կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-21 23:45
Հասարակություն

Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներն անհանգստացած են իրենց երեխաների առողջության համար

Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներն անհանգստացած են իրենց երեխաների առողջության համար

Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներն անհանգստացած են իրենց երեխաների առողջության համար՝ երեխաների օրգանիզմում հայտնաբերված մկնդեղի և այլ վտանգավոր մետաղների պատճառով: Ծանր մետաղները հայտնաբերվել են չեխական «ԱՐՆԻԿԱ» ՀԿ-ի, հայաստանյան «Համայնքային համախմբման և  աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից 2020թ. իրականացված ուսումնասիրության արդյունքում: Լոռու մարզի Թումանյանի շրջանի քիմիական աղտոտվածությունն ազդում է բնակչության ամենախոցելի խմբերի՝ երեխաների և կանանց առողջության վրա, սահմանափակում է սոցիալ-տնտեսական զարգացման և եկամուտների ստացման հնարավորությունները: Քիմիական աղտոտվածության աղբյուրն Ախթալայում, հարևան Ալավերդիում և Շնողում կենտրոնացված լեռնամետալուրգիական ձեռնարկություններն են:

 

«Մտահոգիչ է, որ ազդակիր տարածքում բնակվող տասնամյա տղայի մեզի մեջ հայտնաբերվել է մկնդեղ՝ 58 մկգ/գ կրեատինինի բարձր կոնցենտրացիայով: Մկնդեղ է հայտնաբերվել նաև հետազոտություններին մասնակցած այլ երեխաների կենսանմուշներում»,- 2020թ-ի դեկտեմբերի 15-ին «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագրի շրջանակներում կազմակերպված առցանց կոնֆերանսի ժամանակ նշեց չեխ փորձագետ, դոկտոր Միրոսլավ Շուտան: «Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներից վերցված կենսանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի առկայություն՝ 6-58 մկգ/գ կրեատինինի սահմաններում: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Նահատակի պոչամբարի հարևանությամբ ապրող երեխաների շրջանում»,- նշեց նա: Մյուս վտանգավոր տարրը կադմիումն է, որի պարունակությունը գերազանցել էր ստուգիչ նմուշների ցուցանիշները: Փոքր Այրումի և Մեծ Այրումի երկու բնակիչների կենսանմուշներում հայտնաբերվել է կադմիումի առավելագույն պարունակություն: Այս արդյունքները հաստատում են երեխաների առողջությանը սպառնացող ռիսկերի մասին նախորդ հետազոտությունների եզրակացությունը:

 

2020թ. «ԱՐՆԻԿԱ» չեխական քիմիական անվտանգության ՀԿ-ն, հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-նների հետ համատեղ իրականացրեց մարդու առողջության վրա  աղտոտված տարածքների ազդեցության հետազոտություններ ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում, Փոքր Այրում և Ճոճկան բնակավայրերում։  Բնակիչներից վերցված ավելի քան 70 կենսանմուշների փորձաքննությունն իրականացվել է Ուստի-նադ-Լաբեի (Չեխիա) Հասարակական առողջության ինստիտուտի հավատարմագրված լաբորատորիայում: Այդտեղ հետազոտել են մեզի կենսանմուշներում մկնդեղի, կադմիումի, պղնձի, նիկելի և կապարի պարունակությունը: Համեմատության համար կենսանմուշներ վերցվել են նաև էկոլոգիապես անվտանգ համարվող Տավուշի մարզի բնակիչներից: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել ծանր մետաղների բացակայությունը այդ կենսանմուշներում:

  

«Ակնառու է տեղի բնակիչների առողջության վատթարացումը, որի մասին իրենք բարձրաձայնում են հանդիպումների և անհատական զրույցների ընթացքում։ Հարվածի տակ է գյուղատնտեսությունը: Տեղական շուկայում ապրանքները դժվար են սպառվում, բերքատվությունը նվազում է շարունակական աղտոտման արդյունքում», - նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: «Տեղի բնակչությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել աղտոտվածության խնդրի լուծման և նշված համայնքների բնակչության վրա այդ աղտոտվածության բացասական ազդեցության վերաբերյալ: Հետևաբար, անհրաժեշտ ենք համարում ժամանակին տեղեկացնել մարդկանց և բացատրել ինչպես բնակիչներին, այնպես էլ պաշտոնատար անձանց և կառույցներին, թե գործնականում ինչ են նշանակում հետազոտության արդյունքները նրանց համար»,- հավելեց «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն (Չեխիա):

 

Բնակիչների շրջանում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ նրանք անհանգստացած են իրենց տարածաշրջանում շրջակա միջավայրի վիճակով:  

Բնակիչների մի զգալի խումբ որոշել է իր իրավունքները պաշտպանել դատարանում՝ պահանջելով փոխհատուցում իրենց առողջությանը հասցված վնասի դիմաց, ինչպես նաև տնտեսական, բնապահպանական և սոցիալական վնասների դիմաց: Այդ նպատակով ծրագրի փորձագետ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն իրականացրել է օրենսդրական դաշտի վերլուծություն, ինչը թույլ է տալիս դատական կարգով պաշտպանել սոցիալական և բնապահպանական իրավունքները:

Օլեգ Դուլգարյանը և Վալերիա Գրեչկոն հույս հայտնեցին, որ հետազոտությունները կշարունակվեն, որոնց հիման վրա բնակիչների համար ավելի հեշտ կլինի պաշտպանել իրենց իրավունքները: