կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-29 23:37
Մշակույթ

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց «100 կտավ» ցուցահանդեսը

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց «100 կտավ» ցուցահանդեսը

Մայիսի 29-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց «100 կտավ» ցուցահանդեսը,  որտեղ ներկայացված են խորհրդային շրջանի հայ եւ ռուս նկարիչների աշխատանքները:

 «100 կտավ» ցուցահանդեսը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մշակութային նախագծերից է, որի նպատակն է ներկայացնել խորհրդային շրջանի նկարիչների, այդ թվում՝ սոցռեալիզմի հայտնի ներկայացուցիչների աշխատանքները:

 Նախագծում ընդգրկված նկարները IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, հիմնադրամի  նվիրատուներ Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովի անձնական հավաքածուներից են։Մի քանի տարի առաջ նրանք հավաքվել ու քննարկել էին, թե ինչ նախաձեռնությամբ կարելի է հանդես գալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Արդյունքում որոշվել էր հայ եւ ռուս նկարիչների խորհրդանշական 100 կտավ ներկայացնել:

 «Այս կտավները  կարող են ճամփորդել, բայց դրանք պետք է ունենան տուն ու միշտ վերադառնան այնտեղ։ «100 կտավ» նախաձեռնության նպատակը հայ վարպետների աշխատանքներն իրենց հայրենիք վերադարձնելն է»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է Վլադիմիր Ավետիսյանը:

 «100 կտավ» հավաքածուն ներառում է ժանրային դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, որոնք ստեղծվել են XX դարի 30-ականներից մինչեւ 90-ականներ ընկած ժամանակահատվածում: Այն ներկայացնում է նկարիչներ Ալբերտ Պապիկյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Դմիտրի Նալբանդյանի, Վիկտոր Աբրահամյանի, Նիկոլայ Տրոշինի, Գեւորգ Կոտյանցի, Անդրեյ Բանտիկովի, Ռուբեն Զախարյանցի եւ ուրիշների աշխատանքները:

 «Այս ցուցահանդեսը շարունակությունն է մեր երեկվա ասելիքի՝ երախտագիտություն ի գործ: Իմ կարծիքով, շատ կարեւոր են ոչ միայն հսկայական նախագծերը, այլեւ միջոցառումները՝ կապված մշակույթի, պատմության, փիլիսոփայության, լեզվի հետ, որոնք նոր միջավայր, մթնոլորտ են ստեղծում, ինչը կօգնի մեր երիտասարդությանը գլուխը բարձր շարժվել առաջ», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

 Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 29-ը: