կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 12:35
Քաղաքական

Ինչո՞ւ հրաժարական տվեց նախկին վարչապետը. հարցերը մնում են` օդում կախված

Ինչո՞ւ հրաժարական տվեց նախկին վարչապետը. հարցերը մնում են` օդում կախված

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն կանխատեսումը, թե իշխանությունն այլևս ռեսուրս չունի, և վարչապետը ստիպված է լինելու կարճ ժամանակ անց հրաժարական տալ, նշեց, որ նման գնահատականներ ու հարցեր միշտ էլ կառաջանան, քանի դեռ չի հստակեցվում այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ հրաժարական տվեց նախկին վարչապետը:

 

«Քանի դեռ չկա հստակ պատասխան, թե ինչու հրաժարական տվեց նախորդ կառավարությունը, բոլոր հարցերը մնալու են օդում կախված: Եթե պատճառը վեր չի հանվում, անորոշություններ մնալու են, և նման հարցեր առաջ են գալու»,- ասաց նա` հավելելով, որ նոր կառավարության հետ կապված հույսերը մարեցին, երբ ներկայացվեց կառավարության ծրագիրը:

 

Արմեն Ռուստամյանը կրկնեց նախորդ օրվա ելույթում հնչեցրած իր միտքը, որ դեռևս մի փոքր հույս մնացել է, որ, ճանաչելով վարչապետին և կառավարության որոշ անդամների, որ այդ մարդիկ իրենց կենսագրության տերն են և ունեն պատասխանատվության զգացում, թույլ չեն տա, որ իրենց կենսագրության վրա բիծ լինի, եւ չեն գնա պրիմիտիվ քայլերի, որոնք կարճ ժամանակում կվարկաբեկեն նրանց:

 

«Շատ ուզում եմ, որ նրանք չձախողեն, որովհետև եթե ձախողեն, երկրի ճգնաժամը կխորանա, ինչը մենք չենք ուզում, որովհետև ձախողումների հետևանքները կրում են բոլորը: Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որն արյունահոսում է, ձախողման չափանիշները կապված են լինելու արտագաղթի տեմպերի հետ, եթե անգամ չխոսենք հայրենադարձության մասին: Օբյեկտիվ գնահատողը հասարակությունն է, եթե արտագաղթի դինամիկան չփոխվի, որեմն ամեն ինչ նույնն է մնալու, և կառավարությունն իսկապես ստիպված է լինելու հրաժարական տալ»,- ասաց Արմեն Ռուստամյանը: