Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են պարեկները թիրախավորել իր եղբորը:
«Նախ պատմեմ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Մերգելյան ինստիտուտի դիմաց եղբորս մեքենան, շարժիչը միացրած, երկրորդ շարքում կանգառ է կատարել, ինչի պատճառով զանգել են նրան ու խնդրել մոտենալ մեքենային: Մոտենալուց հետո պարեկները ցանկացել են նրան ենթարկել վարչական պատասխանատվության: Եղբայրս ասել է, որ իրեն պատկանող մեքենան ինքը չի վարում: Սա առաջացնում է կասկած պարեկների մոտ, ինչից հետո վերջինները հայտնում են, թե նրան պետք է ենթարկեն խուզարկության, որ պարզեն` բանալիներն իր մոտ են, թե չէ: Բնականաբար, եղբայրս դեմ է արտահայտվում և պահանջում է, որ սպասեն, մինչև մոտենա իր փաստաբանը: Պարեկներն ասում են, թե` արդեն երկարացնում ես, ու ուզում են ձերբակալել: Չեն նշում հիմքերը, չեն սպասում փաստաբանի ներկայանալուն, փորձում են ձեռնաշղթաներ հագցնել: Եղբայրս, բնականաբար, փորձում է դիմադրել, նա ընկնում է գետնին: Հրապարակած հատվածում ցույց են տալիս միայն այն պահը, երբ եղբայրս դիմադրում է, այնինչ նրան գցում են գետնին, ձեռնաշղթաներ հագցնում և բազմաթիվ հարվածներ հասցնում, նրա աչքերին արցունքաբեր են փչում: Աչքերը կուրացած, դեմքը, մարմինը արյունլվիկ նրան տանում են ոստիկանության Արաբկիրի բաժին, այնտեղ քարշ տալիս երկրորդ հարկ: Սենյակում նրա նկատմամբ, ինչպես և ամբողջ ընթացքում, նրա հասցեին հնչեցնում են հայհոյանքներ: Իրավիճակը միայն փոխվում է, երբ ժամանում եմ ես: Հրապարակում են միայն այն հատվածը, երբ եղբայրս դիմադրում է, չեն հրապարակում, թե ինչ հայհոյանքներ են հնչեցվում, թե ինչպես են նրա աչքերին արցունքաբեր գազ լցնում և այլն»,- նշել է փաստաբանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն կարճ տեսանյութ էր հրապարակել և գրել, թե Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով: