կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 16:04
Քաղաքական

Հայաստանը պետք է ինքնուրո՞ւյն կիրառի իր հակաօդային համակարգերը, թե՞ Ռուսաստանի հետ

Հայաստանը պետք է ինքնուրո՞ւյն կիրառի իր հակաօդային համակարգերը, թե՞ Ռուսաստանի հետ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Զեկուցող` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց, թե այսօր Հայաստանում կան հակաօդային պաշտպանության համակարգեր, և այս համաձայնագրով խոսքը գնում է համատեղ գործողությունների մասին: Ըստ համաձայնագրի` խաղաղ ժամանակ Հայաստանը կարող է ինքնուրույն որոշել կիրառել իր հակաօդային համակարգերը, իսկ պատերազմական իրավիճակում` Ռուսաստանի հետ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դա դուր չեկավ: Նրա համոզմամբ` չպետք է պատերազմական իրավիճակում մեր երկրի հակաօդային պաշտպանությունը կազմակերպել Ռուսաստանի հետ: Պատգամավորը կարծում է, որ 4-օրյա պատերազմի փորձը հուշում է, որ չպետք է Ռուսաստանի հետ որոշել այդ հարցը:

«Մենք ընդհանրապես ի՞նչ ենք ստանում, ինչո՞ւ ենք մեր հակաօդային պաշտպանությունը դնում Ռուսաստանի հետ համատեղության տակ: Գուցե սա հերթական բուտաֆորիա համաձայնագիրն է և նպատակ ունի ստեղծել պատրանք, թե Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի օդային անվտանգությունը  Երբ Ռուսաստանի մի ներկայացուցչի, երբ որ նրանք «Սմերչ» համակարգ էին վաճառել, ասացի, թե` գիտե՞ք` հիմա մենք Ձեզ հետ գտնվում ենք այդ «Սմերչ»-ի ուղիղ նշանառության տակ, նա պատասխանեց` գիտե՞ք, թե` Ռուսաստանը ռազմաբազայում ինչ զենքեր ունի: Է, մեզ ի՞նչ, թե Ռուսաստանի ռազմաբազայում ինչ զենքեր կան: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն ինքը կորոշի` այդ զենքն օգտագործի Հայաստանին պաշտպանելո՞ւ, թե՞ ծնկի բերելու համար»,- դժգոհեց Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ այսօր Հայաստանը պետք է ուժեղացնի հետախուզական ծառայությունները, այլ ոչ թե անվտանգության փուչիկ ստեղծի: