կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-04 13:05
Իրավական

Ըստ Թաթուլ Շուշանյանի` իր գործի հետևում պաշտոնյաներ են կանգնած

Ըստ Թաթուլ Շուշանյանի` իր գործի հետևում պաշտոնյաներ են կանգնած

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանը համոզված է, որ իր վերաբերյալ քննվող գործի հետևում իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձինք են կանգնած: Այս մասին այսօր լրագրողներիին ասաց Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանը` հավելելով, որ իր պաշտպանյալը հետագայում կպարզաբանի, թե ո՞ւմ մասին է խոսքը, և ինչո՞ւ է իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացվում:

Նշենք, որ Ալումյանն օրեր առաջ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան` պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչի դատարանի` հունիսի 20-ի որոշումն ու օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, բավարարելով Շուշանյանի պաշտպանի միջնորդությունը, որոշում էր կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինել՝ գրավի գումար սահմանելով 5 մլն դրամը: Սակայն հունիսի 20-ին վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով մեղադրող դատախազի և գործով տուժող` սպանված Կամո Փիրուզյանի ներկայացուցիչների բողոքը, Շուշանյանին դարձյալ կալանավորելու որոշում էր կայացրել:

Ալումյանի խոսքով` առաջին ատյանի դատարանի` գրավ կիրառելու վերաբերյալ որոշումն ընդհանրապես բողոքարկման ենթակա չէր, քանի որ նման բան մեր օրենսդրությունը չի նախատեսել: Նրա մեկնաբանմամբ` քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանների` կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները:

«Եթե առաջին ատյանում անձը միջնորդի, որ իր նկատմամբ գրավ կիրառեն, սակայն դատարանը չկիրառի, անձն իրավունք ունի դա բողոքարկելու, սակայն եթե կիրառում է, ապա` ոչ»,- ասաց Ալումյանը` հավելելով, որ գրավը կիրառելու որոշումները տարիներ շարունակ բողոքարկվել են օրենքով չնախատեսված ընթացակարգերով:

Դիտարկմանը, թե հնարավոր է Շուշանյանը, մնալով ազատության մեջ, ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորեր, ճնշումներ գործադրեր իր դեմ ցուցմունք տված անձի նկատմամբ, Ալումյանն արձագանքեց: «Միայն հանգամանքը, որ Շուշանյանը, 20 օր գտնվելով ազատության մեջ, թույլ չի տվել որևէ գործողություն, որը հիմք տար մտածելու, որ նա խոչընդոտել կամ կարող է խոչընդոտել գործի քննությանը: Գրավը բավարար երաշխիք է` նրա կողմից իր դատավարական պարտականությունների պատշաճ կատարումը երաշխավորելու համար»:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Ըստ մեղադրանքի` Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին (ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանին) տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար: