Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստում ցուցմունք տվեց գործով դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչն է:
Դատարանում նա հայտնեց, որ այս գործով փորձաքննությունը կատարվել է 2015-ին: Փորձաքննությանը ներկա են եղել Մերի Մարգարյանի հայրը, ամուսինը, «Շենգավիթ» ԲԿ-ի փոխտնօրենը եւ այլք:
Հարությունյանը նշեց, որ ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբլոյանին չի ճանաչում, նրանց հետ աշխատանքային շփում չի ունեցել: Նաև ասաց, որ մինչ փորձաքննություն անցկացնելը լրատվամիջոցներից է տեղեկացել դեպքի մասին:
Ըստ Հարությունյանի` երբ Մերի Մարգարյանը դիմել է բուժօգնության, նրան պետք էր անմիջապես հոսպիտալացնել, քանի որ նա 35 շաբաթական հղի է եղել, ունեցել է ջերմություն: Մասնագետի խոսքով՝ Մերի Մարգարյանի մոտ առկա ախտանիշները, այն է՝ սրտխառնոց, փսխում, անհանգիստ վիճակ, հաճախասրտություն, հեստոզի նախանշաններ են՝ առանց լաբորատոր արդյունքների: «Վատը մտածելով՝ կարելի էր կանխել: Նա պետք է հոսպիտալացվեր, լիներ հիվանդանոցում՝ բժիշկների դինամիկ հսկողության տակ՝ անկախ անալիզների արդյունքներից»,- ասաց Հարությունյանը:
Նա հայտնեց, որ, եզրակացության արդյունքների համաձայն, հանձնաժողովը եզրակացրել էր, որ հուլիսի 29-ին անհրաժեշտ էր կատարել կեսարյան հատում, և որքան շուտ կատարվեր այդ գործընթացը, այնքան պտղին եւ ծննդկանին փրկելու հավանականությունն ավելի մեծ կլիներ:
«Աղջիկը հենց այնպես չի եկել, դիմել բժիշկներին, անհանգիստ է եղել: Պարտադիր չէ, որ նրա մոտ բոլոր ախտանիշներն առկա լինեին, հղիի պարագայում ամեն ախտանիշ իր պատճառն ունի»,- ասաց մասնագետը:
Հարությունյանի խոսքով՝ Մերի Մարգարյանի նկատմամբ կատարված` հուլիսի 24-ի հետազոտությունները դեռեւս հեստոզ ախտորոշելու հիմք չեն եղել, բայց այդ ժամանակ կարող էին մտածել դրա մասին: «Հուլիսի 26-ին նոր միայն մտածել են այդ մասին, բայց ճիշտ կլիներ, որ դա արվեր հուլիսի 24-ին: Երբ հայտնի էին բիոքիմիայի անալիզները, դա հիմք էր կեսարյան հատում կատարելու համար»,- ասաց մասնագետը` հավելելով, որ Մերի Մարգարյանը հիվանդանոց ընդունվելու պահից ունեցել է մեզի պակասություն, ինչը խոսում է երիկամային հնարավոր խնդրի մասին:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Շուշանիկ Բախշյանը, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:
Պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը: