Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել պետական սեփականություն հանդիսացող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 30 մլն ԱՄՆ դոլորով վաճառել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը: Ուշագրավ է, որ մինչ այդ հանրությանն անհայտ ընկերությունը բոլորովին վերջերս է գրանցվել պետռեգիստրում, ավելի կոնկրետ հուլիսի 20-ին:
Որոշման համաձայն` «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությունը նպատակ ունի Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի ձեռք բերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետևյալն է.
1. Վերանորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի շենքը:
2. Նախատեսվում է նաև իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև` տարածաշրջանում, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Ուշադրություն, նախատեսվում է պատմամշակութային հուշարձան հիշեցնող համալիրում կառուցել ԽԱՂԱՏՈՒՆ:
Ուշագրավ է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության այսօրվա նիստում, խոսելով ներդրումային ծրագրի մասին, հիշատակեց կառուցվելիք բոլոր շինությունների անունները, բացի խաղատնից: Կարելի է ենթադրել, որ երկրի պաշտպանության նախարարը չի ցանկացել, որ իր շուրթերից հնչի այդ տերմինը՝ գիտակցելով, թե ինչ քննադատություններ կհնչեն կառավարության, մասնավորապես իր հասցեին:
Հիշեցնենք, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայն՝ 2014թ-ի հունվարի 1-ից խաղատուն, շահումով մեքենայացված խաղ կամ ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, Մեղրի համայնքների վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում:
Նշենք, որ «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» շենք-շինությունները և նրա սպասարկման տարածքն ընգրկված են ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկում: Փաստորեն ստացվում է, որ նախատեսվում է խաղատուն կառուցել ոչ ավել , ոչ պակաս պատմամշակութային հուշարձանի տարածքում:
Նշենք, որ հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հաշված օրերի ընթացքում դադարեցվեց Երևանում՝ մասնավորապես Արգավանդում գործող տասնյակից ավելի խաղատների գործունեությունը: Սակայն նույն օրենքը նախատեսում է, որ խաղատներ կարող են գործել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վայրերում եւ չափանիշներին համապատասխան: Ինչպես արդեն հայտնել ենք, «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի արժեքը գերազանցում է 100 մլն ԱՄՆ դոլարը, որը կազմում է մոտ 47 մլրդ դրամ: Թե ինչպես և ինչ հանգամանքերում որոշվեց Կարեն Դեմիրճյանի անունը կրող համալիրը վաճառել 20-օր առաջ գործունեությունը սկսած ընկերությանը և մի բան էլ թույլատրել համալիրի տարածքում խաղատան կառուցում, հայտնի չէ: