կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-29 15:45
Արցախ

Ստեփանակերտում բացվել է ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 140-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Ստեփանակերտում բացվել է ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 140-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մարտի 29-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացել է Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսում ներկայացված են հայկական պետականության հիմնադիր քաղաքական, ռազմական, հասարակական գործչի կյանքն ու գործունեությունը ներկայացնող արժեքավոր արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ: Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է 1879թ. մարտի 19-ին Շուշիում, բայց հիմնական գործունեությունը ծավալել հայրենիքի այլ շրջաններում՝ ֆիդայական պայքարից մինչև պետականության կերտում, Վանի նահանգապետությունից մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակում, պաշտպանություն ու կայացում:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր:

ԱՀ Նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ բարձր գնահատելով Արամ Մանուկյանի ներդրումն ազգային-ազատագրական պայքարում եւ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման ու պաշտպանության գործում:

ԱՀ մշակույթի, երիտասարդություն հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն կարևորել է Արամ Մանուկյանի պետական մտածողությունը, որը դրսևորվել է դեռևս Վան-Վասպուրականում: «Նա կազմակերպեց Վանի ինքնապաշտպանությունը, նշանակվեց Վանի նահանգապետ: Այդ 72 օրերի ընթացքում նա այնպիսի գործեր կատարեց, որ կարող էր անել միայն ու միայն պետական-քաղաքական գործիչը: Եվ այդ փորձը Արամը գործադրեց 1918թ. Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման ժամանակ»,- մասնավորապես նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Ազգային արխիվի հետ համատեղ, իսկ առաջիկայում նախատեսվում է Արցախյան բնակավայրերի պատմական անցյալի տոհմագրության վերաբերյալ առանձին աշխատություններ հրատարակել:

Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է մեծանուն հայ պետական գործչի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման համար, նաև տխուր էր, որ նա կարճ կյանք ունեցավ. Եթե Արամը կենդանի մնար, պատմությունը կարող էր ուրիշ ձևով ընթանալ: «Նրա կյանքը կապված է եղել երեք քաղաքների հետ՝ Շուշի, որտեղ նա ծնվել և նախնական կրթությունն է ստացել, Երևան քաղաքը, որտեղ նա շարունակել է իր հետագա կրթությունը և 1918թ. կազմակերպել Սարդապատի ճակատամարտը, Մայիսյան հերոսամարտերը և դարձել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի առաջին նախարարը: Երրորդ քաղաքը Վանն էր, որտեղ անցավ նրա կյանքի հիմնական մասը և որի նա անսահման նվիրված էր»,- ասել է Ամատոնի Վիրաբյանը՝ ավելացնելով, որ Ներքին գործերի նախարարը կազմակերպում էր կյանքի բոլոր ոլորտները և այն ժամանակվա դժնդակ պայմաններում նա փաստորեն կազմակերպել է Հայաստանի Հանրապետության գոյությունը:

Արամ Մանուկյանը ՀՅԴ անդամ էր և դեռևս Շուշիի թեմական դպրոցում սովորելու տարիներին աչքի էր ընկնում համարձակությամբ, կազմակերպչական ունակություններով: Արամ Մանուկյան գործչին ուսումնասիրած և քաջատեղյակ Լևոն Հայրյանը նշել է, որ դեռևս բավական երիտասարդ տարիքում նաԿարսում ՀՅԴ պատասխանատուն էր. «Նա Ղարսում այնպիսի փոթորիկ բարձրացրեց, միավորեց ժողովրդին, որ ցարը փոխեց հայկական դպրոցները փակելու որոշումը»:

Արամ Մանուկյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթերը պահվելու են Արցախում և իրենց տեղն են ունենալու Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքում: