Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռուս-թուրքական հարաբերություններին և Հայաստանի վրա դրանց ազդեցությանը: «Յոթ ամիս է` մեր հասարակությունը բերկրանք է ապրում՝ ռուս-թուրքական հարաբերությունների էրոզիայի հետ կապված: Հիմա, երբ հակառակն է` վերականգնվում են այդ հարաբերությունները, մենք ընկել ենք խոր հուսավախության մեջ»,- ասաց նա` ընդգծելով, որ նման մոտեցումը սխալ է համարում, քանի որ այդ հարաբերությունների լավացումը կամ վատացումը որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա:
«Մոտ երեսուն տարի Թուրքիան ուզում է մտնել Եվրամիություն, բայց` ապարդյուն: Սիրիայում և Իրաքում բարդ է Թուրքիայի քաղաքականությունը, քրդական հարցի հետ կապված` ևս լուրջ խնդիրներ ունի: Էրդողանը խոցեց ռուսական ինքնաթիռը և ընկավ ամենատարբեր հոգեվիճակների մեջ, և նրան այժմ այլ բան չէր մնում, քան սողեսող գնալ դեպի Մոսկվա»,- ասաց Նավասարդյանը:
Ըստ նրա` Ռուսաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ լավացնել հարաբերությունները, որ իրեն ապահովագրի Թուրքիայից եկող հնարավոր ոտնձգություններից: «Ռուսաստանը ցանկանում է, որ Թուրքիան իր հետ լինի կամ չխանգարի սիրիական խնդիրների լուծման հարցում»,- նշեց դեսպանը:
Նավասարդյանի խոսքով՝ Թուրքիան մի իրավիճակում է, որ պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Ի դեպ, բանախոսը կարծիք հայտնեց նաև, որ ռուս-թուրքական հարաբերություններն ամեն հարցում չէ, որ լավացել են:
«Հայաստանի դիվանագիտությունը պետք է լինի համակարգված: Հայաստանը պետք է շարունակի խաղալ երկու բլոկների միջև՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի, և Հայաստանի բոլոր հնարավորությունները խոսում են այն մասին, որ մենք կարող ենք լուրջ դեր խաղալ այս երկու տեղերում էլ: Մենք արևելյան քաղաքականության մաս ենք կազմում, ունենք հզոր սփյուռք և, եթե աշխատենք բոլոր ուղղություններով, միայն ու միայն կարող ենք շահել»,- ասաց Նավասարդյանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակներին՝ նա նշեց, որ Ալիևը չի կարող ռազմական դոկտրինը փոխարինել դիվանագիտականով: Նավասարդյանը նաև կարծիք հայտնեց, որ պատերազմի վերսկսման հավանականություն է տեսնում:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը, որի մասին վերջերս ավելի հաճախ են սկսել խոսել հակամարտության կողմերն էլ, մյուս օղակներն էլ, արդյո՞ք կարգավորման միա՞կ տարբերակն է, Նավասարդյանը պատասխանեց. «Հարցը բարդ է: Ո՛չ Սերժ Սարգսյանն է դը Գոլը, ո\'չ էլ՝ Ալիևը: Ազգի գոյատևման մասին է խոսքը: Չեմ ուզում այդ բառն ասել, բայց կարծես թե անխուսափելի է»: