կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-09 14:36
Իրավական

Մերի Մարգարյանի մահվան գործով մեկ գինեկոլոգի ևս մեղադրանք է առաջադրվել

Մերի Մարգարյանի մահվան գործով մեկ գինեկոլոգի ևս մեղադրանք է առաջադրվել

Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երկրորդ մեղադրյալն է ներգրավվել: Քննչական կոմիտեից yerkir.am-ին հայտնեցին, որ, որպես մեղադրյալ, ներգրավվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Որպես խափանման միջոց` ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև նույն հիվանդանոցի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քննությամբ հիմնավորվել է, որ Մերի Մարգարյանի հղիությունը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորվել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք: Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Շ.Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և նրան խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն` հերթական կոնսուլտացիայի, և, տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին, չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել են արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որոնց պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը: