կարևոր
2656 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-07 13:03
Քաղաքական

Արցախում հոգեբանական լարվածությունը գնալով ավելի է սրվում, ինչը ավելի վտանգավոր է, քան թշնամու զենքը․ Նաիրի Հոխիկյան

Արցախում հոգեբանական լարվածությունը գնալով ավելի է սրվում, ինչը ավելի վտանգավոր է, քան թշնամու զենքը․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Արցախում հոգեբանական լարվածությունը գնալով ավելի է սրվում, ինչը ավելի վտանգավոր է, քան թշնամու զենքը։ Դա էլ Ադրբեջանը ունի իր հաշվարկներում, մանավանդ որ մենք բացարձակ ուշադրություն չենք դարձնում հանրության հոգեբանական վիճակին։

Հուսամ, հիմա Արցախի գյուղապետերը, քաղաքապետերը կամ համայնքային այլ պատասխանատուները զրուցում են իրենց բնակիչների հետ, համատեղ մշակում սադրանքի դեպքում կազմակերպչական հարցեր։ Դա ամենօրյա աշխատանքի մաս է, որպեսզի մարդը իրեն պաշտպանված և նույնիսկ թշնամու գոյության պայմաններում ուժեղ զգա։

Իմ սիրելի քույրեր ու եղբայրներ, անհանգստանալ ու մտահոգվել, նույնիսկ վախենալ, իհարկե, պետք է, բայց ոչ ավելին։ Վախն ու մտահոգությունը կարող են նաև օգտակար լինել, եթե դրանք հանգեցնում են մի բան ստեղծելու ցանկության ու աշխատանքի։

Մեր թշնամին ուզում է, որ Արցախցիները խուճապի մեջ չհասկանան իրենց արածն ու ասածը, լինի համատարած քաոս, ինչի հետևանքը ոչնչացումն է։

Հիշեք․ Ադրբեջանը ձեր տներ չի մտնելու, զորքը առաջ չի գալու, քանի որ կա զսպող ուժ, բայց թշնամին փորձելու է կրակելով կամ հրետանու հարվածներով ձեզ խուճապի մատնել։

Հիշեք, որ հնարավոր կրակոցների դեպքում չպետք է զանգվածաբար տներից դուրս թափվեք կամ փորձեք փախչել։ Դա ձեզ կդարձնի թիրախ։ Ուղղակի պետք է մտնել նկուղ ու սպասել մեր բանակի պատասխան գործողություններին։

Հիշեք, երբեք մի՛ փախեք։ Դա թշնամու ցանկությունն է, և ձեր փախուստի ժամանակ թիկունքից սպանելու է ձեզ։

Մնացեք ձեր բնակավայրերում, ամեն դեպքում վստահեք Արցախի բանակին ու անհրաժեշտության դեպքում թաքնվեք ապաստարաններում, նկուղներում։

Մնացած ամեն ինչ լուծելի է․․․»։