կարևոր
3202 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-15 16:42
Քաղաքական

Ամերիկան պետք է հստակ քայլեր ձեռնարկի և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ․ Եղիսաբեթ Չուլջյան

Ամերիկյան կառավարությունը պետք է աշխատի Արցախի կառավարության հետ՝ արցախցիների պատմական հայրենիք ապահով վերադարձի կազմակերպման համար։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:

«Մարտի 11-12-ին Ամերիկայի տարբեր նահանգներից Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները եկել են Վաշինգտոն և հանդիպել 100-ից ավելի կոնգրեսական գրասենյակների հետ։ Նրանց պատգամը մեկն էր՝ ամերիկյան կառավարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարակի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Երկրորդը՝ ամերիկյան կառավարությունը պետք է աշխատի միջազգային կառույցների, ինչպես նաև Արցախի կառավարության հետ, որ կարողանան ապահով կերպով կազմակերպել արցախցիների վերադարձն իրենց հայրենիք։ Այս աշխատանքներում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան և արևմտյան շրջանների գրասենյակները աշխատակցել են մոտ 20 նահանգների ներկայացուցիչների հետ, որոնք եկել էին Վաշինգտոն այդ հանդիպումների համար։ Այս ամենի հետ մեկտեղ իրականացվել են իրազեկման աշխատանքներ Արցախի և Հայաստանի անվտանգության վերաբերյալ, ինչպես նաև Ադրբեջանում բռնի պահվող Արցախի նախկին ղեկավարների և ռազմագերիների մասին»,- նշեց Չուլջյանը։

Նա նաև ընդգծեց, որ ամերիկյան կառավարությունը պետք է ռազմական օգնություն տրամադրի Հայաստանին՝ Ադրբեջանին դիմակայելու համար։

«Այս պահին աշխատանք է տարվում երկու բանաձևի վրա։ Առաջինը մարդասիրական օգնություն տրամադրելու հարցն է։ Օգնություն պետք է տրամադրվի Ուկրաինային, Գազային, նաև արցախցիներին։ Կոնգրեսականների դիրքորոշումը հստակ է։ Նրանք կարծում են, որ ամերիկյան կառավարությունը պետք է ռազմական օգնություն տրամադրի Հայաստանին, որովհետև բոլորս էլ գիտենք՝ Ադրբեջանը չի բավարարվելու իր ցեղասպան արարքներով, և այն ամենն ինչ եղավ արցախցիների հետ, լինելու է նաև Հայաստանում։ Կոնգրեսականները պահանջում են, որ ամերիկյան կառավարությունը ընդլայնի իր աշխատանքն Արցախի հարցի և Հայաստանի ապահովության գծով, պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի իշխանության նկատմամբ՝ չեղարկելով յուրաքանչյուր ռազմական օգնություն»,- եզրափակեց Չուլջյանը։