կարևոր
3439 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-06 23:59
Հասարակություն

Ոստիկանները եղբորս ծեծի են ենթարկել, ապա ջնջել տեսաձայնագրությունը․ արցախցի փաստաբան

Ոստիկանները եղբորս ծեծի են ենթարկել, ապա ջնջել տեսաձայնագրությունը․ արցախցի փաստաբան

Այն բանից հետո, երբ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ իր եղբայրը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն է սկսել և նշել, որ Երիցյանի եղբայրը՝ Արամ Երիցյանը բնավ ծեծի չի ենթարկվել, իսկ թե ինչպես է ստացել մարմնական վնասվածքներ, դրան ՆԳՆ-ն հարկ չի համարել անդրադառնալ: Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանն օրերս տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում իր եղբորը: Փաստացի, Ներքին գործերի նախարարությունն այս առիթով հերքում է անհերքելին:

Փաստաբան Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է. «Եթե Ներքին գործերի նախարարությունը թաքցնելու բան չունի, թող տուժող ճանաչված պարեկային ծառայողի վրա ամրակցված տեսաձայնագրությունը հրապարակի: Եղբայրս ստացել է մարմնական վնասվածքներ, ոստիկանությունը տրամադրել է ոչ լիարժեք տեսաձայնագրություն: Թե ինչպես է եղբայրս ենթարկվել բռնության, այդ մասով չեն տրամադրում տեսանյութը, չնայած տուժող պարեկ Արման Սիրոյանի տեսաձայնագրող սարքը ողջ ընթացքում եղել է միացված: Քննիչը պարզաբանում է, որ սարքի տվյալները բացակայում են: Եթե եղբայրս իրոք ծեծի չի ենթարկվել, ապա թող հրապարակեն տեսաձայնագրությունը: Բառի բուն իմաստով այն ջնջել են», - ասել է Ռոման Երիցյանը:

Փաստաբան Ռոման Երիցյանը դատարանում ներկայացնում է իշխանության թիրախում հայտնված Արցախի քաղաքապետերի շահերը, որոնք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների օրերին կալանավորվել էին: Ռոման Երիցյանը նշում է, որ իր եղբոր՝ Արամ Երիցյանի հանդեպ այդ դաժան վերաբերմունքի պատճառն իր գործունեությունն է: