Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը քիչ առաջ Yerkir.am-ին տեղեկացրեց, որ հանդիպել է մարզի Սարատակ համայնքի ղեկավար` սեպտեմբերի 18-ի ընտրություններում կրկին առաջադրվել ցանկացող ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանի հետ: Հիշեցնենք, որ Միշա Ղրզոյանի որդին՝ Արթուր Ղրզոյանը, հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ` հարվածել է 65-ամյա համագյուղացի կնոջը (կարդացեք այստեղ):
Պարզվում է՝ Սահակ Մինասյանը հակված չէ չհավատալ Ղրզոյանին, ով «բոլոր հնարավոր երդումներով» հավաստիացրել է, որ իր որդին կապ չունի 65-ամյա Սվետլանա Վարդանյանի ծեծի հետ: «Քիչ առաջ եմ զրուցել Միշա Ղրզոյանի հետ: Նա հայավարի, բոլոր հնարավոր տարբերակներով երդվեց, որ իր որդին կապ չունի այդ պատմության հետ, ու ես էլ հիմքեր չունեմ չհավատալու: Ես փորձեցի զրույցել նաև Սվետլանա Վարդանյանի որդու հետ` որպես շահագրգիռ մյուս կողմի, բայց նա Երևանում է ու չկարողացավ գալ»,- ասաց նա:
Անդրադառնալով Ղրզոյանի որդուն` Մինասյանն ասաց, որ թեև չի ուզում որևէ մեկի ասածը կասկածի տակ դնել, բայցև մեղավորներին գտնելն իր գործը չէ: Հարցին, թե, ի վերջո, Միշա Ղրզոյանի խոսքը նրա համար համոզի՞չ թվաց, նա պատասխանեց. «Կրկնում եմ՝ նա հայավարի երդվեց հնարավոր բոլոր տարբերակներով, որ իր որդին կապ չունի այդ պատմության հետ»:
Ի դեպ, այսօր արդեն ԿԸՀ կայքում կան Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի թեկնածուների անունները. նրանք երեքն են: Մինչդեռ երեկ որևէ առաջադրված թեկնածուի անուն չկար: Ստացվում է՝ Միշա Ղրզոյանին հաջողվել է «պլստալ», ու առաջադրման հետ կապված որևէ խնդիր չի առաջացել: Նշենք նաև, որ մյուս 2 թեկնածուներն էլ անկուսակցական են: Մեկը Գուրգեն Եղոյանն է, մյուսը՝ Արտյոմ Պողոսյանը:
Զրուցեցինք նաև Սվետլանա Վարդանյանի որդու՝ Ահարոն Վարդանյանի հետ, ով ասաց, որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն իսկապես զանգահարել է իրեն, բայց հանդիպելու առաջարկ չի եղել, պարզապես տեղեկացրել է, որ այդ պահին զրուցելիս է եղել Սարատակի գյուղապետ Միշա Ղրզոյանի հետ:
«Ես չգիտեմ՝ իրենք Երևանո՞ւմ են եղել, գյուղո՞ւմ, թե՞ ուրիշ այլ տեղում, բայց Մինասյանն ինձ միայն ասաց, որ զրուցում է գյուղապետի հետ և հարցրեց՝ որտեղ եմ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրան տեղեկացրեցինք, որ Միշա Ղրզոյանը հանդիպման ընթացքում «հնարավոր բոլոր երդումներով» հավաստացրել է, որ որդին կապ չունի Սվետլանա Վարդանյանի հետ կապված պատմության հետ: «Երդումը իրավաբանական կատեգորիա չէ»,- ասաց Ահարոն Վարդանյանը, ապա հավելեց, որ իր համար այնքան էլ նշանակություն չունի՝ Միշա Ղրզոյանը կրկին կառաջադրվի՞, թե՞ ոչ, իր համար կարևորը մոր հետ կապված պատմության արդարացի հանգուցալուծումն է: