կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-19 12:43
Քաղաքական

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ակնհայտ է. քաղաքագետ

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ակնհայտ է. քաղաքագետ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը նպաստեցին մի քանի գործոններ. այսօր լրագրողներին ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` այս ամենը նոր փուլ է մտնում`ռազամաքաղաքական և դիվանագիտական տեսակյունից, սակայն նոր բան չէ, որ Ադրբեջանն արդեն տասը-տասներկու տարի տարբեր առիթներով ասում է, որ վերադարձնելու է ԼՂՀ-ն:

«Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը բավական սահմանափակ հնարավորություններ ունի: Նրանք ուզում էին հյուսիսով և հարավով ճեղքել սահմանը, հետո արդեն, համապատասխան քաղաքական որոշման առկայության պարագայում, անցնել ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների»,- ասաց Մինասյանը, ապա հավելեց, որ այս գործողություններով Ադրբեջանն առաջին հերթին նպատակ ուներ շեղել իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից, ազգայնական խնդիրներ առաջ քաշել, ինչը, ըստ քաղաքագետի, ինչ-որ առումով հաջողվեց:

«Եթե Ադրբեջանն իսկապես բլից կրիգ իրականացներ, կորուստներն ավելի շատ էին լինելու, և նրա հասարակությունն արդեն խուսափելու էր պատերազմի գնալուց: Ադրբեջանն իր հնարավոր ռազմական միջոցներն օգտագործել է, բացի հարյուրավոր տանկերի գործադրումից, մինչդեռ մերոնք չեն օգտագործել ողջ ունեցածը: Հրետանի են օգտագործել մերոնք, որով էլ հասել են հաջողությունների»,- ասաց Մինասյանը:

Քաղաքագետը նշեց նաև, որ այսուհետ ամենահավանական սցենարը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի շարունակությունն է որոշ ժամկետով, սակայն ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ակնհայտ է և նույնիսկ ավելի մեծ մասշտաբով կարող են լինել դրանք:

«Այս ֆոնին Մինսկի խմբի համանախագահները կփորձեն հաստատել հրադադարի պահպանման մեխանիզմներ, որոնք կլինեն ոչ այնքան հաջող: Ամեն ինչ կախված է նրանից, թե կողմերից որը կհասցնի վերականգնել ռազմական բալանսը, ավելացնել զինատեսակները»,- նշեց նա:

Մինասյանի բնորոշմամբ`Ադրբեջանում ռազմական գործողությունների վերսկսման հասարակական պահանջ կա, և որևէ բան երաշխավորված չէ: Քաղաքագետը նշեց նաև, որ ադրբեջանական կողմը ամբողջությամբ չի զգացել պատերազմի գինը:

«Մեր գլխավոր խնդիրը ռազմական դաշտում է, ոչ թե դիվանագիտական: Յուրաքանչյուր բանակի համար նոր զինատեսակների ձեռք բերումը կարևոր է: Այս օրերը ցույց տվեցին առկա խնդիրները և մեր բաց կողմերը: Սա ինչ-որ առումով օգտակար էր: Ադրբեջանական կողմն այս օրերին որոշ իմաստով պարտվածի բարդույթից դուրս է եկել, և նրանց մոտ էյֆորիա է»,- ասաց նա, ապա հավելեց, որ այս ապրիլյան ռազմական գործողությունները շատ բան ջրի երես հանեցին: «Ոչ ոք չէր սպասում, որ, ոչ այնքան լուրջ հրետանի ունենալով, մերոնք ավելի լավ մարտ կարող են վարել»,- նշեց Մինասյանը: