կարևոր
6454 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-14 16:21
Քաղաքական

Վատ բան չեմ տեսնում նոր նախագծի մեջ, միայն թե դա չլինի նոր ժամանակ ձգելու միջոց․ Աղվան Վարդանյան

Արցախում ոչ ստանդարտ իրավիճակ է և այդ իրավիճակը ժամանակ առ ժամանակ թելադրում է ինչ-որ լուծումներ։ Դրանց անհրաժեշտությունը առաջացել էր անմիջապես 44-օրյա պատերազմից հետո։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Այն ժամանակ կային որոշակի լուծումներ, կարգավորումներ, ցավոք ներքին հակասությունները թույլ չտվեցին խնդիրը կարգավորել, իսկ եթե դա չես կարգավորում՝ խնդիրը ավելի է բարդանում, առաջանում են նոր պրոբլեմներ։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծ բերվեց խորհրդարան, հետո հետ կանչվեց, ես այն ժամանակ էլ ասել էի, որ այս ամենը ժամանակ ձգելու համար է, վստահ էի , որ սահմանանադրական փոփոխությունները Արայիկ Հարությունյանը չի անելու։ Հիմա նոր իրավիճակ է Բերձորը փակ է, Արցախում նման իրավիճակ, երկու պետնախարար և նախագահ։ Բնական է լուծման փնտրտուք միշտ էլ կա։ Ես վատ բան չեմ տեսնում այս նոր նախագծի մեջ, միայն թե դա չլինի նոր ժամանակ ձգելու միջոց, եթե արտառոց մի բան լինի, նախագահը հրաժարական տա և հնարավոր չլինի ընտրություն անցկացնել, գոնե ԱԺ կարողանա երկիր ղեկավար ընտրել։ Հիմնական մտավախությունը դա է, որպեսզի սա չլինի ժամանակ շահելու առիթ»- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո կային լուծումներ, այդ լուծումները կատարվում էր, թե՛ Արցախում, թե՛ տարբեր մասնագիտական շրջանակներ օգնում էին այդ հարցում, ցավոք այդ  ժամանակ չարվեց այդ անհրաժեշտ քայլը․

«Բայց հիմա ունենք ծանրագույն իրավիճակ և մեծ վտանգ, որ հրաժարականների պարագայում իշխանություն չի լինի ,դժվար է ենթադրել, որ հնարավոր է Արցախում այսօր լիարժեք և՛ ԱԺ, և՛ նախագահի ընտրություններ իրականացնել, քանի որ գործող սահմանադրությունը միայն այդ տարբերակն է թողնում, հրաժարականի պարագայում ցրվում է նաև խորհրդարանը։ Մենք պետք է ոչ թե կենտրոնանք թե ով պետք է հրաժարական տա, երբ պետք է  հրաժարական տա, այլ այս դժվար իրավիճակում այնպիսի լուծումներ գտնել, որ ավելի կհամախմբի, բայց խնդիրը պետք է լինի առավելագույն համախմբում։ Եթե այս նախաձեռնությունը կնպաստի դրան շատ ավելի ողջունելի է, իսկ եթե ոչ, ապա կարծում եմ կվերադարձնի 2020 թ․-ի չարածը և դա լավ հետևանքներ չի ունենա»,- ասաց նա։