Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական փաշաներից Վեյիբը Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից` դաշնակցական Արամ Մանուկյանի ռազմավարական հանճարի առաջ խոնրահվել է, քանի որ, ոչ մի փամփուշտ չունենալով, Մանուկյանը հաջողեցրել է պատերազմի հանգուցալուծումը հօգուտ Հայաստանի շրջել և ռազմական տուգանք վերցնել թուրքական զորքից: Արամ Մանուկյանի շնորհիվ է շուրջ 300 հազար վանեցու կյանք փրկվել, իսկ այսօր նրա տունն անմխիթար վիճակում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին «Գրադարան» նախաձեռնության անդամները:
Նախաձեռնության անդամ Ռադիկ Կարապետյանը պատմեց, որ 1917-18 թվականներին Արամ Մանուկյանը բնակվել է ներկայիս Արամի 9-ը հասցեում գտնվող տանը, որի ճակատային մասը սև տուֆից է և կառուցվել է 1906 թվականին, ճարատարապետն է Բորիս Մեհրաբյանը, իսկ ներքին պատերը հում աղյուս են, որն իրենից ներկայացնում է հողե շաղախ: Արդեն 1990-ականներից շենքը համարվում էր վթարային: Նախաձեռնության անդամները նշեցին, որ շենքը գտնվում է «Հին Երևան» նախագծի շրջանակներում, բայց այդ նախագծով պահպանվելու է միայն տան ճակատը:
«Սա մենք համարում ենք անընդունելի, որովհետև Արամի տունը ոչ թե ճարտարապետական կարևորության է, այլ պատմական նշանակություն ունի, իսկ, ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի պատմական և մշակութային հուշակոթողները գտնվում են պետության հովանու ներքո»,- ասացին նախաձեռնության անդամները:
Ըստ նրանց` անթույլատրելի էլ, որ քանդվի հանրապետության հիմնադիր անձանցից մեկի տունը, որպեսզի նրա տակ կառուցվի ստորգետնյա ավտոկայանատեղի:
«Մեզ նվազագույնն է հետաքրքրում, թե ի՞նչ ճարտարապետական հնարքներ է պետք բանեցնել, թե ո՞ւմ շահերին է խանգարում այդ տունը, բայց դա մեր ազգային պատվախնդրության հարցն է: Մենք, լինելով Հայաստանի Առաջին հանրապետության իրավահաջորդ, նրա հիմնադիրներից մեկի տունը պահում ենք աղբանոցային վիճակում. բացի պետությունից, բնակչությունն էլ այն վերածել է աղբանոցի: Մեղավոր են և\' ժողովուրդը, և\' պետությունը»,- շեշտեցին նախաձեռնության անդամները:
Ըստ նրանց` խնդիրն այն է, որ մենք պետք է արժևորենք այն, ինչ ունենք, այն, ինչ պատմական է և պատմությունից է անցել մեզ, պետք է հարգենք մեր անցյալը, որպեսզի կառուցենք ապագան, իսկ Արամ Մանուկյանի տան վիճակը ուղիղ համեմատական է մեր այսօրվա վիճակին:
Yerkir.am-ի հարցին` եթե չստանաք ձեր նամակին պատասխան, ունե՞ք մշակած քայլեր, ի՞նչ գործողությունների կդիմեք, պատասխանեցին. «Մենք դրական պատասխանի չենք սպասում, ակնկալում ենք, որ պատասխանը լինելու է բարդ ստորադասական նախադասություններով ինչ-որ ոչ լիարժեք ու խնդրին լուծում չտվող պատասխան, ինչպես հարիր է իշխանությանը: Նամակն ավելի շատ ուղղված էր հանրությանը, հանրության ուշադրությունն այս խնդրին սևեռելուն: Հետագա քայլը լինելու է ստորագրահավաքը, քանի որ Սահմանադրությունը մեզ թույլ է տալիս անգամ Ազգային ժողովում օրենք առաջադրել` համապատասխան ստորագրությունների քանակ ապահովելով: Եթե կարող ենք օրենք առաջադրել, ապա կարելի է ստորագրահավաքով Արամի տան համար էլ հատուկ կարգավիճակի սահմանման հասնել»: