կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-02 11:25
Քաղաքական

Վարչապետը հանձնարարականներ տվեց

Վարչապետը հանձնարարականներ տվեց

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանըներկայացրեց մայիսի 12-ին տված հանձնարարականի քննարկումների արդյունքները: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին վարչապետը հանձնարարել էր ՏՄՊՊՀ-ին` քննարկել մենաշնորհները, դրանց ազդեցությունը տնտեսության վրա և ներկայացնել առաջարկություններ:

«Մայիսի 12-ին հանձնարարական էի տվել էկոնոմիկայի նախարարությանը և առաջարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և ներկայացնել առաջարկներ: 

Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ:

Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը: Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այդպիսի կենտրոնացվածության թե՛ յուրահատուկ և թե՛ առավել ընդհանրական պատճառներ, որոնցից ընդհանրականի հաղթահարմանն էլ պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը: Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու:

Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն:

Ուղեցույցները պետք է զետեղվեն էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում: Ուղեցույցները երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրների մասով ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքնելու նպատակով: Թեժ գծին ստացված զանգերի վերահսկողությունը վերապահել վարչապետի վերահսկողական ծառայությանը: Թեժ գծով ստացված տեղեկատվության և դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսական կտրվածքով հրապարակել ամփոփ տեղեկատվություն: Պետական իշխանության մարմինների կողմից նման խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացման դեպքում հանձնարարում եմ անհապաղ այդ մասին տեղեկացնել կառավարության աշխատակազմին:

Հանձնարարում եմ պետական եկամուտների կոմիտեի նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների: Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա: Հսկողության պատշաճ կատարման համար մեկամսյա ժամկետում ստեղծել անհրաժեշտ մեթոդաբանություն և մեխանիզմներ:

Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ` թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը: Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը:

Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող և մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միևնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով:

Հանձնարարում եմ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամին` համագործակցելով բոլոր առնչվող գերատեսչությունների հետ եռամսյա ժամկետում ուսումնասիրել ներմուծման հետ առնչվող ընթացակարգերը և դրանց հնարավոր պարզեցման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ, մասնավորապես քննարկելով ինքնահայտարարագրման հնարավորությունների լայնացման, ինչպես նաև զանազան լաբորատորիաներից և ՊՈԱԿ-ներից ծառայությունների ձեռքբերման, սերտիֆիկատների տրամադրման պահանջները նվազագույնի հասցնելու հնարավորությունները: Այս խնդիրների ընթացիկ վերահսկողությունը դնում են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա»,- ասաց վարչապետը: