կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-23 17:00
Հասարակություն

Ամենաշատն ինձ եմ կասկածում, ամենաշատը վախենում եմ ինձանից. հետադարձ հայացք` Վաղինակ Շուշանյանի հետ

Ամենաշատն ինձ եմ կասկածում, ամենաշատը վախենում եմ ինձանից. հետադարձ հայացք` Վաղինակ Շուշանյանի հետ

Մեկ տարի առաջ` այս օրը, ոստիկանությունը ուժ, ջրցան մեքենա կիրառեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների դեմ: Այդ օրերին աչքի էին ընկնում «Ո'չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն ու դրա անդամները: Yerkir.am-ը զրուցել է «Ո'չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամներից մեկի` Վաղինակ Շուշանյանի հետ, ով այլևս այդ նախաձեռնության մեջ չէ:

Վաղինակն այսօր աշխատում է Երեւանի սրճարաններից մեկում` որպես մատուցող: «Չկամ ոչ մի պայքարի մեջ, ոչ մի բանի մեջ չկամ: Շատ եմ ուզում լինել, բայց թեմա չկա: Առաջարկեք այն թեմաները, որոնց շուրջ մարդիկ նորից կհավաքվեն: Պարտադիր չէ, որ ես նախաձեռնեմ պայքարը, թող նախաձեռնեն, ես իրենցից շատ կռիվ կտամ, բայց ո՞ւր է, ո՞ւր են այդ մարդիկ… Մենք այստեղ կարող ենք ժամերով խոսել, բայց դրանով ոչինչ չի փոխվի. լրիվ ուրիշ մարդիկ ուրիշ ձև ամեն ինչ կորոշեն ու կանեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Վաղինակի` «Բաղրամյանի» ցույցերով մի քանի հարցեր լուծվեցին: «Նախ` բարձրացավ հասարակության իրավագիտակցությունը: Երբևիցե այդպիսի բան չէր եղել, որ Բաղրամյան պողոտան փակվեր, հետո` Մաշտոցի պողոտան: Դրանով իշխանություններն էլ իրենց համար որոշակի քաղաքական խնդիրներ լուծեցին` հարաբերություններ կարգավորեցին Ռուսաստանի հետ` ցույց տալով, թե ինչքան էլ ընկերությունը ռուսական է, բայց մենք հակառուս չենք, լուծվեց երկու հարյուր միլիոն վարկի խնդիրը, լուծվեց Պերմյակովին հայկական կողմին հանձնելու խնդիրը, մարտական ինքնաթիռ տրվեց Հայաստանին, իսկ Եվրոպայի աչքին երևացինք որպես դեմոկրատական երկիր: Իշխանությունը Եվրոպային ցույց տվեց, թե` տեսեք, մի անգամ փորձեցինք ցրել ցույցը, չստացվեց, բայց այլևս չենք փորձում, քանի որ մենք դեմոկրատական երկիր ենք, ցուցարարներին ձեռք չենք տալիս»,- նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով նախաձեռնության ղեկավար կազմից դուրս գալու մասին` Վաղինակը դա պայմանավորեց առկա հակասություններով: «Հակասություններ կային թե' ժողովրդի ու իմ մեջ, թե' «Ո'չ թալանին» խմբի ու իմ մեջ: Հունիսի 28-ին իմ արած հայտարարությունից հետո ես ցանկացած տիպի ինչ հայտարարություն անում էի, դա վերագրվում էր «Ո'չ թալան»-ին խմբին: Որպեսզի իմ ասածները չվերագրվեին ամբողջ թիմին, այդ պատճառով եմ դուրս եկել: Նախաձեռնության անդամների հետ նորմալ ընկերական շփման մեջ եմ, ճիշտ է` առաջվա ջերմ հարաբերությունները չեն, բայց նորմալ է, այնպես չի, որ վիճված ենք իրար հետ»,- ասաց նա:

Նախկին ակտիվիստն այսօր չգիտի` ճանապարհ կհարթվի՞ իր համար քաղաքականության մեջ, թե՞ ոչ: «Այն ժամանակ միանշանակ չի եղել: Հիմա հակասական կարծիքների մեջ եմ, չգիտեմ` մտնե՞մ, թե՞ չէ: Պահ է գալիս, որ ուզում եմ ամեն ինչ թողնել, զբաղվել իմ անձնական կյանքով, ապրել այնպես, ոնց որ մնացածն են ապրում: Բայց մի պահ էլ գալիս է, որ անարդարություններ եմ տեսնում, ուզում եմ զբաղվել քաղաքականությամբ: Բայց դեռ հստակ որոշում չունեմ: Ինձ չեմ պատկերացնում որևէ քաղաքական պաշտոնում: Ես սիրում եմ, որ ինձ ծրագիրը տան, ասեն` այս ուղով պետք է գնաս: Բայց ես պետք է հասկանամ, որ դա ճիշտ ուղղություն է, իսկ եթե իմ պատկերացումներով սխալ եղավ, ապա դեմ կլինեմ»,- անկեղծացավ Վաղինակը:

Իր անվան հետ կապված բազմաթիվ խոսակցություններին էլ անդրադառնալով` նշեց, որ իր մասին հակասական կարծիքներ կարող են լինել` «ծախված», «դավաճան»: «Բայց դավաճանը ազգին դավաճանողն է: Ծախված շատերը կարող են լինել: Ես անգամ ինքս ինձ վրա վստահ չեմ, չգիտեմ` ծախվա՞ծ եմ, թե՞ չէ, որովհետև իմ գործողությունները, ինչքան էլ թվա` ես ինքս եմ մտածում, բայց հաջորդ քայլում ես տեսնում եմ, որ կանխարգելում են իմ գործողությունները, ու այդտեղ հարց է առաջանում` բայց այս որտեղի՞ց իմացան, միայն ես գիտեի: Կարո՞ղ է ես իրենց մարդն եմ: Ես աշխարհում ամենաշատն ինձ եմ կասկածում: Ես ամենաշատը վախենում եմ ինձնից, կասկածում եմ ինձ, չեմ վստահում ինձ: Որովհետև ես ցանկացած պահի կարող եմ ադեկվատության սահմանից դուրս գալ: Սեպտեմբերի 1-ը դրա վառ օրինակն էր, երբ ես խեղդում էի ոստիկանի, Օսիպյանի հետ խոսում էի «արա»-ով, եթե ադեկվատ լինեի, ինձ թույլ չէի տա»,- ասաց Վաղինակը:

Չնայած այս ամենին` նա կյանքում ոչ մի բանի համար չի զղջում, չի ափսոսում. Ըստ Վաղինակի` պետք է ընդամենը հետևություններ անել` ճի՞շտ էր տվյալ քայլը, թե ո՞չ: