Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի վերջին սադրիչ գործողությունների, Արցախը շրջափակելու առնչությամբ միջազգային հանրությունից, հատկապես ՄԱԿ-ից ակնկալում է կոնկրետ գործողություններ:
Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ իրենց հավաքագրած ինֆորմացիայի համաձայն՝ 1100 մարդ կա, որ կամ Արցախից չի կարողանում վերադառնալ Հայաստան, կամ Հայաստանում է մնացել և չի կարողանում հասնել Արցախ, որոնցից 270-ը երեխաներ են: Նրանց մի մասն այս պահին գտնվում է Գորիսում, մի մասը՝ Երևանում: Արցախում դադարեցվել են որոշ դպրոցների, մանկապարտեզների, պետական և կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքները: Հիվանդանոցների մի մասը ջեռուցվում է գազով: Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը շուտով կներկայացնեն համատեղ զեկույց, որտեղ կներկայացնեն ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքները:
Անդրադառնալով ՄԱԿ-ին՝ նա ասաց. «Երրորդ օրն է, և միջազգային կազմակերպությունը, որը մարդու իրավունքների, աշխարհում խաղաղության համար է ստեղծել, որևէ արձագանք, որևէ գնահատականի չի արժանացրել»:
Արցախի ՄԻՊ-ը Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում ՄԱԿ-ի պաշտոնյաներին անձնական զրույցներում տեղեկացրել է, թե ինչ վիճակում է Արցախը: Եվ այս ամենից հետո մարդու իրավունքների պաշտպանության առաջնային կազմակերպությունից՝ ՄԱԿ-ից որևէ արձագանք չստանալը, ցավալի է համարում: Ստեփանյանը հույս է հայտնեց, որ առաջիկայում այդ սխալը կուղղեն:
«Իհարկե կոչերը ևս կարևոր են ու զսպող նշանակություն ունեն, բայց այս անգամ արդեն կոնկրետ գործողություններ պետք է կիրառվեն: Կա կարծիք, պնդում, որ ի վերջո Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի՝ լինի դա խաղաղապահներին միջազգային մանդատ տրամադրելով, լինի Ստեփանակերտում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների բացմամբ: Ի վերջո, երկրագնդի վրա կա մի հատված, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որում ապրում են մարդիկ, և այդ մարդիկ ունեն իրավունքներ, ու միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների իրացումը»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուները եռակողմ հայտարարության կողմերն են, որոնք երաշխիք են հանդիսացել, որ մարդիկ վերադառնան ու ապրեն Արցախում: Բայց պատասխանատվությունը թողնել միայն եռակողմ հայտարարությունը ստորագրածների վրա, ճիշտ չի համարում, քանի որ միջազգային իրավունքում կա պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը, որը ենթադրում է, որ, եթե ժողովուրդը գտնվում է ցեղասպանության վտանգի, էթնիկ զտման վտանգի ներքո, միջազգային հանրությունն ունի պարտավորություն ու պատասխանատվություն՝ ցուցաբերելու իր միջամտությունը: Իսկ միջազգային հանրության մաս են բոլորը: