Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական և ադրբեջանական ինֆորմացիոն աղբյուրները վերջին երկու շաբաթներին ինտենսիվ տեղեկատվություն են հրապարակում մեծ քանակությամբ հարձակողական տեխնիկայի` տանկերի, հրթիռային համակարգերի և համալիրների գնումների` ռուս-ադրբեջանական նորանոր գործարքների մասին:
Տարօրինակ զուգադիտությամբ տեղեկատվական նման ինտենսիվ արտահոսքերը խմբավորված ապահովվում են հատկապես հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկող ճգնաժամային կամ նախաճգնաժամային իրադրություններում: Նախորդ տարվա կեսերից տեղեկատվական այդպիսի գրոհ տեղի ունեցավ, երբ վերջնականապես հաստատվեց, որ Հայաստանը պատրաստվում է 2013թ. նոյեմբերին ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Դրանք դադարեցին, երբ Հայաստանի նախագահը հայտարարեց ԵՄ ասոցացման փոխարեն Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհն ընտրելու մասին:
Ներկա պահին նման հարձակում սկսվել է Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի գագաթաժողովին ընդառաջ, որտեղ նախատեսվում է հաջող բանակցությունների դեպքում ստորագրել Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը: Թեեւ նախագահ Սերժ Սարգսյանը ևս այդ գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել, սակայն ո'չ ԵՏՄ-ին ու ո'չ էլ Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարց, կարծես, օրակարգում չկա: Ռուսական լրատվական և փորձագիտական շրջանակներից հնչող ենթատեքստային մեղադրանքներից կարելի է հասկանալ, որ դրա հիմնական պատճառ է համարվում ՄՄ-ին միանալուց հետո Հայաստանի` ԼՂ-ից ինքնըստինքյան սահմանազատվելուց խուսափելու ձգտումը:
Անկախ այն բանից` որքանով են ռուսական և ադրբեջանական կողմերի գործողությունները համաձայնեցված, դրանք ծառայում են մեկ ընդհանուր նպատակի` Հայաստանի իշխանություններին և հասարակությանը ենթարկել ոչ միայն զուտ տեղակատվական, այլև քարոզչական և հոգեբանական ահաբեկչության, սերմանել պանիկայի մթնոլորտ, պարտվողական տրամադրություններ: Այնպիսի տպավորություն է, որ սպառազինությունների մրցավազքում և քարոզչական դաշտում Ռուսաստանն Ադրբեջանի հետ տանդեմ է ստեղծել Հայաստանի դեմ: Սրանց ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Մոսկվայում իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարում է, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում այսօր բարենպաստ իրադրություն է ստեղծվել: Թե նա ի՞նչ նկատի ունի և ի՞նչն է նման լավատեսության հիմքեր տալիս, Դավութօղլուն չի մանրամասնել: Սակայն այն փաստը, որ դրան Լավրովը, կարծես, որևէ կերպ չի արձագանքել, ցույց է տալիս, որ ոչ միայն ԼՂ հիմնահարցը և, առհասարակ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը եղել է նրանց բանակցությունների հիմնական թեմաներից մեկը, այլև այդ հարցում կողմերի միջև առնվազն որոշակի փոխըմբռնում է ուրվագծվել, ինչից և կարող է բխել ռուս-ադրբեջանական հոգեբանական-տեղեկատվական այս էքսպանսիան: Եթե այդպես է, ապա հնարավոր է` գործ ունենք ԼՂ-ի թիկունքում պլանավորվող մի մեծ դավադրության հետ, որի ողջ էությունը Հարավային Կովկասը Ռուսաստանի և Թուրքիայի միջև «բաժանելն» է` ԼՂ հակամարտության գոտում այդ երկուսի շահերից բխող նոր ստատուս քվո ապահովելու միջոցով:
Որ դա հավանական է, վկայում է ոչ միայն Հարավային Կովկասի պատմությունը, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն ակտիվացնելու հարցում վերջին շրջանում Արևմուտքի դրսևորած շտապողականությունը, այլ նաև Ադրբեջանի անթաքույց դեմարշը Մինսկի խմբի նկատմամբ և հենց այս փուլում Ադրբեջանի ներքին ժողովրդավարության հետ կապված խնդիրները ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սրելու ակնհայտ շահագրգռությունը, որոնց պատճառահետևանքային կապերին դեռ կանդրադառնանք:
Սակայն այս պահին կարևոր է դառնում հարցը, թե որքանո՞վ են Հայաստանի իշխանությունները նման զարգացումները համարում իրատեսական և որքանո՞վ են պատրաստ դրանց: ՀՀԿ համագումարում երկրի ղեկավարը որևէ անհանգստություն չցուցաբերեց ոչ միայն ստատուս քվոյի հնարավոր փոփոխության, Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, այլ նաև ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում ի հայտ եկած խնդիրների կապակցությամբ: Պաշտպանության նախարարը վերջին օրերին շփման գծում նկատվող լարվածության էսկալացիան գնահատեց «ոչ արտառոց» և չցանկացավ դրա ներքո որևէ միտում տեսնել: Ավելին` նախարարն այսօր, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ խմբաքանակներով զինտեխնիկա վաճառելու գործընթացի շարունակման իրողությանը, հայտարարել է, թե Ռոււսաստանն իրավունք ունի, իր պլանների համաձայն, ինքնուրույն ռազմատեխնիկական քաղաքականություն իրականացնել, և որ դա չի խաթարում բալանսը շփման գծում:
Թվում է, որ եթե Ռուսաստանն Ադրբեջանին ատոմային զենք էլ վաճառի, պաշտոնական Երևանը շարունակելու է նույնը պնդել: Բայց եթե նախկինում հնարավոր էր նման հայտարարություններով «կերակրել» հանրությանը, ապա հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հագեցվածության իմաստով խզումն այնքան է մեծացել, որ նախարարի հայտարարություններն ավելի շատ իրականությունը դրանով ծածկելու տպավորություն են թողնում: Որքան Ռուսաստանն ավելի շատ է զենք վաճառում Ադրբեջանին` Հայաստանի բացարձակ ալտրուիստական հանգստության պայմաններում, այնքան ավելի է ակնհայտ դառնում ռուսներին որևէ ձևով չնեղացնելու, այդ գործարքներով իր` որպես ռազմավարական գործընկերոջ արժանապատվությունը վիրավորելու իրողությունը լայն ժպիտով ծածկելու հակումը:
Եվ որքան ջանասիրաբար է Հայաստանը ցուցադրում այդ գործարքների նկատմամբ իր հանդուրժողականությունը, հարմարվողականությունը, այնքան Ռուսաստանն ավելի է արհամարհում նրա շահերը, և դա, ինչ խոսք, լրիվ արժանի հակադարձում է: Հենց դա է հնարավոր դարձնում նման քարոզչական ու հոգեբանական տանդեմները, էքսպանսիան և Մոսկվային տալիս ԼՂ հարցում իրեն լրիվ սեփականատեր զգալու լիարժեք իրավունք: Իսկ սեփականատերը, ինչպես հայտնի է,ազատ է իր սեփականության հետ վարվելու այնպես, ինչպես ինքն է ուզում:
Գևորգ Աղաբաբյան