կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-04 14:25
Առանց Կատեգորիա

Ստեփանակերտի օդանավակայանը չգործարկելը քաղաքական պատճառներ եւս ունի

Ստեփանակերտի օդանավակայանը չգործարկելը քաղաքական պատճառներ եւս ունի

Իհարկե, պատմության մեջ եղել են դեպքեր, որ քաղաքացիական ինքնաթիռներ են խոցվել, բայց դրանք եղել են պատահականության արդյունք: Իսկ Ադրբեջանն ակնհայտորեն սպառնում է խոցել Ստեփանակերտի օդնավակայանով չվերթեր իրականացնող քաղաքացիական ինքնաթիռները. լրագրողներին այսօր ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

 

Քանի որ միջազգային հանրությունը միշտ էլ կոշտ դիրքորոշում է ունեցել այսպիսի երեւույթների նկատմամբ, ըստ բանախոսի, Ադրբեջանը վաղուց կորցրել է իրականության զգացումը: Հարցն այն է, թե արդյոք ուզո՞ւմ է Ալիեւը նման քայլ, թե՞ ոչ, քանի որ Հայաստանի կողմից հակադարձ քայլ էլ կլինի` ադրբեջանական ինքնաթիռներն էլ են թռչում մեր օդային տարածքներով:

 

Եթե Ադրբեջանն, այնուամենայնիվ, որոշում կայացնի խոցել քաղաքացիական ինքնաթիռները, ապա նրա համար տարբերություն չի լինի` այդ ինքնաթիռով նախագա՞հն է թռչում, թե՞ այլ մարդ, ուղղակի դա արդեն անխուսափելի պատերազմ է: Բանախոսի կարծիքով` եթե Ադրբեջանը որոշի ու խոցի մեր մեկ քաղաքացիական ինքնաթիռ, ապա մենք պետք է նրա 10 ինքնաթիռ խոցենք:

Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցություններին, թե Ստեփանակերտի օդանավակայանի հարցում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնության են եկել, եւ այն կառուցվել է, որպեսզի տարածաշրջանում հնարավոր պատերազմների դեպքում դրա միջոցով խաղաղապահ զորքեր մտցվեն, ապա, ըստ Արա Պապյանի, դա շատ լուրջ հարց է, եւ այդպիսի համաձայնության գալու համար լուրջ քննարկումներ պետք է լինեն, որի ժամանակ տեղեկատվության արտահոսք, անպայման կլիներ:

 

Իսկ միջազգային խաղաղապահ զորքերը ինքնաթիռներով` Ստեփանակերտի օդանավակայանում իջեցնելու հնարավորության մասին բանախոսը նշեց, որ ժամանակակից ռազմական օդանավերը գրունտային ճանապարհին էլ կարող են վայրէջք կատարել, եւ դեսանտ իջեցնելու համար միջազգային օդանավակայան չեն կառուցում: Փորձագետի կարծիքով`  գուցե եղել են հայ-ադրբեջանական ընդհանուր փոխհամաձայնություններ այս հարցի նախնական փուլում, որոնցից Ադրբեջանը հետո հրաժարվել է, քանի որ դա նաեւ հակառակորդին տնտեսական վնաս պատճառելու ձեւ է` օդանավակայան կառուցելու համար Հայաստանը տասնյակ միլիոն դոլարներ է ծախսել:

Ստեփանակերտի օդանավակայնի գործարկման համար հարմար պահ չկա, նշեց Արա Պապյանը, քանի որ թե’ հայկական եւ թե’ ադրբեջանական կողմերն իրենց հայտարարություններով իրենց դրել են այնպիսի անհարմար վիճակի մեջ, որ չեն կարող հետ քաշվել իրենց հայտարարություններից: Որովհետեւ դա կնշանակի նահանջ, իսկ նահանջը դիտարկվում է որպես պարտություն: Այս հարցի համատեքստում Արա Պապյանն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի դիրքորոշմանը` հիշելով, որ հենց ռուսական զինտեխնիկայի վաճառքն Ադրբեջանին լուրջ խնդիրներ ստեղծել: Իսկ այս հարցի կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, Արա Պապյանի դիտարկմամբ, ռազմական գործչին բնորոշ հայտարարություն չէր, քանի որ այն ավելի կտրուկ պետք է լիներ ու սաստեր Ադրբեջանին:

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի այցը Հայաստան, ըստ արա Պապյանի, մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանին պետք է որպես ռազմական խարիսխ: Իսկ այդ խարիսխը կարող է լինել նաեւ առանց Լեռնային Ղարաբաղի: Որովհետեւ Ռուսաստանն արդեն ասել է, որ չի խառնվելու Ղարաբաղյան հակամարտությանը, ու այդ հարցը հայկական կողմը պետք է ինքնուրույն լուծի: