կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 17:32
Քաղաքական

Տեսնում ենք, թե այլ երկրների դեսպաններն ինչեր են անում մեր երկրում. Հովիկ Աբրահամյանը դժգոհեց

Տեսնում ենք, թե այլ երկրների դեսպաններն ինչեր են անում մեր երկրում. Հովիկ Աբրահամյանը դժգոհեց

Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց  «ՀՀ  կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին» համաձայնագրի կնքման որոշման նախագիծը: Ըստ այդմ` ցանկանալով նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, ձգտելով համաշխարհային տնտեսական համակարգին իրենց պետությունների տնտեսությունների ինտեգրմանը, ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրահայտ կանոններով և ՀՀ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային օրենսդրություններով` հայկական կողմը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում կարող է հիմնել ՀՀ առևտրական ներկայացուցչություն, իսկ չինական կողմը ՀՀ-ում կարող է հիմնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրական ներկայացուցչություն: Յուրաքանչյուր կողմ, իր պետության գործող օրենսդրության համաձայն, ֆինանսավորում է իր առևտրական ներկայացուցչության գործունեության հետ կապված ծախսերը:

Հովիկ Աբրահամյանը հարց ուղղեց Կարեն Ճշմարիտյանին, թե Հայաստանը քանի՞ երկրում ունի առևտրական ներկայացուցչություն:

«Առևտրական ներկայացուցչի հաստիք ունենք ԵՄ-ում, Բելգիայում, ԱՄՆ-ում, ԱՀԿ-ում, Ռուսաստանում: Սա, փաստորեն, Չինաստանում առևտրի հետագա աշխուժացման համար կարևոր խնդիր է լուծելու»,- ասաց նախարարը:

«Ես հենց դրա համար եմ հարցնում` մի  անգամ գոնե քննարկել. հարցրե՞լ եք, թե այդ առևտրի ներկայացուցիչները ինչով են զբաղված, ի՞նչ արդյունք են տվել: Ընդհանրապես, ուրիշ երկրի դեսպաններին տեսնում ենք` ամբողջ օրը կառավարություն են գնում, նախարարություններ  են գնում, փորձում են ներդրումներ տանել, իրենց երկրում տնտեսության ակտիվացմանն են նպաստում: Դրա համար մի անգամ գոնե պետք է լսել, հասկանալ` այդ մարդիկ գոնե ինչ-որ բանով օգնո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը:

Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ Հայաստանը ներկայացնող առևտրի ներկայացուցիչները պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում, սակայն Մոսկվայում առևտրի ներկայացուցչի հաստիքը կա, բայց ներկայացուցիչ չկա:

«Բա ինչի՞ ենք էդ հաստիքները ֆինանսավորում, եթե ներկայացուցիչ չկա»,- հարցրեց վարչապետը:

Նախարարն էլ պատասխանեց, որ եթե հաստիքը զբաղեցնող չկա, ուրեմն չեն ֆինանսավորում:

Վարչապետը կրկին խնդրեց հաստակեցնել. «Նախարարությունները, որ հաստատում են հաստիքացուցակը, բյուջեից էլ փող է հատկացվում, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը, փողը տրվում է, ոնց չի տրվում»:

Ապա Հովիկ Աբրահամյանը դիմեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: «Մի հատ, պարո\'ն Խաչատրյան, կնայեք, կասեք` քանի տեղ նման հաստիք կա: Ամեն դեպքում` ես ուզում եմ, որ էդ մարդիկ գործ անեն, նույնը` և Հայաստանի դեսպանները: Նրանք պետք է օգնեն,  ներդրում բերեն, ներդնողներ բերեն,  նպաստեն տնտեսական ակտիվացմանը: Մենք տեսնում ենք, թե այլ երկրների դեսպաններն ինչեր են անում մեր երկրում»,- սրտնեղեց Հովիկ Աբրահամյանը: