Վերջին օրերին ուշագրավ մի քանի դեպքեր տեղի ունեցան. նախ` իրավապահ մարմիններն այցելեցին Yerevan.today-ի գրասենյակ, հետո` Aysor.am-ի և News.am-ի խմբագրություն: Երեք դեպքում էլ լրատվամիջոցներ այցերի դրդապատճառները տարբեր էին, սակայն վերջին տարիներին նման նախադեպեր, կարծես, չէին եղել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ երեք դեպքում էլ խոչընդոտվել է լրատվամիջոցի գործունեությունը: Նրա խոսքով` քննչական մարմինների այցը խմբագրություններ մտահոգիչ է, և ինքը նոր իշխանություններից ակնկալում է հստակ ուղերձ, որ որքան էլ կարևոր լինեն քննչական գործողությունները, դրանք չպետք է խոչընդոտեն մարդու իրավունքների ապահովմանը և լրատվամիջոցների կանոնավոր գործունեությանը:
«Մի կողմից կարելի է հասկանալ քննչական մարմինների գործողություններն այն առումով, որ կա շատ լուրջ հանրային ակնկալիք իրենց գործողությունների վերաբերյալ, որպեսզի արդյունքի հասցնեն այն գործերը, որոնց հետևում են: Մանավանդ` բավականին աղմկալից գործեր են` երկրորդ նախագահի, գաղտնալսումների հետ կապված, այսինքն` մեծ սպասելիքներ կան, որ շուտով քննչական մարմինները բացահայտումներ են անելու: Ինչ-որ տեղ հասարակական ճնշում կա նրանց նկատմամբ: Սակայն դա չի նշանակում, որ քննչական մարմինները պետք է արհամարհեն այլ հանգամանքներ, որոնք կարևոր են արդար հետաքննության համար` մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, լրատվամիջոցների արդյունավետ գործունեության խնդիրները: Փաստորեն, սրանք հաշվի չէին առնվում և լրատվամիջոցներին իրենց օգնող անձանց թվին են դասում, այն դեպքում, երբ լրատվամիջոցներն այլ գործառույթներ ունեն»,- ասաց Նավասարդյանը:
Նրա խոսքով` իրավապահ մարմինների նման գործելաոճը կարող է հանգեցնել նրանց սանձազերծ քայլերի, ինչն ընդունելի չէ մեր հասարակությունում: Ըստ Նավասարդյանի` անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեական գործի հետ ենք առնչվում, ինչպես ենք վերաբերվում այս կամ այն անձին, որի դեմ քրգործ է հարուցվել`մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ու լրատվամիջոցների ազատությունը պետք է մեզ համար առաջնահերթություն լինեն:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք ոստիկանության ֆունկցիան է ուղղակի ինչ-որ նյութի հավաստությունը պարզելը, մանավանդ` եթե բողոքող կողմ չկա, այսինքն` այնպես չէ, որ ինչ-որ մեկը դիմել էր իրավապահ մարմիններին ու ասել, որ իր դեմ հերյուրանքներ են գրել, Նավասարդյանը պատասխանեց, որ իրականում լրատվամիջոցների նկատմամբ ընտրովի քաղաքականություն են վարում: «Ստացվում է այնպես, որ «ջոկողություն» են անում` որտեղ կարելի է մտել, որտեղ` ոչ: Այսինքն` իրավապահ մարմինները մտածում են, որ կարող են մուտք գործել այն լրատվամիջոցներ, որոնք ընդդիմադիր դաշտում են: Պետք է ուղերձ հղվի նրանց, որ, անկախ լրատվամիջոցի քաղաքական ուղղվածությունից, բոլոր ԶԼՄ-ները հավասար իրավունքներ ունեն, և այդ իրավունքները ոչ թե պետք է խախտվեն իրավապահ մարմինների կողմից, այլ պաշտպանվեն: Բացի այդ` լրագրողի աղբյուրների գաղտնության իրավունքը պաշտպանված է ոչ միայն մեր, այլ նաև միջազգային մի շարք օրենքներով, ուստի չի կարելի պահանջել բացահայտել նյութի աղբյուրը, մանավանդ, որ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց նա: