կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-27 19:00
Հասարակություն

Տիրել հաղորդակցման ուղիներին. դարավոր ձգտումը և թուրք-պարսկական պատերազմները

Տիրել հաղորդակցման ուղիներին. դարավոր ձգտումը և թուրք-պարսկական պատերազմները

Թուրք-պարսկական պատերազմների ընդհանուր բնութագիրը (մաս 2, առաջին մասը՝ այստեղ)

XVI դարը, որի հենց ամենասկզբից էլ սկիզբ առան Թուրք-Պարսկական պատերազմները, ավանդականորեն համարվում է Օսմանյան սուլթանության փայլի և ռազմաքաղաքական հաջողությունների գագաթնակետի մի ժամանակաշրջան՝ միաժամանակ, սակայն, հանդիսանալով նաև մի ժամանակաշրջան, երբ ի հայտ եկան նաև պետական այս միավորին անկման հասցրած հետագա քայքայիչ գործընթացների հիմքերը։ Այս դարաշրջանում սուլթանության բանակն, ինչպես արդեն ասվեց, իրենից ներկայացնում էր իր ժամանակաշրջանի լավագույն ռազմական մեքենաներից մեկը, որը տիրապետում էր հիանալի հեծելազորի, ուներ առաջնակարգ հետևազոր և, որ, թերևս, ամենակարևորն էր Սեֆյանների շահության հետ ընդհարվելիս, հրաձգային զենքեր ու հատկապես հրետանի։

Սեֆյանների շահության բանակը, լինելով Ղարա-Ղոյունլուների, իսկ մեծապես էլ հենց Աղ-Ղոյունլուների թուրքմենական ռազմական համակարգի օրգանական շարունակությունը, որպես հիմնական հաղթաթուղթ, ինչպես և բոլոր ուժերը Արևելքում, կիրառում էր հեծելազորային հիանալի արագաշարժ ուժեր։ Արդյունքում՝ ավելի քան հազարամյա ընդմիջումից հետո աշխարհաքաղաքական առումով ստեղծվեց Հռոմեա-Պարթևական պատերազմների հայելային իրոք զարմանալի մի կրկնություն, երբ տեխնիկական առաջընթացը, համակարգն և հիմնավորվածությունը հակադրվում էին ոգուն, թռիչքին ու արագաշարժությանը։ Այս տարբերությունը, ինչպես արդեն ասվեց, հատկապես հստակ երևաց Թուրք-Պարսկական առաջին պատերազմներում, հետագայում այն աստիճանաբար հարթվեց, իսկ վերջում էլ լիովին վերացավ, քանի որ պարսկական կողմն ինքն էլ աստիճանաբար փոխառեց հակառակորդի հաղթաթղթերը։

Այս առումով հետաքրքիր է նաև ընդգծել, որ Մերձավոր Արևելքում գործող մահմեդական ռազմական բոլոր մեքենաներից Թուրք-Պարսկական պատերազմներում գործող հենց օսմանյան ռազմական մեքենան էր, որը խոշոր պատերազմներում առաջին անգամ ի ցույց դրեց նույն այս ժամանակ եվրոպական ռազմական համակարգի կողմից ստեղծված, ակտիվորեն կիրառվող և օսմանյան ռազմական մեքենայի կողմից հաջողությամբ փոխառնված էական այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք էին, օրինակ, մի քանի բանակների ուժերով բանակային համակարգված գործողություններ իրականացնելը, ռազմավարական կոնկրետ նպատակներ դնելը և նախապես ծրագրված հստակ միջոցառումներով դրանց հասնելը, հաղորդակցման ուղիների վրա մշտական հսկողություն ունենալու ձգտումը, կայազորային խոշոր ուժերի կիրառումը, ռազմական գործողությունները դիվանագիտական, քաղաքական ու տեղեկատվական միջոցառումներով ուղեկցելը և այլն: Այս ամենը, որն իր որոշ տարրերով մեծապես ընկած է նաև նույնիսկ ներկայիս պատերազմական համակարգերի հիմքում, իր արմատներով գնում էր դեպի հունա-հռոմեական ժամանակները և, մեծապես մոռացված Միջնադարում, Նոր ժամանակներում վերհիշվել, ժամանակի պահանջների համապատասխան վերափոխվել ու հաջողությամբ կիրառվում էր եվրոպական ռազմական համակարգում: Այսպիսով, չնայած սեփական մահմեդական, իսկ քաղաքակրթական մակարդակում էլ բնականաբար հայեցակարգային ասիական բնույթին, հենց Թուրք-Պարսկական պատերազմներում էր, որ ասիական ռազմական համակարգը, ի դեմս Սեֆյանների շահության, մեծամասշտաբ պատերազմում, ըստ էության, առաջին անգամ ընդհարվեց եվրոպական ռազմական համակարգի հետ, ի դեմս Օսմանյան սուլթանության:

