կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 15:54
Քաղաքական

Ռուսական զենքերն ընկնում են ուղիղ մեր տան գլխին. ՀՀԿ-ականը դժգոհեց Ռուսաստանից

Ռուսական զենքերն ընկնում են ուղիղ մեր տան գլխին. ՀՀԿ-ականը դժգոհեց Ռուսաստանից

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, թե խաղաղ ժամանակ Հայաստանը կարող է ինքնուրույն որոշել կիրառել հակաօդային սարքերը, իսկ պատերազմական իրավիճակում` Ռուսաստանի հետ:

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն արձագանքեց` ասելով, որ այսօր Հայաստանում տոտալ անվստահություն է Ռուսաստանի հանդեպ, և պատճառը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն է:

«Այդ զենքերն ընկնում են ուղիղ մեր տան գլխին: Մենք պետք է մեր ձայնը հասցնենք և ասենք, որ իրադարձությունն այսպիսին է: Որոշ ռուս գործիչներ խելքները գլուխները պետք է հավաքեն, որպեսզի չկորցնեն իրենց ամենահավատարիմ բարեկամին: Ռուսաստանը պետք է օբյեկտիվ գնահատի հայ ժողովրդի պատմական դերակատարությունը: Գնդակը գտնվում է Ռուսաստանի դաշտում»,- ասաց պատգամավորը:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի խոսքով` պատգամավորները փորձում են իմիտացիա ստեղծել, թե համաձայնագիրը վատն է, և իբրև թե Հայաստանը չունի հակաօդային ուժեր: «Մենք ունենք հակաօդային ուժեր, մենք  ենք մեր խնդիրները լուծողը և որևիցե երկրի վրա հույս չենք դնում, որ գան` մեր հարցերը լուծեն: Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ և շահեր: Նայեք քաղաքական շահի տեսանկյունից»:

Նախագիծը դրվեց քննարկման և դրական եզրակացությամբ ընդգրկվեց առաջիկա նիստերի օրակարգում: