Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում տեղի ունեցավ Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Գրգորյանի «Սեր եւ կյանք» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Աշոտ Կարապետյանը, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Խանում Ղազարյանը, Ծովինարի եւ Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեններ Միհրանուշ Սահակյանը եւ Ռուզաննա Մարգարյանը, Մարտունու բժշկական քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանը, մայրաքաղաքից եւ Գեղարքունիքի մարզից հրավիրված հյուրեր:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Անահիտ Գեւորգյանը: Նա նշեց, որ, թեեւ դպրոցական տարիքին, շնորհալի գեղնկարչուհու աշխատանքներն իրենց բովադակությամբ ու պատկերավորությամբ արժանի են՝ արվեստագետների ու հանրության դատին ներկայանալու, գնահատանքի ու ճանաչման արժանանալու համար:
Ցուցահանդեսին ներկայացվել էին գեղանկարչական ավելի քան 55 աշխատանք, որոնք բովադակում էին Հայաստան աշխարհը, հայ մարդու ճակատագիրն ու առօրյան, համամարդկային ու ազգային արժեքները, կյանքի ճանաչողության խորհուրդները, բարու եւ չարի պայքարի ակնթարթները, սիրո եւ արարման հավերժության ընկալումները:
Ցուցահանդեսի մասնակիցները մանրամասնորեն ուսումնասիրեցին Էլեն Գրիգորյանի անհատական աշխատանքները, հեղինակի մեկնաբանությամբ ծանոթացան ներկայացված կտավների բովանդակությանը, գեղանկարչական արվեստի հերթական բռնկումներին:
«Նկարել սկսել եմ երեք տարեկանից: Նկարել եմ ինչպես վրձնով, այնպես էլ՝ մատով: Կտավի վրա արտացելել եմ այն, ինչ տվյալ պահին ծնվել է իմ հոգում: Բայց այդ, ապրումների առանցքում իմ հայրենիքն է, իմ ընտանիքը, իմ շրջապատը, համամարդկային ու ազգային գաղափարները: Երազանքս գեղանկրչության ոլորտում կայանալն ու հաստատվելն է, սակայն միայն գեղանկարչության շրջանակների մեջ պարփակվելը կսահմանափակի իմ գործունեության դաշտը: Այդ պատճառով ուզում եմ նաեւ հաստատուն տեղ գրավել բժշկագիտության ոլորտում:Իմ ամեն մի կտավում կյանքիս ակնթարթներն են, այն իրադարձությունները, որոնք ազդել են իմ զգայական աշխարհի վրա: Ուզում եմ առանձնահատուկ ներկայացնել այն կտավը, որը պատկերում է Դադիվանքը եւ նրա վանահայր Տեր Հովհաննեսին՝ Դադիվանքը թողնելուց առաջ: Սա համազգային մղձավանջի պատկեր է, հոգեցունց մի ապրում, որը հառնում է Տեր Հովհաննեսի կերպարում: Մեր հողի ու արյան թշնամիները հերթական անգամ եկել ու մեզնից խլում են մեր սրբազան արժեքները, մեզ ուզում են բնաջնջել ոչ միայն մարմնով, այլ նաեւ հոգեւոր արժեքներով, որոնք գալիս են հազարամյակների խորքից: Պատկերված են նաեւ այն հերոս զինվորները, ովքեր մինչեւ վերջին շունչը մաքառում են անձնազոհաբար: Այս կտավների վրա ես պատկերել եմ իմ հիացմունքը, մտահոգությունները կյանքի նկատմամբ, իմ անարատ երազանքերը: Ես ստեղծում եմ իմ բաժին արվեստը, որն ուրույն է, մարդկանց հետաքրքրող»,-ներկայացրեց Էլեն Գրիգորյանը:
«Չնայած դպրոցական տարիքին՝ Էլեն Գրիգորյանն արդեն կայացած գեղանկարիչ է, ով հասցրել է ստեղծել մեկը մյուսից գեղեցիկ ու հետաքրքիր կտավներ: Որոշ սշխատանքներում նկատելի է մասնագիտական փորձի պակասը, բայց ընդհանուր առմամբ նկատելի է նոր շունչը, համարձակությունը, ինքնուրույն ու բացառիկ մտածողությունը, գաղափարների թարմությունը: Ես Էլենին մեծ ապագա եմ կանխատեսում, հավատում եմ նրա ստեղծագործական թափին ու կայուն երթին, հպարտանում նրա հաջողություններով»,-իր տպավորություններով կիսվեց գեղանկարիչ Սպարտակ Հայրապետյանը:
Կանանց տոնին նվիրված գրական-գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի շնորհալի աշակերտները:
Խոսրով Խլղաթյան