, թե՞ նրա մոտեցումները: «ԱԳ նախարարի խնդիրն է` առաջարկել լուծումներ, տարբերակներ, եթե անգամ որոշում կայացնողը ինքը չէ: Բայց որոշումները կարող են կայացվել նրա առաջարկների հիման վրա»,- ասաց քաղաքագետը: