կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 15:40
Հասարակություն

Ես ինձի էնքան թև ու թիկունք ունեմ. 65-ամյա կնոջը ծեծած տղայի` ՀՀԿ-ական գյուղապետ հայրը հպարտանում է իր կապերով

Ես ինձի էնքան թև ու թիկունք ունեմ. 65-ամյա կնոջը ծեծած տղայի` ՀՀԿ-ական գյուղապետ հայրը հպարտանում է իր կապերով

Շիրակի մարզի Սարատակ գյուղում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու: Գործող գյուղապետ, կրկին վերընտրվել ցանկացող/առաջադրումներ դեռ չեն եղել-խմբ./ ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանի որդին՝ Արթուր Ղրզոյանը, հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ, ինչի մասին մամուլն արդեն երկու օր է՝ գրում է:

Նույն գյուղի 65-ամյա բնակչուհի Սվետլանա Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում վերհիշեց չարաբաստիկ օրվա մանրամասները. օգոստոսի 21-ի երեկոյան տունդարձի ճանապարհին գյուղապետի տղայի կողմից ենթարկվել է ծեծի:

«Երեկոյան վերադառնում էի հորեղբորս տնից: Իմ տնից ոչ հեռու ինձ վրա հարձակվեց մեկը, բռունցքով հարվածեց գլխիս: Ես ընկա գետնին: Հետո սկսեց ոտքերով, ձեռքերով հարվածել: Դեմքը ճանաչեցի, գյուղապետի տղան էր՝ Արթուր Ղրզոյանը: Երբ նա փախավ, ես հետևից գնացի ու համոզվեցի, որ ինքն է»,- պատմեց կինը:

Ի դեպ, երբ այս պատմության մասին բարձրաձայնվել է, գյուղապետը գնացել է Սվետլանա Վարդանյանի տուն: Նա սկզբում ասել է, որ իր որդին այս պատմության հետ կապ չունի, բայց հետո, երբ Սվետլանա Վարդանյանը նկարագրել է՝ ինչ կոշիկներ, հագուստ է եղել տղայի հագին, նաև ասել է, որ նրա դեմքը տեսել է, գյուղապետը սկսել է սպառնալ. «Եթե հանկարծ տղուս գլխից մի մազ պակասի, ես պատրաստ եմ ամեն ինչի` բոլոր սրբերին կուրանամ: Ում ուզում եք բողոքեք, ուզում եք` հանրապետություն նախագահին բողոքեք»:

Սարատակի գյուղացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ Միշա Ղրզոյանը պատեհ-անպատեհ հպարտանում է, որ ոստիկանությունում ծանոթներ ունի: «Հայտարարում է, որ Արթիկի միլպետն իր ընկերն է, ու հույս ունի, որ ՀՀԿ-ն այս անգամ էլ իրեն լավ սատարելու է»,- ասացին գյուղացիները:

Ինքը՝ գյուղապետը, որդու քաջագործությունները ծածկելու համար սլաքներն ուղղել է դեպի Դաշնակցությունը. news.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե Սվետլանա Վարդանյանն այս լուրերը տարածում է, քանի որ ՀՅԴ-ն  կնոջն աշխատանք է խոստացել:

Անդրադառնալով այս զավեշտալի հայտարարությանը՝ Yerkir.am-ի հետ զրույցում Սվետլանա Վարդանյանը հայտարարեց. «Ի տարբերություն գյուղապետի ընտանիքի, որը բազմակուսակցական է` գյուղապետը ՀՀԿ-ական է, աղջիկը և կինը՝ ՕԵԿ-ից, որդին` կարծեմ ԲՀԿ-ից, մեր ընտանիքը որևէ կուսակցության չի հարում և մինչև հիմա որևէ կուսակցության չի սատարել, ավելին` բոլոր նախորդ ընտրություններին, իրեն ենք ընտրել: Մենք ՀՅԴ-ի հետ որևէ կապ չունենք ու, առհասարակ, որևէ կուսակցության հետ որևէ կապ չունենք»:

Կինն անդրադարձավ գյուղապետի տարածած լուրերին, թե իբր իրեն առաջարկվել է հաշվապահի աշխատանք՝ «գյուղում անկարգություններ տարածելու դիմաց». «Ես 65 տարեկան լուրջ կին եմ, ինչպե՞ս կարող եմ ինձ նման բան թույլ տալ»:

Ի դեպ, Վարդանյանը նշեց նաև, որ դաշնակցականների անունն էլ շոշափվում է, քանի որ ՀՅԴ-ական հարևան ունեն, ու, հավանաբար, դա նկատի ունենալով է գյուղապետը նման հայտարարություններ անում:

Գյուղացիներից տեղեկացանք նաև, որ չորս տարի առաջ` կրկին ընտրությունների շեմին, նույն գյուղապետի տղան ծեծի է ենթարկել գյուղի երիտասարդներից մեկին:

Կատարվածի առնչությամբ փորձեցինք զրուցել նաև ՀՀԿ-ական գյուղապետի հետ: Ուշագրավ է, որ, որդու անունը լսելով, նա միանգամից հայտարարեց. «Իմ որդին հոգեկան շեղում չունի, իմ որդին գազի գլխավոր ինժեներ է, իմ որդին հոգեկան շեղում չունի»: Եվ սա այն դեպքում, երբ որդուն որևէ որակավորում չէինք տվել և ոչ էլ այդ մասին ակնարկել: ՀՀԿ-ական գյուղապետը չհերքեց, որ մտերմիկ հարաբերությունների մեջ է Արթիկի ոստիկանապետի հետ, ումով էլ հաճախ է հպարտանում գյուղում: «Այ ըտեղ կանգ առ: Ինչի՞, որ միլպետ է, իրավունք չունի՞ իմ մտերիմը լինելու, ես գյուղապետ եմ և, բնականաբար, միլպետի հետ էլ պետք է մոտիկ լինեմ, դատապաշտպանի հետ էլ, բոլոր պետական պաշտոնական կառույցների հետ էլ պետք է շփվեմ, մտերիմ լինեմ, ինչի՞ մասին է խոսքը: Ես ինձի էնքան թև ու թիկունք ունեմ»,- հպարտացավ  ՀՀԿ-ական գյուղապետը:

Ուշագրավ է, որ Ղրզոյանի համար միևնույն է, թե մամուլն ինչ կգրի որդու քաջագործությունների մասին: «Գրիչը ձեռքներդ է, թուղթն էլ` հետը, ինչքան ուզում եք, ինչ ուզում եք, գրե´ք: Ինձի հետաքրքիր չէ»,- ասաց նա:  Ի դեպ, գյուղապետը չհերքեց նաև իր ընտանիքի` բազմակուսակցական լինելը:

Նշենք նաև, որ, բժշկական եզրակացության համաձայն, Սվետլանա Վարդանյանը ստացել է ուղեղի ցնցում, իսկ դատաբժշկական եզրակացությունը դեռևս հրապարակման ենթակա չէ: Բացի այդ` մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ գյուղապետի հովանավորչությունը վայելող անձինք միևնույն ժամանակ գրանցված են եղել մի քանի աշխատավայրերում՝ դպրոցում, գյուղապետարանում: Չի բացառվում, որ այդ ամենը հայտնվի իրավապահների ձեռքում:

Սվետլանա Վարդանյանին տրված բժշկական եզրակացությունը՝ լուսանկարների տեսքով, ներկայացնում ենք ստորև:

\"\"

\"\"

\"\"

 

Լուսինե Հակոբյան