Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը Yerkir.am-ի զրույցում անկեղծացավ ու պատմեց՝ ինչն է ԱԺ-ի նիստերից իր բացակայությունների պատճառը: Պատգամավորն անդրադարձավ նաև կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխություններին, իր ու հարազատ կուսակիցների հետ ունեցած հարաբերություններին:
«Քիչ եմ մասնակցում այս քաղաքական գործընթացներին, չեմ գալիս խորհրդարան, քանի որ ինձ համար անհասկանալի է տարբեր երկրներից, տարբեր՝ չգիտեմ ինչերից բերված օրենքները, որոնք չեն համապատասխանում մեր ազգի, մեր պետության, հայության բնավորությանը, մտածողությանը: Կարծում եմ՝ հերիք է ներմուծել արտասահմանյան օրենքներ: Ասում են՝ միջազգային օրենք, այսինքն՝ հայերը չե՞ն կարողանում մի օրենք ստեղծել, որ միջազգային չափանիշներին համապատասխանի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իր համար շատ բան է անհասկանալի մնում:
Հարցին, թե բարձրաձայնե՞լ է իր մտահոգությունները հարազատ կուսակցության ներսում, Աղաբաբյանը պատասխանեց. «Ես մեր կուսակիցների հետ չեմ շփվում: Չգիտես` ինչի, մեր կուսակիցներն էլ` ինձ հետ: Էդ ամեն ինչն ինձ համար անհասկանալի է, չգիտեմ՝ ինչումն է բանը: Ես մի բան գիտեմ, որ մարդը, բացի իր ընտանիքի հոգսերից, պետք է հոգա նաև երկրի հոգսերը: Երկրի հոգսերից են կախված նրա ընտանիքի հոգսերը: Եթե երկիրը սայլ է, որ ամեն մեկն իր կողմը քաշի, բան չի ստացվի»:
Դիտարկմանը, թե ստացվում է` բավականին նեղացած է հարազատ կուսակիցներից, պատգամավորը շտապեց պատասխանել. «Նեղացած չեմ, ո՞ւմից պետք է նեղանամ, ի՞նչ են արել, որ նեղանամ: Իմ հանդեպ միշտ էլ բարեհամբույր են բոլորը, ես դրա համար շնորհակալ եմ, բայց չեմ ուզում մասնակցել այդ ամենին»:
Պատգամավորից հետաքրքրվեցինք իր առաջիկա ծրագրերի մասին՝ կապված նոր խորհրդարանում իր ներկայության հետ: «Դժվար թե հաջորդ խորհրդարանում լինեմ, ես չեմ ուզում այդ ամենին մասնակից դառնալ»,- ասաց Աղաբաբյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, իր մասնակցությունը նկատելի լինելու է. «Ի վերջո, ՀՀԿ-ական եմ, ես ունեմ իմ ընտրազանգվածը»:
Անդրադառնալով վերջին շրջանում մեր երկրի քաղաքական դաշտում և, մասնավորապես, կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխություններին՝ Աղաբաբյանը նշեց, որ ամբողջությամբ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են եղել: «Տեղյակ եմ, որ վարչապետը և նախարարները փոխվել են, բայց համակարգային փոփոխություններին տեղյակ չեմ»,- խոստովանեց նա:
Աղաբաբյանը նաև ասաց՝ վատ չի վերաբերվում այն փաստին, որ քաղաքաշինության նախարարությունը լուծարվեց՝ դառնալով կոմիտե: «Ճիշտ են անում, ի՞նչ ա եղել»,- ասաց նա՝ հավելելով. «Ես չգիտեմ, թե վարչապետի փոփոխությունն ինչին է լուծում տվել, բայց բոլոր դեպքերում ժամանակի ընթացքում կարող ենք գնահատական տալ: Կարծում եմ, որ նոր վարչապետը ինչ-որ սկզբունքներով, ավելի առաջ նայելով, պետք է կարողանա լուծել շատ խնդիրներ, որոնք լուծված չեն»:
Խոսելով Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիների մասին՝ Աղաբաբյանը նշեց. «Ոչ մի բան էլ չի փոխվել Տիգրան Սարգսյանի կառավարումից հետո: Դա երևում է արած աշխատանքի արդյունքներից: Եթե աշխատանքի արդյունքում մենք նույն տեղում ենք մնացել ու ոչ մի բան չի փոխվել, արդեն կարելի է եզրակացություն անել: Իմ կարծիքով՝ ժամանակ է պետք, որ հասկականք՝ նոր վարչապետն ինչ քաղաքականությամբ է երկիրը տանելու առաջ: Մի քանի ամիս հետո պարզ կլինի նաև՝ ինչ թերություններ են եղել նախկինում և ինչ առավելություններ կունենանք, կամ էլ ամեն ինչ կմնա նույնը: Թվերով է պետք խոսել մարդու արած գործի մասին»:
Պատգամավորի խոսքով՝ հույսով ապրել պետք չէ: «Ես, օրինակ, հույսով չեմ ապրում, ապրում եմ ցուցանիշներով, դրա համար շատ կարևոր է, որ այս ամիսների ընթացքում տեսնենք՝ այդ ցուցանիշները բարձրանո՞ւմ են, բարելավվո՞ւմ են, մեր արտադրական պոտենցիալը սկսո՞ւմ է աշխատել, թե՞ նորից փակվում է ամեն ինչ: Ես կուզենայի, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի ուժեղանա: Կուզենայի, որ տնտեսության մեջ հեղափոխական սկիզբ լիներ»,- ասաց նա:
Աղաբաբյանը մեր զրույցի ընթացքում բարձրաձայնեց նաև իր անհանգստությունը՝ կապված հանրային սեփականության ոչ ճիշտ տնօրինման հետ: «Ես մի բան եմ ուզում ասել, որ շատերին կարող է անհանգստություն պատճառել, բայց դա այդպես է. այսօր մենք ունենք հանրային սեփականություն՝ հող, ընդերք, կոմունիկացիաներ, որոնք ամբողջ ժողովրդին են պատկանում, ոչ թե մեկին: Թոշակառուներին, դպրոցները, բանակը, բուհերը պահելու համար մեզ բյուջե է պետք: Անվճար լինելու համար մեզ հարկավոր է, որ երկրի կոմունիկացիաները լինեն պետական սեփականություն, ոչ թե անհատների: Երբ պետական սեփականություն չկա, և պետական սեփականությունը չի մասնակցում սեփականատիրական տնտեսական գործունեությանը, մրցակցությունը լինում է մոնոպոլիստական: Եթե էներգետիկ ռեսուրսները՝ գազը, ջուրը, տրանսպորտը, հանքերը, պետական չեն, արդեն խնդիր է, քանի որ դրանք պետք լինեն պետական սեփականություն: Մենք այդ ռեսուրսներով կարող ենք երկրի հիմնական տնտեսական խնդիրները լուծել, որը վերաբերում է ժողովրդին»,- մտահոգություն հայտնեց Աղաբաբյանը, ով վստահ է, որ հանրապետականները պետք է կողմնորոշվեն ու մասնագետների վրա հիմնվեն, ոչ թե` անունների:
«Չգիտես` ինչի, մեր նախարարները սաղ նենց անուններով մարդիկ են, որ անընդհատ մեզ թվում է, թե մենակ իրենք կարող են նախարար լինել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նոր նախարարների պարագայում այլ մոտեցում է տեսնում:
«Այսօր նոր նախարարներ են հայտնվել, որոնք այդպիսին չեն: Նոր վարչապետն իր վրա է վերցրել ողջ ծանրությունը, նախարարներին փոխելով` փորձում է ճիշտ աշխատել: Նոր նախարարները ոչ մեկի հետ կապ չունեն, այսինքն՝ նախարարները չունեն կուսակցականություն, խնամակալություն մորքուրի տղա, հորքուրի տղա և այլն, հասկանո՞ւմ եք: Ոչ մի բան չկա արանքում, իսկ նման դեպքում վարչապետի աշխատանքը շատ հեշտ կլինի: Նա անձամբ կորոշի երկիրն այս վիճակից հանելու նոր ճանապարհները: Ինձ թվում է՝ այս կառավարությունը ժողովրդին հնարավորություն կտա սեփական քրտինքով աշխատելու ու ապրելու»,- նշեց ՀՀԿ-ականը:
Ըստ նրա` նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ ընտրելիս հաշվի չի առնում ծանոթի ու բարեկամի գործոնը: «Սկզբի համար շատ համարձակ քայլեր են, որոնք ինձ շատ են դուր գալիս: Բնականաբար, ես կողմնակից եմ նրան և հաջողություն եմ ցանկանում: Եթե անհրաժեշտություն կա, պատրաստ ենք աջակցել: Պատրաստ ենք աշխատել միասին, բայց ոչ` գործադիր մարմնում: Ես ընդհանրապես «բալետ» եմ անում այն մարդկանց, ովքեր ծրագրային մտածողություն ունեն»,- ասաց Աղաբաբյանը: