կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-23 17:13
Իրավական

Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը

Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռով ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը, ամենայն հավանականությամբ, պատիժը կկրի ՌԴ-ում:

Yerkir.am-ի հետ զրույցում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Միհրան Պողոսյանը, վկայակոչելով Մինսկի կոնվենցիան, նշեց, որ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Պերմյակովի՝  ՌԴ-ում պատիժը կրելու իրավական հիմնավորումներն առկա են:

«Պրակտիկայում դատարանները մեկ տողով սահմանափակվում են՝ նշելով, որ տվյալ անձը պատիժը պետք է կրի համապատասխան ՔԿՀ-ում: Պերմյակովի գործով դատավորը շրջանցեց այդ նախադասությունը: Այժմ հասարակության մտավախությունը նրան ՌԴ տեղափոխելն է»,- ասաց նա:

Պաշտպանի ներքին համոզմամբ՝ Պերմյակովը պատիժը չի կրի Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի կալանատանը:

«Դատավճռի ի կատար ածումը դատավարական առանձին փուլ է, և մենք՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներս, բնականաբար, իմանալու ենք՝ տվյալ անձին ո՞ր ՔԿՀ են ուղարկելու: Դատապարտյալին ընդունող քրեակատարողական հիմնարկը դատարանին տեղեկացնում է, որ տվյալ ՔԿՀ-ում է նա իր պատիժը կրելու. այդ պահից սկսած` վճիռը համարվում է կայացած»,- ասաց Պողոսյանը:

Պաշտպանը հերթական անգամ հիշեցրեց, որ Հայաստանում պատիժ կրելու համար Պերմյակովը նախ և առաջ պետք է հանձնվեր Հայաստանին: «Ըստ էության` Ռուսաստանի Դաշնությունը Պերմյակովին Հայաստանի Հանրապետությանը հանձնելը չիրականացրեց, այսինքն` Պերմյակովը մինչ օրս չի գտնվել Հայաստանի իրավազորության ներքո»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանի այսօրվա վճռով` 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Մեղադրող դատախազը նրա համար ցմահ ազատազրկում էր պահանջել, Պերմյակովն ընդունել էր առաջադրված մեղադրանքը և հայտնել, որ զղջում է: Դատավճռից պարզ չդարձավ, թե որտեղ է Պերմյակովն իր պատիժը կրելու՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում:

Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն), 5-րդ (սպանություն առանձին դաժանությամբ), 8-րդ կետերով (սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը):

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 12-ին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանի վճռով Պերմյակովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու համար: