կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 13:32
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի հարցերը շաքարավազի ու բանանի մենաշնորհների մասին հունից հանեցին Արտակ Շաբոյանին

Նիկոլ Փաշինյանի հարցերը շաքարավազի ու բանանի մենաշնորհների մասին  հունից հանեցին Արտակ Շաբոյանին

Այսօր ԱԺ նիստում, երբ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր ՏՄՊՊՀ 2015թ. ծրագիրը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նրան: Նա նախ հիշեցրեց, որ 2015թ. մարտի 2-ին Սերժ Սարգսյանը Արտակ Շաբոյանին վերանշանակեց ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում, և հենց այդ օրվա դրությամբ Երևանում շաքարավազն արժեր 395 դրամ, իսկ մեր հարևան Թբիլիսիում՝ 262 դրամ:

 

«Այն, որ մեր հարևան երկրում շաքարավազի գինը այսքան ցածր է, Ձեր կարծիքով, ի՞նչ կապ ունի այն փաստի հետ, որ Հայաստանի ապրանքային շուկայում շաքարավազ ներկրում է մեկ անձ, չեմ ասում՝ մեկ ՍՊԸ, և այդ անձը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ուսումնասիրե՞լ եք, թե ինչ կապ ունի այս փաստը Սերժ Սարգսյանի` Չեխիայի մայրաքաղաքում արած այն հայտարարության հետ, թե «մի փոքր երկրում տասը հոգով շաքա՞ր ներկրեն»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

 

Նա հավելեց, որ ընթերցել է 2015թ. ծրագիրը, որում գրված է, որ ՏՄՊՊՀ-ն պետք է պայքարի պետական հովանավորչության ու մենաշնորհների դեմ:

 

Եվս մեկ փաստի մասին խոսեց Փաշինյանը` ասելով, որ Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիայի մայրաքաղաքում բանանը արժե 500 դրամ, իսկ Հայաստանում՝ 1300 դրամ: Եվ ի՞նչ կապ ունի այս փաստն այն լուրերի հետ, որ Հայաստանում կա բանանի մենաշնորհ, որը պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին:

 

«Առանց Սերժ Սարգսյանի «դաբրո»-ի Հայաստանում ոչ ոք չի կարող շաքարավազ ու բանան ներկրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Արտակ Շաբոյանը նախ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը անհեթեթ ու անիմաստ հայտարարություններ է անում, ինչը դարձավ փոխադարձ վիրավորանքների ու լեզվակռվի առիթ: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ եթե Արտակ Շաբոյանը կողքից նայեր, թե ինչ պատասխաններ է հնչեցնում, ապա կհասկանար, թե ով է անհեթեթն ու անիմաստը, և որ Արտակ Շաբոյանին ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում վերանշանակողն է անհեթեթ ու անիմաստ:

 

Արտակ Շաբոյանի ու Նիկոլ Փաշինյանի լեզվակռիվը՝ տեսանյութում: