Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայում շարունակվում էր ՄԻՊ զեկույցի քննարկումը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում ՄԻՊ զեկույցը համարեց ոչ լիարժեք, որովհետև բոլոր ոլորտներին զեկույցն անդրադարձել է մասամբ:
«Ինձ չի լքում այն զգացողությունը, որ ունենք օրենսդրական բաց կամ ՄԻՊ-ի մասին օրենքի կատարելագործման անհրաժեշտություն: Ուզում եմ պատասխան չպահանջող մեկ հարց տալ նախ՝ Կարեն Անդրեասյանին, հետո՝ նաև մեզ՝ ինչո՞վ է խորհրդարանի քննարկումը տարբերվում փողոցի խոսակցությունից: Ինչո՞վ, եթե այստեղ էլ գործածում ենք կենցաղային բնույթի բառապաշար, կամ ավելին՝ կենցաղային մտածողություն: Փողոցում ընդունելի կլինի, երբ ասում են՝ ամեն ինչ վատ է, ամենուրեք խայտառակություն է, մակարդակ չկա, որակ չկա, դատարաններն արդար չեն, թալանում են, աշխարհը քանդվում է և այլն, և այլն: Ցանկալի չէ, բայց ընդունելի է: Խորհրդարանում քննարկվող փաստաթղթի մեջ և քննարկման ընթացքում մտածողության այդ որակն ու մակարդակն անթույլատրելի է:
Անդրադառնամ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի արտահայտած մտքին այն մասին, որ նախարարությունները կարծես առօրյա խոսակցականի մակարդակով են արձագանքում, և ասեմ, որ կենցաղային բնույթի կամ ժողովրդական զրույցի մակարդակով ասածին այդպես էլ պետք է արձագանքեն, զարմանալու բան չկա: Կենցաղային մտածողության մակարդակը խորհրդարանական փաստաթղթի մեջ բերելը բումերանգով խփելու է բերողին, սա աքսիոմ է:
Վերջապես՝ խորհրդարանում ևս պարտադիր է պահպանել թե’ հարգանքը դիմացինի նկատմամբ, թե’ մարդու իրավունքներն ու ազատությունները: Հեգնանքի, տղայական կեցվածքի տեղ չէ խորհրդարանը, որևէ մեկին, անգամ՝ Ձեզ շատ բարձր գնահատողներին չի կարող դուր գալ անհիմն և չափից ավելի ինքնավստահությունը: Մի’ ուսուցանեք որևէ մեկին՝ ո’չ գործադիրում, ո’չ էլ պատգամավորներին, հատկապես՝ այն դեպքերում, երբ նրանք շատ լուրջ մասնագետներ են թե՛ Ձեզ հարազատ իրավաբանության մեջ, թե՛ այլ ոլորտներում: Շատ կարևոր է, որ այն ամենը, ինչ հնչեցնում է մարդու իրավունքների պաշտպանը, չանցնի սահմանը և չդառնա քաղաքական մեկնաբանություն»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը նույնպես սուր քննադատության արժանացրեց ՄԻՊ-ին՝ ասելով, որ զեկույցը չափազանց անլուրջ է: «Բյուջեից այդքան ռեսուրսներ են ծախսվում, որ ունենանք անատամ ու ոչինչ չասող տարեկան զեկո՞ւյց, 500 էջ ջուրծեծոցի՞»,- հայտարարեց նա:
Ֆարմանյանը մեջբերեց զեկույցի այն հատվածները, որոնք անլուրջ են՝ իր կարծիքով: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջատները կծել են դատապարտյալների ոտքերը և ձեռքերը: Գրեիք, որ հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալների քունը: Կարելի՞ է այդքան անլրջացնել ՄԻՊ զեկույցը»,- տարակուսեց ՀՀԿ-ականը՝ հավելելով, որ ՄԻՊ-ը ոչ թե պետք է հղում կատարի միջազգային իրավապաշտպան կառույցների գնահատականներին, այլ հակառակը պետք է լինի՝ միջազգային կառույցները պետք է հղում կատարեն ՄԻՊ-ին: Նրա կարծիքով՝ ՄԻՊ-ի հեղինակության մսխում է կատարվում ՄԻՊ-ի կողմից:
«Ձեր ինստիտուտի ներկայությունը երկրում չի զգացվում, որտե՞ղ է ձեր գործողությունների իրական արդյունքը: Ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
ՀՀԿ-ականի ելույթից հետո անգամ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց՝ ասելով. «Դաժան եք, դաժան, պարո’ն Ֆարմանյան»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը քննադատեց Կարեն Անդրեասյանի զեկույցը և ելույթը՝ նշելով, որ ՄԻՊ-ը պետք է լինի ոչ թե երիտասարդ պաշտոնյա, այլ փորձառու և պրոֆեսիոնալ: