կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 16:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կինը կնոջը թիկունք»․ Գյումրիում ծեծից մահացած կնոջ տան բակում բռնությունը դատապարտող քայլերթի մասնակիցներն են

Գյումրիում «Կինը կնոջը թիկունք» կարգախոսով քայլերթ են իրականացնում հասարակական կազմակերպությունների անդամներն ու նախկինում բռնության ենթարկված կանայք՝ դատապարտելով օրերս ծեծից մահացած կնոջ ու նրա՝ ծանր կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխված անչափահաս դստեր նկատմամբ բռնությունը`հայտնում է Yerkir.am-ը։

«Այս խաղաղ ակցիայով ուզում ենք ցույց տալ, որ գյումրեցիները դեմ են բռնությանը և ոչ մի արդարացում չկա, երբ ծեծում են կամ սպանում։ Բռնարարին արդարացնելը դատապարտելի է»,-ասացին նրանք։

Քայլերթի մասնակիցները բռնությունը դատապարտող պաստառներով մոտեցել են կնոջ տանը և հայտարարել, որ այդ դարպասների հետևում սոսկալի ոճրագործությունը և երեխայի հանդեպ ծեծը տեղի ունեցան, որովհետև հասարակությունը անտարբեր էր․ «Եթե հասարակությունը մեկ կամ երկու անգամ բռնության նկատմամբ ընդվզեր, ապա այս դեպքը տեղի չէր ունենա»։

Նրանք կոչ արեցին փորձել ոչ միայն աջակցել զոհին, այլև միասնաբար դատապարտել բռնությունը։

«Մենք ինքներս լինելով գյումրեցի՝ մի քանի անգամ արդեն ականատես ենք եղել նման բռնության դեպքերի։ Ընտանիքին նվիրված պատվախնդիր տղամարդն այսպիսի բան անել չէր կարող։  Հարևանները, երբ տեսել են, որ այդպիսի բռնության դեպքեր են եղել, պետք է արձագանքեին դրան։ Եթե մենք լռենք, երկրորդ օրը նորից կունենանք»,-ասացին նրանք։

Նախկինում բռնության ենթարկված մի կին կոչ արեց, որ բոլոր կանայք արձագանքեն բռնությանը․ «Ես անցել եմ դրա միջով, դա գիտեմ իմ մաշկի վրա, կոչ եմ անում, որ բոլոր կանայք բարձրաձայնեն, որ բռությունը պետք չէ՝ լինի ընտանիքում, թե դրսում»։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրու տներից մեկում իրավապահները գտել էին 43-ամյա բնակչուհու դին՝ բռնության բազմաթիվ հետքերով, իսկ դուստրը անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել։ Տանը եղել էր նաև 28-ամյա տղամարդ, որն ավելի ուշ խոստովանել էր, որ ինքն է ծեծել կնոջն ու նրա երեխային։ Տղամարդը ձերբակալված է, իսկ 13-ամյա աղջիկը պայքարում է կյանքի համար։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, 13-ամյա աղջնակն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր է արտաբերել։ Վաղը Գյումրու խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովը քննարկելու է երեխայի խնամակալի հարցը։ Նրա հարազատները հրաժարվել են, բայց կան այլ քաղաքացիներ, որոնք պատրաստ են դառնալ աղջկա խնամակալը։

Բռնարարը խոստովանել է մեղքը, ձերբակալված է։ Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով, 28-ամյա բռնարարը 2015-ին Ոստիկանությունում հաշվառված է եղել, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել՝ այդ թվում խուլիգանության համար, դանակահարության համար։

Մանրամասն՝ տեսանյութում․