Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթիկում տեղի ունեցած հեղեղումներից տուժած քաղաքացիներից մի քանիսն այսօր եկել էին Երևան և լրագրողների հետ հանդիպման ընթացքում, որին ներկա էին Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանը, դժգոհեցին իրենց տրամադրված փոխհատուցումից: Ի դեպ, ասուլիսի ընթացքում հստակեցվեց, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրվող գումարը ոչ թե փոխհատուցման համար է, այլ` աջակցության:
Արթիկի քաղաքացի Յուրա Մողրովյանը նշեց, որ երկու օր գիշերել է տանիքում, քանի որ տանը հնարավոր չի եղել անգամ մի քանի րոպե ավելի գտնվել: «Ինձ համար կարևորը` տուն ունենամ, մոլորված ման եմ գալիս, որովհետև հնարավոր չէ ապրել այդ տանը: Մեքենան շարքից դուրս է եկել: Տան պատերը կանգուն են, բայց կահույքը շուռ է եկել: Հիմա եղբորս շորերով եմ եկել, որովհետև ամբողջ տունը ցեխաջուր է»,- ասաց նա և նշեց, որ վնասի չափը կազմելիս իրեն որևէ մեկը որևէ բան չի հարցրել: Քաղաքացու խոսքով` իր կրած վնասը գնահատել են 1 միլիոն 900 հազար դրամ, ինչը նա բավարար չի համարում:
Մեկ այլ քաղաքացի` տիկին Դուսյան, ասաց, որ ինքը գոհ է, որ ողջ է մնացել: «Վարչապետը տուն է խոստացել, ո՛չ ոսկի եմ կորցրել, ո՛չ փող: Միայնակ թոշակառու եմ: Քաղաքապետից էլ, բոլորից էլ շնորհակալ եմ»,- ասաց նա և նշեց, որ իրեն հատկացվելու է 1 միլիոն 800 հազար դրամ:
Արտավազդ Կարախանյանը ևս համարժեք չի համարում իրեն հատկացված գումարը, քանի որ, բացի տնից, վնասվել են նրա անասնագոմը, իսկ որոշ անասուններ՝ ինը հորթ, բադեր, սագեր, երկու խոզ, սատկել են, և, չնայած դրան, իրեն հասցված վնասի չափը գնահատվել է 695 հազար դրամ: «Ի՞նչ հիմունքներով են գնահատել: Անասնագոմս նկարել են մեկ անգամ և չեն մտցրել փոխհատուցման մեջ: Հանձնաժողովը ո՛չ անասունից, ո\'չ շինարարությունից է հասկացել, եկել ֆիկտիվ գնահատել է և գնացել»,-ասաց նա:
Քաղաքապետը, արձագանքելով, ասաց, որ հանձնաժողովը չի գնահատել խորդանոցներ ու անասնագոմեր: «Հանձնաժողովը ֆիքսել է այն անասնագլխաքանակը, որը տեսել է` անշնչացած»,- ասաց նա և նշեց, որ Արտավազդ Կարախանյանի հայտարարած թվերը իրականությանը չեն հապատասխանում:
Քաղաքապետի խոսքով` հեղեղի երկրորդ օրը` վարչապետի այցելության ժամանակ, ջրի հոսքը դեռ շարունակվում էր, և, նրա ենթադրությամբ, երբ վարչապետը խոսել է տան մասին, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել, որ եթե փլուզումներ տեղի ունենան, այդ ժամանակ կտրամադրվի բնակարան:
Արսեն Աբրահամյանը նշեց, որ հանձնաժողովի ուսումասիրության արդյունքում պարզվել է, որ տները մասնակի վերանորոգմամբ հնարավոր է բնակելի դարձնել: «Խոստումը՝ աջակցության տեսքով, արդեն կատարվել է»,- ասաց նա: