կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 12:35
Քաղաքական

Զարգացման հայկական գործակալությունը լուծարելու և դրա պարտքերը մարելու համար պահուստային ֆոնդից գումար կհատկացվի

Զարգացման հայկական գործակալությունը լուծարելու և դրա պարտքերը մարելու համար պահուստային ֆոնդից գումար կհատկացվի

Կառավարության վաղվա նիստի օրակարգում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը հարց է ներառել, որով նախատեսվում է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի լուծարման գործընթացը կանոնակարգելու և պարտավորությունները մարելու նպատակով կառավարության աշխատակազմին 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականի ինն ամսում հատկացնել 9.195.300 ՀՀ դրամ:

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն, որի 100% բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են ՀՀ կառավարության աշխատակազմին, գտնվում է լուծարման գործընթացում: Մինչ լուծարման գործընթաց մտնելը ընկերության ֆինանսավորումն իրականացվում էր ՀՀ պետական բյուջեից:

ՀՀ 2015թ. պետական բյուջեով ևս նախատեսված էր «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին հատկացնել 122.262.900 ՀՀ դրամ, որի համար ՀՀ կառավարության աշխատակազմի և լուծարման հանձնաժողովի միջև կնքվել էր նվիրաբերության պայմանագիր:

Նշված պայմանագրի շրջանակներում նախատեսված էր «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի լուծարումն ավարտել 2015թ. ընթացքում, սակայն լուծարման ընթացակարգի համաձայն ընկերությունում իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքում արձանագրվեց 27.942.967 դրամ շահութահարկի գծով պարտավորություն:

Հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով, 2015թ. սեպտեմբերից ՀՀ ֆինանսների նախարարության, այնուհետ՝ ՀՀ ԴԱՀԿ ծառայության կողմից «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա դրված է արգելանք, իսկ ՀՀ պետական բյուջեից ընկերությանը վերջին ֆինանսավորումն իրականացվել է 2015թ. ապրիլ ամսին: Հաշվի առնելով, որ ընկերությունն անհրաժեշտ միջոցներ չուներ, իսկ նվիրաբերության պայմանագրի շրջանակներում նշված պարտավորությունը մարելու համար չհատկացվեց համապատասխան գումար (քանի որ ընկերության հաշիվը արգելանքի տակ է), ընկերության լուծարման գործընթացը 2015թ. ընթացքում հնարավոր չեղավ ավարտել:

Արդյունքում, ընկերությունը պարտավորություն ուներ ոչ միայն ՀՀ պետական բյուջեի հանդեպ, այլև ավելացավ ՀՀ ԴԱՀԿ ծառայության կատարողական գործողությունների ծախսերը, ինչպես նաև կուտակվեցին պարտավորություններ աշխատավարձի և այլ վճարումների գծով:

Վերը նշված շուրջ 28 մլն դրամ շահութահարկի գծով հարկային պարտավորությունն առաջացել էր «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման արդյունքում, ընդ որում՝ ընկերությունը պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերը ձեռք էր բերել ՀՀ կառավարության 2010թ. հոկտեմբերի 14-ի թիվ 1347-Ն որոշման համաձայն՝ վճարելով սեփականության իրավունքով իրեն պատկանող ք.Երևան, Չարենցի 17 հասցեում գտնվող՝ 1896,0 քառ.մետր շինությամբ և շենքի սպասարկման համար նախատեսված 0,0754 հեկտար հողատարածքով: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2016թ. հունվար ամսին իրականացվել է հարկային պարտավորության ամբողջական մարում, սակայն հարկային մարմնի զարգացման ֆոնդին ուղղվող ստուգման ակտով վճարման առաջադրված գումարի 10 տոկոսը՝ 2.794.296 դրամ, չի դիտարկվել որպես մարում:

Արդյունքում ընկերությունն ուներ 2.794.296 դրամի չափով գերավճար և նույն գումարի չափով շահութահարկի գծով պարտավորություն: Այսպիսով, հաշվի առնելով, որ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի կրեդիտորական պարտքերն ավելացել են 2.794.296 դրամով, մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 02.06.2016թ.-ի նիստում քննարկված ՀՀ կառավարության որոշման նախագիծը խմբագրվել է և ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվող գումարն ավելացել է 2.794.296 դրամով: «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի լուծարման մասին ՀՀ կառավարության 18.12.2014թ. N1523-Ն որոշման համաձայն՝ լուծարման ավարտի դեպքում ընկերության ՀՀ պետական բյուջեի գծով գերավճարի ստացման իրավունքը վերապահվելու է ՀՀ ֆինանսների նախարարությանը: