կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-24 00:55
Առանց Կատեգորիա

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ  ՇՐՋԱԴԱՐՁ
                 
                   

                                                                                                                               Տապա՞րն է ջախջախ դռանըս կուրծքին.

                                                                                                                                                    -Ջարդն է, դուռըդ բա՜ց…

                                                                                                                                                                 Ռուբեն Սեւակ

 


Ներքին մի կանխատեսությամբ Հայաստանի պատկերը ջարդով է ներկայացնում Ռուբեն Սևակը 1909թ. գրված «Հայաստան» բանաստեղծությունում: Դժվար է գտնել ուրիշ մի ժողովուրդ, որի կյանքի մասը դեռևս 1915 թվականից առաջ դարձած լիներ ջարդ հասկացությունը, վերածվելով թե՜ ժամանակ և թե՜ աշխարհագրական որևէ վայր ցույց տվող բառի`  ջարդի տարի, ջարդի ձոր և այսպես շարունակ: Ջարդը՝ որպես հավաքական մի հասկացություն դարձել էր անգամ գրական կերպար ու պատկեր: Ջարդի հոգեբանությունը ձևավորել էր զոհի կերպարը, զենքը թողնելով մեր հարևաններին, իսկ մեզ վերապահելով աշխատանքի գործիքները`  ստեղծելով հայ հողագործի գութանա-արորային մշակույթը աշխատանքի երգերով:

Արցախյան շարժումը երբ սկսվեց, մենք դեռ կրում էինք անցյալի ողբերգական հիշողության այս ծանր բեռը: Համազգային ոգևորությանը ու խանդավառությանը զուգընթաց կար նաև ներքին այն տագնապը, որ հանկարծ մի նոր ջարդ չլինի, և Սումգայիթից հետո նորից վերհիշվեց զոհի ավանդական կերպարը:

Հայության երկու հատվածների  վերամիավորման քաղաքական պահանջը մեր ինքնագիտակցության մեջ արտացոլվեց մերկացրած յաթաղանով  ջարդարարից սարսափահար դեպ մոր գիրկը նետվող մանկան տեսքով: Մայրը ձեռքերը պարզել էր դեպ իրեն վազող մանկանը, իսկ աշխարհին ուղղված հայացքը գութ էր աղերսում և ասես հիշեցնում էր 1915 թվականը:

Մանկան ճիչը մոր միջոցով աշխարհին լսելի դարձնելը վերածվեց քաղաքական մի գործելակերպի, որը, սակայն, հանգեցրեց միայն Բաքվի ջարդերին և մի շարք տեղահանությունների, ուստի Արցախահայությունը հասկացավ, որ այդ ճանապարհը տանում է առանց կռվելու պարտության, և անկռիվ պարտությանը հակադրեց կռվելով հաղթելը, որի առաջին քայլը դարձավ ԼՂՀ հռչակումը:

Լեռնային Արցախի հանրապետության ստեղծումը, սակայն, ոչ միայն ռազմաքաղաքական, այլև հոգեբանական առումով բեկումնային դարձավ: Յաթաղանի առջևից փախչող երեկվա անօգնական մանուկը դարձավ հակատանկային նռնականետով թշնամու զրահատեխնիկային ընդառաջ գնացող հայրենիքի զինվորը: Մայրական ճիչի փոխարեն նա աշխարհին լսելի դարձրեց հակառակորդի յուրաքանչյուր հարվածին տված իր պատասխանի արձագանքը`  հավաստելով այն իրողությունը, թե երկրամասի վրա բարձրացող յաթաղանը բումերանգի նման կհարվածի բարձրացնողի գլխին:

Զոհ լինելուց արդեն հոգնած ժողովուրդը զենք վերցրեց, որ էլ երբեք ակոսը նետվող ցորենի հատիկին չխառնվի հայ ժողովրդի թափվող արյունը, և սկսվեց պատերազմը…

Ինքնապաշտպանության ճանապարհին պարզվեց, որ կարող ես լինել հաղթող կամ պարտվող, բայց ոչ երբեք զոհ, որովհետև զոհից կամ խլում են և կամ էլ որպես օգնություն ինչ որ բան նվիրում, բայց զոհը ինքը ի վիճակի չէ որևէ բան նվաճելու: Եվ նվաճված ամեն մի բարձունք և ետ մղված ամեն մի գրոհ, հակառակորդի խփված ամեն մի տանկ ու գերի վերցված ամեն մի զինվոր մեր միջից վանեցին զոհին:

1993թ. Քելբաջարի մարտերում ռազմավար վերցված մի քանի տանկերի  օրինակը ասվածի լավագույն մեկնաբանությունն է: Նախ ասենք, որ 1990-ական թթ. առաջին կեսին Արցախի ինքնապաշտպանության ուժերի ձեռքին գտնվող զրահատեխնիկայի զգալի մասի պատմությունը արտացոլվում էր նրանց վրա դաջված զինանշաններով և դրոշներով: Այս շարքում բոլորից հինը ու խունացածը խորհրդային բանակի խորհրդանիշ կարմիր աստղն էր: Դրա կողքին Ադրբեջանը այնուհետև ավելացրեց իր դրոշը, որի կողքին հաճախ պատկերվում էր նաև թուրանական անապատներից եկած և լուսնի մահիկի տակ ոռնացող գայլը` պանթուրքիզմի գաղափարների խորհրդանիշը:

Քելբաջարի կրակակետերի լռեցվելուց հետո Օմարի լեռնանցքից վար իջած Մարդակերտի գնդի մի քանի վաշտերը դիրքային հերթափոխի ընդունված կարգով Հաթերք վերադառնալիս իրենց հետ բերեցին նաև գրավված մի քանի տանկ: Ջնջելու գիծը քաշեցին տանկերի նախորդ նշանների վրա և նրանց կողքին ավելացրեցին մեր ազգային Եռագույնը, որը 1993թ. ապրիլյան այդ օրերին լեռնային զմրուխտյա կանաչի մեջ հուրհրում էր նոր ներկված գույների փայլով:

Այդ ժամանակ Հաթերքում էր գտնվում մի պատվիրակություն, որի կազմում կային  մի քանի սփյուռքահայեր: Նրանցից մի կին, տեսնելով ջնջված նշանների կողքին փայլող հայկական Եռագույնը, մեկեն ճչաց և հեկեկալով սկսեց կրնկնել. ՙՄեծ մամա, դու ճիշտ չէիր՚: Երբ անցավ նրա այս առաջին պոռթկումը, փորձեցի հարցնել, թե ինչով կարող էր այս տանկերի հարցում ճիշտ լինել կամ չլինել հեռավոր Ամերիկայում ապաստանած նրա մեծ մայրը:

Այս կինը ասաց, որ իր տատը ամեն անգամ Եղեռնի ու գաղթի մասին պատմելիս նաև ասել է, որ թուրքը ուժեղ էր, և պետք է լիներ այնպես, ինչպես որ եղավ: Եվ հիմա այս կինը, նայելով զինվորների հնամաշ հանդերձանքին, նրանց ուժասպառ ու հոգնած հայացքներին և Օմարի լեռնանցքի արևի տակ փայլող ձյուների կուրացնող սպիտակից բորբոքված աչքերին և նույն այդ զինվորների` հակառակորդից վերցված տանկերի վրա դրոշմվող հայկական Եռագույնին, մտքում կայծակել էր, որ իր մեծ մայրը սխալվում էր՝ ասելով, թե 1915 թվականին այլ կերպ չէր կարող լինել:

Եվ սա հոգեբանական մի շրջադարձ էր, որը կատարվեց մեր ողջ ժողովրդի հետ՝ մեզ մեծապես ազատելով զոհի կեղեքող բարդույթից, մեզ դարձնելով պաշտպանը մեր արդար իրավունքների:

 

   ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