Թուրք-Պարսկական պատերազմներում ռազմավարական նախաձեռնությունը, մի կողմ թողնելով պարսկական կողմի ակտիվության առանձին բռնկումներ, մեծ հաշվով մշտապես գտնվում էր օսմանյան կողմում և այս առումով նմանությունը Հռոմեա-Պարթևական պատերազմների հետ կրկին զարմանալիորեն ակնհայտ է։ Այս հանգամանքը ամենից առաջ պայմանավորված էր ռազմավարչական և կազմակերպչական մակարդակներում օսմանյան ռազմական մեքենայի ունեցած առավելություններով, վերջինիս ունեցած ուժերի, որպես կանոն, առկա զգալի գերակշռությամբ, ինչպես նաև օսմանյան ռազմական մեքենայի տեխնիկական գերակշռությամբ։ Խոսքն ամենից առաջ կրկին վերաբերում է հրաձգային զենքերի և հրետանու կիրառությանը, սակայն ոչ պակաս կարևոր դեր ուներ նաև պետության ընդհանուր կայացվածության մակարդակը, քանի որ բյուզանդական ու եվրոպական ավանդույթները ժառանգած Օսմանյան սուլթանության ռազմավարչական համակարգը, հատկապես սկզբնական շրջանում, մի գլուխ բարձր էր ասիական կառավարման սկզբունքների հիման վրա գործող Սեֆյանների ռազմավարչական համակարգից։

Թուրք-Պարսկական պատերազմներում ռազմավարական հիմնական բաղադրիչը, հատկապես դրանց առաջին խմբում, ինչպես հռոմեական բանակի պարագայում էր լինում պարթևների դեմ արշավելիս, Օսմանյան սուլթանության լավ զինված ու հսկայաքանակ բանակի արշավանքն էր, որի կենտրոնացումը սկսվում էր անդրեփրատյան տարածքներում և որը դրանից հետո առաջանում էր արշավանքի հիմնական կամ լրացուցիչ ուղղություններով։ Օսմանյան սուլթանության բանակների համար դեպի արևելք արշավանքի հիմնական ուղղությունը Սեբաստիա-Կարին-Բասեն-Բագրևանդ-Մասյացոտն-Արագածոտն-Ոստան Հայոց-Արած-Ուրծաձոր-Նախիջևան-Գողթն-Բաքեան-Գաբիթյան-Թավրիզ ուղղությունն էր, որի դասական օրինակներին մենք հանդիպում ենք 1514, 1534, 1548, 1554, 1585, 1586, 1604, 1605, 1609, 1616, 1618 և 1635 թվականներին։ Այս պարագայում, որպես կանոն, շարժի մեջ էին մտնում առնվազն 100.000, իսկ ավելի հաճախ՝ մի քանի հարյուր հազար հոգանոց կազմ ունեցող բանակներ, որոնք ռազմավարական խնդիր էին ունենում տիրել Թավրիզին, իսկ հետագայում էլ, ըստ հնարավորության, գրավել Արդեբիլը, Համադանը և Ատրպատականի այլ խոշոր կենտրոններ՝ վերջնականապես դուրս մղելով Սեֆյանների շահությանը Հայկական լեռնաշխարհից ու հարակից երկրամասերից։

Այս խնդիրը, որպես կանոն, առանց որևէ ակտիվ դիմադրության հանդիպելու (օրինակ՝ 1514, 1534, 1585 և 1586 թվականների արշավանքներ) համեմատականորեն հեշտ (օրինակ՝ 1548, 1554 թվականների արշավանքներ) կամ հակառակորդի բանակի պասիվ դիմադրության պայմաններում, երբ վերջինս սահմանափակվում էր միայն հակառակորդի արշավանքի ուղին ամայացնելով և անկանոն հարվածներով (օրինակ՝ 1606, 1610, 1616, 1618 և 1635 թվականների արշավանքներ), հաջողվում էր իրականացնել բավականին հաջող։

Որպես արշավանքի երկրորդական ուղղություններից մեկը հանդես էր գալիս առաջխաղացումը դեպի Բաղդադ, ընդ որում այս պարագայում ևս ուժերի կենտրոնացումը կրկին սկսվում էր Եփրատի վերին հոսանքներում ձգվող անդրեփրատյան տարածքներում, ուղղակի դրանից հետո Օսմանյան սուլթանության բանակը այս կամ այն ճանապարհով իջնում էր դեպի Բաղդադ: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ արշավանքի երկրորդական այս ուղղությունն իրենից, որպես կանոն, ներկայացնում էր հիմնական ուղղությամբ արշավանքի ընդամենը միայն օրգանական շարունակությունը, ինչը հանդիպում է օրինակ 1534 կամ 1625 թվականների արշավանքներում։ Այս առումով հարկ է նշել, որ, քանի որ Բաղդադը արագորեն հայտնվեց օսմանյան իշխանության տակ և արդյունքում վերջինս փաստորեն տիրեց ողջ Միջագետքին, այս ուղղությամբ ռազմավարական լուրջ նպատակակետեր այլևս չլինելու պատճառով էր հենց, որ այն վերածվեց երկրորդականի։

Արշավանքի երկրորդական ուղղության մեկ այլ տարատեսակ էլ իրենից ներկայացնում էր հյուսիսայինը` առաջխաղացումը Վրաստանի տարածքով դեպի Աղվանք, որի կիրառությունը հանդիպում են 1578 և 1723 թվականների արշավանքներում։ Այս երթուղու առավելությունը կայանում էր նրանում, որ այս պարագայում կարծես ապահովվում էր արշավանքի ձախ կամ հյուսիսային թևը, ընդ որում վերջին պարագայում շեշտը դրվում էր ոչ թե կայծակնային, այլ փուլային հաջողության հասնելու վրա` կտրելով հակառակորդին Արաքսից հյուսիս ընկած տարածքներից և աստիճանաբար ճնշելով այստեղ առկա դիմադրության բոլոր օջախները։ Այս առումով հարկ է նշել, որ նույնիսկ 1918 թվականի արշավանքն իր բնույթով դարերով ձևակերպված օսմանյան հիմնական հարվածի փորձված տարբերակի, ըստ էության, վերջին արտահայտությունն էր։

Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում օսմանյան ռազմական մեքենայի նետած և վերևում արդեն իսկ նկարագրված մարտավարական մարտահրավերին ռազմական տարբեր համակարգեր պատասխանեցին տարբեր կերպ` փորձելով տալ այս կամ այն լուծումը։

Մամլուքյան ռազմական մեքենան, օրինակ, փոխվելու միայն չնչին փորձեր արեց, սակայն այդպես էլ ժամանակ ու միջոցներ չունենալով լիարժեք վերակազմակերպվելու, հետագայում ուղղակի վերացավ` ըստ էության, ընդգրկելով օսմանյան ռազմական համակարգում և ավելացնելով վերջինիս հեծելազորի դրական հատկանիշները։

Իրենց հերթին, մեկ անգամ օսմանների հիշատակված մարտավարության դեմ պարտության դառնությունը ճաշակելուց հետո Աղ-Ղոյունլուները դրանից հետո ամեն կերպ խուսափում էին նոր մեծամասշտաբ ընդհարումից և, քանի որ օսմաններն իրենք էլ նույն այդ ժամանակ Արևելքում առաջանալու լուրջ փորձեր չէին անում, վիճակը քիչ թե շատ կայուն դրության մեջ հնարավոր եղավ պահել մի քանի տասնամյակ շարունակ։ Այսպիսով, կապված դեպքերի բարենպաստ զարգացումների հետ, Աղ-Ղոյունլուների ռազմական մեքենան առժամանակ խուսափեց օսմանյան ռազմական մեքենայի հետ նոր բախումից, սակայն կուտակված խնդիրների ամբողջությունն իր ողջ ծավալով վերջինս փոխանցեց արդեն Սեֆյաններին, որոնք խուսափել ընդհարումից այս անգամ արդեն որևէ կերպ չէին կարող՝ չասած դեռ այն մասին, որ սեփական չհաշվարկված և անխոհեմ գործողություններով նույն այդ ընդհարումը հրահրեցին ամենից առաջ հենց իրենք։ Արդյունքում՝ խնդրին ամենալավ լուծումը ապահովեց հենց եվրոպական և, մասնավորապես գերմանական ռազմական մեքենան, որի գլխավոր կիրառողը Հռոմեական «սրբազան» կայսրությունն էր:

Իրոք, չհետևելով օսմանյան ռազմական համակարգի հետ ընդհարումում սեփական պարտության ծանր բաժինը կրած հունգարական ռազմական մեքենային, փոխարենը Հռոմեական «սրբազան» կայսրության ռազմավարչական համակարգը առաջիկա ողջ հարյուրամյակում աստիճանաբար ստեղծեց իր մեջ իսպանական և գերմանական ռազմական լավագույն ավանդույթները ներառող ու գծային հետևազորի ուժերի հիման վրա գործող բանակային սկզբունքորեն նոր մի մեքենա: Արդյունքում՝ արդեն մյուս հարյուրամյակում, այն էլ օսմանյան ռազմավարչական և պետական ողջ համակարգի դեգրադացման ու տեխնիկական հետագա առաջընթացից հետ մնալու պայմաններում, եվրոպական ռազմական համակարգը օսմանյան ռազմական համակարգի նկատմամբ վերջնականապես ապացուցեց իր սկզբունքային առավելությունը։ 

Մհեր Հակոբյան