Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետևանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ Մշակույթի նախարարություն չի ներկայացվել:
Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
Նրա խոսքով՝ երգչախմբի շենքը, որը գտնվում է Արամի 23 հասցեում՝ վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղի համար փորված փոսորակի հետևանքով:
«Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ): Անհասկանալի է պարոն Մեսչյանի՝ Մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ Մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից»,- նշել է Գալստյանը:
Մշակույթի փոխնախարարի պնդմամբ՝ դեռ 2018 թվականի օգոստոս ամսին Մշակույթի նախարարությունը դատախազութուն է դիմել հուշարձան շենքը վնասելու վերաբերյալ: Դատախազություն դիմելուց հետո քրեական գործ է հարուցվել: Տիգրան Գալստյանը հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին` ժամը 21:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հավելենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, մեկնաբանելով քաղաքի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստը, նշել է, որ կատարվածն անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք է: Ըստ նրա` շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:
Նշենք նաև, որ հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար հարմար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երևան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը: