կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-21 19:30
Քաղաքական

Արծվիկ Մինասյանն անհամապատասխանություններ է տեսել Կոստանյանի հաղորդման մեջ

Արծվիկ Մինասյանն անհամապատասխանություններ է տեսել Կոստանյանի հաղորդման մեջ

Այսօր խորհրդարանում ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այն անհամապատասխանությունները, որոնք նկատել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հաղորդման մեջ:

 

Մինասյանը նշեց, որ Կոստանյանի հաղորդման ներածությունում նշվում է, որ դատախազությունը բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության արդյունավետությունն ու որակը ապահովելու համար, սակայն հաղորդման հետագա շարադրանքում քննադատության է ենթարկվում նշված համակարգում իրավապահ համակարգն առհասարակ, արձանագրվում է, որ դատախազությունը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ հանցավորության դեմ պայքարում, ինչպես նաև չի կարող երաշխավորել դատախազության հանձնարարությունների կատարման արդյունավետության համար:

 

«Խնդրում եմ բացատրել իրար հակասող այս մտքերը` նկատի առնելով նաև այն, որ, «Դատախազության մասի» օրենքի քսանհինգերորդ հոդվածի համաձայն, հսկող դատախազը պարտավոր է այս ամենին հետևել»,- նշեց պատգամավորը:

 

Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ դատախազության` հանցագործությունները կանխելու և նախականխելու որոշումը իրականացվում է: «Պատկան մարմիններին ի ցույց ենք անում հանցավորությունը կանխող պայմանները, իսկ քննության արդյունավետությանը ուղիղ չմասնակցելու առումով ասեմ, որ դատախազության սահմանադրական գործառույթը նախաքննական, հետաքննական կատարման օրինականության նկատմամբ վերահսկողությունն է»,- նշեց նա:

 

Խոսելով դատախազության որոշ գործերի կարճման մասին` Կոստանյանը նշեց. «Քանի որ դրանք բազմաթիվ են, տարբեր հիմնավորումներ ունեն, դրա համար մենք հիմնավորումները յուրաքանչյուր դեպքում չենք նշել: Բայց, օրինակ, կարող եմ մի դեպք նշել, որը խուլիգանության չորրորդ մասով հարուցված մի քրեական գործ կարճվել է հսկող դատախազի կողմից: Երբ օրինականության ստուգման աշխատանքում գլխավոր դատախազը տեսավ փաստական հանգամանքները, քրեական գործն ուղարկեց հատուկ քննչական ծառայություն, արդյունքում` ձերբակալվեցին երկու անձինք` խուլիգանության չորրորդ մասով, ավելին` քննչական բաժնի պետը կալանքի տարվեց: Երբ մենք վերացնում ենք գործը կարճելու որոշումը, ելքը երաշխավորել չենք կարող»: