կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-15 12:50
Քաղաքական

Անգամ ՀՀԿ-ն դժգոհեց կառավարության ներկայացրած օրակարգից

Անգամ ՀՀԿ-ն դժգոհեց կառավարության ներկայացրած օրակարգից

Մեկնարկել է կառավարության նախաձեռնած` ԱԺ արտահերթ նիստը: Անդրադառնալով ԱԺ առաջիկա քառօրյայում ընդգրկված հարցերի քննարկմանը` ՀՀԿ-ական պատգամավար Հակոբ Հակոբյանը առաջարկեց 24-ժամյա ռեժիմից հանել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նրա հետ համաձայն էր նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Ես միանում եմ իմ գործընկերոջը: Ասյ օրակարգում բազմաթիվ հարցեր կան ընդգրկված, որոնք հնարավոր չէ արտահերթ քննարկել: Այս պրեսինգը մենք համարում ենք անընդունելի և խնդրում ենք գործադիրի հետ քննարկել այս ամենը. օրենսդիրը չի հասցնում ծանոթանալ հարցերին»,- ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս մտահոգություն հայտնեց. «Այս օրակարգով ներկայացված փաստաթղթերը պետք է անցնեն լուրջ քննարկում: Պպոչամբարների մասին օրենքի վերաբերյալ պետք է կազմակերպել նաև լսումներ: Այսպիսի ռեժիմում այսպիսի օրենքների ընդունումը շատ վտանգավոր է»:

ՀՅԴ խմբակցության մտահոգությունը հայտնեց Արծվիկ Մինասյանը` առաջարկելով երկու օրինագիծ հանել արտահերթ ռեժիմով քննարկումից: «Առաջարկում եմ արտահերթ նիստի օրակարգից հանել «Պետական պարտքի մասին» և «Ակցիզային հարկի» մասին օրենքների նախագծերը: Երկուսն էլ բացասական ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա, դրանք լուրջ քննարկման առարկա պետք է դառնան»,- ասաց նա:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ տեղեկացրեց, որ իր հանձնաժողովը չի հասցրել քննարկել կառավարության կողմից ուղարկված հարցերը:

Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, կիսելով գործընկերների տեսակետը, շեշտեց, որ նման օրակարգն անընդունելի է: «Իհարկե կառավարությունը իրավունք ունի արտահերթ նստաշրջան անելու, բայց մենք շարունակում ենք նախորդ կառավարության վատ ավանդույթը: 25 նախագիծ մեկ նստաշրջանում ընդունելու ենք առաջին, երկրորդ և երրորդ ընթերցմամբ: Սա անհնարին ռեժիմ է, ծայրահեղությունների չպետք է հասցնել»,- ասաց նա:

ՕԵԿ խմբակցությունը ևս դժգոհեց և անթույլատրելի համարեց նման օրակարգով աշխատելը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, որ կառավարությանը տեղյակ կպահեն պատգամավորների դժգոհության մասին: