կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-22 12:35
Հասարակություն

Բացվեց Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Բացվեց Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում այսօր կայացավ սիրված նկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կրում էր «Հիշողության ծիսակամուրջ» խորագիրը: Ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, մշակութային գործիչներ, Շարամբեյանի արվեստի երկրպագուներ: Ներկաները հնարավորություն ստացան դիտելու նկարչի՝ շուրջ 3 տասնյակի հասնող ներկայացված աշխատանքները, որոնք լիքն էին Հովհաննես Շարամբեյանին հատուկ տրամադրությամբ, բնականությամբ ու աղաղակող լռությամբ:

Նկարչի թոռ Նարեկ Աշուղաթոյանի խոսքով՝ կազմակերպված ցուցահանդեսն իր եւ իր ընտանիքի համար նախեւառաջ հոգեւոր խորհուրդ ունի: Սա հնարավորություն է եւս մեկ անգամ առնչվելու Հովհաննես Շարամբեյանի մշակույթի հետ, եւս մեկ անգամ փորձելու բացահայտել թողած նկարների խորքն ու խորությունը, հնարավորություն տալ ծանոթանալու նաեւ այն մարդկանց, ովքեր մինչ այժմ նման առիթ չեն ունեցել: «Որքան էլ զարմանալի է, այդ թվում նաեւ որոշակիորեն ինձ համար, քանի որ գիտակից տարիքում հնարավորություն չեմ ունեցել շփվելու պապիս հետ: Իսկ այժմ հանդիպում եմ նրան գեղանկարչական աշխատանքների, արխիվային նյութերի միջոցով: Ինձ համար էլ է սա յուրատիպ բացահայտում»:

Նարեկ Աշուղաթոյանը յուրաքանչյուր նկարում զգում է պապի շունչը, նրա ներկայությունը: «Աշխատանքներում արհեստական որեւէ բան չկա: Հենց նրա ձեռագիրն է՝ երբեմն դրականորեն շտապող, այլ դեպքերում՝ մանրակրկիտ աշխատած: Ամեն անգամ նոր աչքով եմ նայում»:

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց թեմատիկ գիտաժողովը, որի ընթացքում անդրադարձ արվեց հոբելյարի կյանքի եւ գործունեության ուշագրավ դրվագներին: Ցուցադրվեց Հովհ. Շարամբեյանի մասին պատմող  «Հրաշք Վանիկը» ֆիլմը: https://www.youtube.com/watch?v=4Y7jk5E0jz0&feature=youtu.be

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 25-ը: Առաջիկայում նախատեսվում է նաեւ նոր, առավել մեծ ցուցահանդեսի բացում, որտեղ կներառվեն նաեւ Շարամբեյանի գրաֆիկական աշխատանքները:

Առաջիկայում հասանելի կլինի նաեւ նկարչի գործունեությունն ամփոփող պաշտոնական կայք-էջը www.sharambeyan.am հասցեով: Այժմ ներկայացվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ https://www.facebook.com/%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD-%D5%87%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A5%D5%B5%D5%A1%D5%B6-Hovhannes-Sharambeyan-642435872578804/?pnref=story

Հովհաննես Շարամբեյանը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ է, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Բազմաթիվ կտավների հեղինակ է. «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» և այլն։ Եղել է «Անուշ» ֆիլմի (1983) գլխավոր նկարիչը։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արեւելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

1947 թ-ին Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա: Եղել է Դիլիջանում գտնվող Կուլտուրայի եւ արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու: Ավելի քան 30 տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա:

1978 թ-ին հիմնադրել է Երեւանի Ժողովրդական արվեստի թանգարանը եւ մինչեւ 1986 թ-ին զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 1979 թ-ին հիմնադրել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Վերոնշյալ թանգարաններն այժմ գտնվում են Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կազմում:

 

Հովհաննես Շարամբեյանի ընտանիք