|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դեռևս մայիսի 17-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ էր ընդունվել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան փաստի կապակցությամբ հարուցված` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանի և Անժելա Աբելյանի վերաբերյալ քրեական գործը: Սակայն դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ երեկ, նույն դատարանի որոշմամբ, գործը վերադարձվել է մեղադրողին:
Yerkir.am-ի հետ զրույցում Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը հայտնեց, որ ընդամենը մեղադրանքի հետ կապված տեխնիկական հարցեր կան` ճշգրտելու, որից հետո գործը կրկին կուղարկվի դատարան: Նշենք, որ գործը մեղադրողին վերադարձնելու համար դատարանը հիմք է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածը:
Համաձայն հիշյալ հոդվածի 1-ին կետի` գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից:
Նույն հոդվածի 2-րդ կետն էլ սահմանում է` գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, նշված ժամկետը չպետք է 3, իսկ մնացած դեպքերում` 7 օրվանից ավելի լինի: