Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հասանք նրան, որ երբ դու գրում ես, թե պետք չէ ուրախանալ ոստիկանի մահով, նշանակում է «դավաճան շուն» ես:
Կան ուրիշ տարբերակներ էլ. մի մասը քեզ կարող է ասել, թե բա ո՞ւր էիր, որ հայ ժողովրդի նկատմամբ սպիտակ եղեռն էին իրագործում, երբ սահմանին մեր զինվորներն էին զոհվում, երբ այս կամ այն մեծահարուստն իր այս կամ այն օբյեկտում ծեծելով սպանում էր այս կամ այն քաղաքացուն: Ինչո՞ւ այդ ժամանակ «մարդասպանություն է եղել» չէիր գրում, հիմա ես գրում, կնշանակի ծախված ես, կամ դավաճան շուն:
Այն օրի հասանք, երբ ոստիկանը մարդ չէ, մարդն էլ կարևոր չէ՝ մեկն ավել, պակաս, ի՞նչ տարբերություն: Ոստիկանը տուն չունի, ընտանիք չունի, երեխա չունի, նրան չեն սպասում, նրա երեխան նրանից ամեն օր կոնֆետ չի ուզում, գիրկը չի նստում, հետը չի նկարում՝ նրա բերած նոր գունավոր մատիտներով: Կնոջ հետ նա երեկոյան զովին դուրս չի գալիս զբոսնելու, ընկերների հետ երբեմն չի հանդիպում՝ գարեջուր խմելու, կյանքում երբեք «սիրում եմ» բառերը չի արտասանում, մի խոսքով` մարդ չէ:
Ու ո՞ւր եք այսպես գնում, տղաներ եւ աղջիկներ, դեպի նոր Հայաստա՞ն: Իսկ դա ո՞րն է, այսինքն հնից՝ այսօրվա Հայաստանից ինչո՞վ է տարբերվելու, գուցե նրանով, որ այնտեղ մարդ չե՞ն սպանելու, բոլորն օրենք են պահելու, պահպանելու…
էհ, բա ինչո՞վ է առաջնորդվել այն ոստիկանը, երբ տեսել է, որ զինված խումբը մտել է ոստիկանական գունդ և կրակել է: Օրենքով չի առաջնորդվե՞լ: Լավ պատկերացրեք` նոր Հայաստանն է, եւ մի խումբ զինված մարդիկ մտնում են ոստիկանական բաժանմունք, բա այնտեղ ծառայող ոստիկաններից մեկը զենքը չի հանելո՞ւ, չի կրակելո՞ւ եւ դա մինչև վերջին փամփուշտը չի անելո՞ւ:
Տղերք, գուցե դուք լավ բան եք ուզում, բայց դուք հանցագործություն եք արել: Ես հասկանում եմ, որ բոլոր հեղափոխություններն էլ սկզբում հանցագործություն են, բայց խնդիրն այն է, որ հիմա ձեր հեղափոխության սկզիբն է, ու դա կոչվում է հանցագործություն: Հրաշալի է, որ ինքներդ դա հասկանում եք, ընդունում եք, ցավում եք, որ մարդ է սպանվել, որ մարդ եք սպանել, բայց, տղերք, ձեր համակիրները, որոնք ցերեկները՝ շոգին ֆեյսբուքում են, երեկոները՝ զովին փողոցում, բայց ոչ բոլորը, քանի որ ֆեյսբուքում ճակատամարտը տանողներ էլ են պետք, ուրեմն ձեր այդ համակիրները գտնում են, որ ոստիկանը մարդ չէ, որ պետք չէ ցավել, որ պետք է ցավել, բայց մինչ այդ եղած մարդասպանությունների համար, ձեր կատարածը հետեւանք է, բայց տղերք, դուք հո գիտեք, որ մարդասպանությունը հանցագործություն է, անգամ եթե հետեւանք է, մանավանդ, եթե հետեւանք է, որովհետեւ հետեւանք մարդասպանությունը աշխարհում չի նվազեցնում մարդասպանների թիվը:
Նամակ գրեք ձեր համակիրներին, զանգեք նրանց, եթե համարներն ունեք եւ հրահանգեք, եթե ձեզ մոտ հրահանգումն ընդունված չէ, խնդրեք, որ չուրախանան մարդու մահով, չէ՞ որ դուք չեք ուրախանում, չէ՞ որ դուք ցավում եք: Ասացեք նրանց, որ մարդասպանություն դուք չէիք ուզում. նա կրակեց, դուք էլ կրակեցիք, եւ դա հանցագործություն է, ասացեք բոլորին, մի մասը կհասկանա, գուցե: Մեծ մասն էլի չի հասկանա, որովհետեւ մենք հասանք այն օրին, երբ մարդասպանությունը կարող է ողջունվել, երբ մարդ է սպանվել, եւ դա ուրախալի է ոմանց համար:
Ու այնպես չէ, որ այս իրավիճակի պատասխանուն իշխանություններն են միայն, դուք էլ եք, որովհետեւ ոչ մի համապետական ընտրության չեք մասնակցել ու նշում եք, թե ուրիշ ճանապարհ չունեիք, բացի զինված հարձակումը: Ո՞վ ասաց, որևէ ընտրության մասնակցե՞լ եք: Հասկանալի է, որ մեր երկրում այդ ընտրությունների արդյունքը գուշակել շատ հեշտ է, բայց դուք փորձե՞լ եք: Գուցե հավատային ձեզ եւ գուցե դուք լինեիք հայաստանյան այն միակ ընդդիմությունը, որը կկարողանար տեր կանգնել իրեն տրված ձայներին: Դուք չեք փորձել: Չեք փորձել ու ասում եք, թե ուրիշ ճանապարհ չունեիք: Ունեիք, հիմա՝ չգիտեմ:
Մի բան գիտեմ, որ զզվելի է այս ամենը, որ ոչ թե դուք եք ահաբեկչություն արել, այլ ձեր համակիրներն են անում՝ ողջունելով մարդու մահը: Ձեր արածը մոռանալու ենք, հիշելու ենք, բայց միայն պատմության դասագրքերը թերթելիս, բայց ձեր համակիրների արածը դեռ երկար չենք մարսելու, եթե իհարկե մարսենք: Սա հոգեբանական ահաբեկչություն է, ահաբեկչություններից ամենազիլը, նրանց բոլորի «պապան»:
Մարդու, անմեղ մարդու մահը սգալը դավաճանություն չէ, որովհետեւ մենք բոլորս մարդ ենք, քանի դեռ մենք բոլորս մարդ ենք:
Հովիկ Աֆյան