Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար, «Գաթա» բենդի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հենց տան մեջ մետաղաձողերով հիմք են գցել, ու 12 հարկանի շենք են կառուցում։
Մարդը մի օր զարթնել է, տեսել՝ իր տան միջով կանաչ մետաղյա ցանկապատ են քաշել, իսկ իր սեփականություն մեկհարկանի շինությունը, որ հատակագծով իր տան մի հատվածն է՝ էքսկավատորով քանդում են։
Սեփականության վկայականը ձեռքին գնացել է՝ հասկանալու ինչ պատմություն է, ասել են՝ իբրև թե դա ինքնակամ շինություն է, այնինչ այդպես չէ և կան դա հաստատող բոլոր փաստաթղթերը՝ հատակագծով գծած։ Ավելին, Անդրանիկ սարկավագը 40 տարուց ավելի ապրել ու գույքահարկ է մուծել այդ տարածքի համար։
Սա հանցագործություն է՝ ահազանգում է նա, իմ տունը քանդողը հանցագործ է, եկեք, պատասխանատվության ենթարկեք։
«Նոր քաղաքապետի գլխավորությամբ, վարչապետի առաջնորդությամբ թող գան մի հատ այստեղ, տեսնեն ինչ է կատարվում»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Նա նաև ստիպված է եղել օրենսդրական քաղվածքները տանել պատկան մարմիններին․ ցույց է տալիս քաղաքաշինության մասին օրենքը՝ 2-3 հարկանի տնից մոտակա բարձրահարկ շենքը պետք է առնվազն 18 մետր հեռավորությամբ կառուցվի, այնինչ իր տնից ապօրինի նորակառույցի հեռավորությունը 3 մետր էլ չկա։ Այն փակելու է Անդրանիկ սարկավագի տան ունեցած ընդամենը 2 պատուհանը, այլ կողմերից տունը պատուհան չունի, քանի որ հարևանների տներն են, այսինքն, արևն ամբողջովին խավարելու է իրենց ընտանիքի համար։
Սա դեռ ամբողջ աղետը չէ․ Անդրանիկ սարկավագի տան հիմքերը քանդել-բացել են, տանը քիպ ավելի քան 20 մետր խորությամբ փոս փորել, ու նորակառույց շենքի համար ավտոտնակներ կառուցել։ Անդրանիկ սարկավագի ամբողջ տունը ճաքել է։
Այս պատմությունն սկսվել է Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալուն պես․ շինարարությունը սկսել են, Անդրանիկ Մանուկյանը բողոքել է, մի որոշ ժամանակ անց կանգնեցրել են աշխատանքները, ասել՝ շինթույլտվությունը մինչև զրոյական մակարդակի համար էր տրված, զրոյական հարկով սահմանափակվելու են, այլևս չեն կառուցելու։
Բայց Հայկ Մարությանը, հրաժարականից անմիջապես առաջ, ստորագրում է այդ տարածքում 12 հարկանի բարձրահարկ կառուցելու թույլտվությունն ու նոր հեռանում․ Անդրանիկ սարկավագը սա էլ չի հասկանում, թե ինչ պատմություն է։
Նա բազմիցս ոստիկաններ է կանչել՝ իր տան ապօրինի քանդումը կանխելու պահանջով, այժմ ստիպված դատարան է դիմելու։
Մինչ այդ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի ընտանիքն ապրում է շինարարության մշտական աղմուկի ու փոշու մեջ․ տպավորություն է, որ հենց իրենց տան մեջ են աղմուկով սղոցում ու զոդում։
Այնինչ նա ստեղծագործական մշտական աշխատանքի ու անընդհատ երաժշտական փորձերի մեջ է։ Անդրանիկ սարկավագի կյանքն անտանելի է դարձել։
«Ես նաև բանահավաք եմ, Հայաստանի տարբեր շրջաններից երգեր եմ պեղել, այդ պեղումները մարգարիտներ են, ամեն մեկի օջախից, մեծ տատիներից, պապիներից բերել եմ, այդ մարգարիտների վրա աշխատել եմ, հղկել, դարձրել եզակի ասելիք, եզակի արվեստ և հնչում է, ամբողջ աշխարհը լսում է։ Ես ուզում եմ, որ այս ապօրինության հակազդման մասնագետներն էլ գան, այստեղ մարգարիտներ կան»,-ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․